Կա միայն այսօրը և ուրիշ ոչինչ․ չկա ո՛չ երեկ, ո՛չ վաղը․ Էռնեստ Հեմինգուեյ

Այսօր ամերիկացի հանրահայտ գրող և լրագրող, Նոբելյան մրցանակակիր  Էռնեստ Հեմինգուեյի հիշատակի օրն է։

Հեմինգուեյը կյանքի օրոք ստացել է Պուլիտցերյան և Նոբելյան մրցանակներ: Գրել է 11 վեպ, ավելի քան 20 պատվածքների ժողովածու, բազմաթիվ ակնարկներ և մեկ պիես: Նրա գրքերի հիման վրա նկարահանվել են ֆիլմեր և մուլտֆիլմեր: Նրա երեք վեպերը, պատմվածքների չորս ժողովածուները և երեք ոչ գեղարվեստական աշխատությունները հրատարակվել են հետմահու։ Հեմինգուեյի ստեղծագործություններից շատերը համարվում են ամերիկյան դասական գրականության նմուշներ։

Իր կյանքի ընթացքում Հեմինգուեյը անցել է բազմաթիվ դժվարությունների միջով և քանիցս կռիվ է տվել մահվան դեմ: Նա հիվանդացել է սիբիրախտով, մալարիայով, շաքարախտով, թոքաբորբով և մի շարք այլ հիվանդություններով: Երկու անգամ ավիավթարի է ենթարկվել և հրաշքով փրկվել:

Կյանքի վերջին տարիներին Հեմինգուեյը հաճախ բուժվել է հոգեբուժարաններում. տառապել է դեպրեսիաներից և պարանոյաներից: Նրան թվում էր, որ իրեն հետևում են հետախույզներ և ՀԴԲ-ի գործակալներ: Միայն գրողի մահից հետո է հայտնի դարձել, որ ՀԴԲ-ն նրան իրոք հետևում էր, և նրա կասկածները հիմքեր ունեին:

Էլեկտրաշոկով մի քանի թերապիաներից հետո Հեմինգուեյը կորցրել է հիշողությունը՝ խորասուզվելով ընկճախտի մեջ: Բոլոր փորձությունները հաղթահարելուց և մահվան ճիրաններից մի կերպ դուրս պրծնելուց հետո նա ինքնակամ վերջ է դրել կյանքին: 1961 թ.-ի հուլիսի 2-ին Հեմինգուեյը ինքնասպանություն է գործել:

Հեմինգուեյի ամենահայտնի ստեղծագործություններից են՝

«Գարնան տարափ», «Ֆիեստա», «Հրաժեշտ զենքին», «Ունենալ և չունենալ», «Ում համար է հնչում զանգը», «Ծերունին և ծովը», «Կղզի օվկիանոսում», «Էդեմի այգիներ»  և այլն։

Ներկայացնում ենք Էռնեստ Հեմինգուեյի հայտնի մտքերից
  • Ես սովորեցի երբեք չդատարկել իմ գրական ջրհորը, այլ միշտ կանգ առնել այն պահին, երբ ջրհորի խորքում դեռևս ինչ-որ բան մնացել է և թույլ տալ, որպեսզի այն գիշերը կրկին լցվի աղբյուրներից:
  • Կա միայն այսօրը և ուրիշ ոչինչ: Չկա ո՛չ երեկ, ո՛չ վաղը: Քանի՞ տարեկան պետք է դառնաս, որպեսզի իմանաս դա: Կա միայն ներկան, և եթե ներկան ընդամենը երկու օր է, ապա այդ երկու օրը քո ողջ կյանքն է, և դրանում ամեն ինչ չափի մեջ կլինի: Ահա թե ինչպես են ապրում մի ողջ կյանք երկու օրում: Եթե դադարես բողոքել ու պահանջել այնպիսի բաներ, որոնք երբևէ չես ստանալու, դու լավ կյանք կունենաս:
  • Ժամանակը չէ մտածել այն բոլոր բաների մասին, որոնք չունես, ավելի լավ է մտածիր, թե ինչ կարող ես անել ձեռքիդ տակ եղածով:
  • Ինքնասպանություն չգործելու բուն պատճառն այն է, որ դու գիտես, թե որքան քաղցր է նորից դառնում կյանքը, երբ դժոխքն ավարտվում է:
  • Տեղից տեղ մեկնելով՝ չես կարող փախչել ինքդ քեզնից:
  • Աշխարհում չկա գրքից ավելի հավատարիմ ընկեր:
  • Աշխարհը բոլորին է կոտրում, ու դրանից հետո շատերն էլ ավելի ամուր են դառնում: Բայց աշխարհը սպանում է նաև նրանց, ովքեր չեն կոտրվում: Աշխարհն առանց խտրականության սպանում է ամենալավերին, ամենաազնիվներին ու ամենաքաջերին: Իսկ եթե դու ոչ մեկն ես, ոչ էլ մյուսը, կարող ես վստահ լինել, որ միևնույն է, քեզ էլ կսպանի, միայն թե առանց ավելորդ շտապողականության:
  • Ամենալավ մարդիկ գեղեցիկի զգացում, ռիսկի գնալու խիզախություն, ճշմարտությունն ասելու հակում, զոհաբերության գնալու կարողություն ունեն: Ճակատագրի հեգնանքով նրանց արժանիքները խոցելի են դարձնում նրանց. նրանք հաճախ վիրավորվում են, երբեմն՝ կործանվում:
  • Քո մի մասնիկը մահանում էր ամեն տարի, երբ տերևները թափվում էին ծառերից, և դրանց ճյուղերը մերկ մնում քամուն, ցրտին և ձմռան լույսին դեմ հանդիման: Սակայն դու գիտեիր, որ գարունը կրկին գալու է, գիտեիր նաև, որ սառցակալելուց հետո գետը նորից վարարելու է: Երբ սառն անձրևները շարունակվեցին և սպանեցին գարունը՝ ասես մի երիտասարդ մահանար առանց որևէ պատճառի:
  • Եթե ամեն օր մի փոքր անհանգստանաս, դա մի քանի տարի կխլի քո կյանքից: Եթե ինչ-որ բան սխալ է, շտկիր այն, եթե կարող ես, սակայն սովորիր չանհանգստանալ: Անհանգստությամբ երբեք ոչինչ չես շտկի:
  • Խելացի մարդկանց շրջանում երջանկությունը հազվագյուտ երևույթ է:
  • Իբրև գրող՝ դու չպետք է դատես, այլ պետք է հասկանաս: