Մամեդյարովի պնդումները արժեզրկում են խաղաղ գործընթացի լրջությունը․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է  Ադրբեջանի ԱԳ նախարարի վերջին հայտարարությունը։

Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի ԱԳ նախարարի վերջին հայտարարությունը Վաշինգտոնում կայացած խորհրդակցությունների վերաբերյալ:

Պատասխան. Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Նման մոտեցումն ապակառուցողական է, ինչը արժեքազրկում է խաղաղ գործընթացի լրջությունը:

Ինչպես նշել էինք, դեռևս Վաշինգտոնի հանդիպումից առաջ, դրա ընթացքում քննարկվել են վերջին շրջանում ադրբեջանական կողմի պատճառով սրված իրավիճակի հանդարտեցման հարցեր: Համանախագահները կոչ են արել անմիջապես քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու համար խաղաղությանը նպաստող միջավայրը և պահպանելու հրադադարը, և այս ուղղությամբ հանդես են եկել հումանիտար ոլորտին և ռիսկերի նվազեցմանը վերաբերող հստակ առաջարկներով: Այս շրջանակից դուրս ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը հանգեցնում է եզրակացության, որ Ադրբեջանը մտադրված չէ իրականացնելու համանախագահների այդ կոչերը և առաջարկները:

Ավելին, այն պնդումը, որ բանակցությունները կարող են հաջող ծավալվել զինադադարի կանոնավոր խախտումների պայմաններում, լրջագույն վնաս է հասցնում կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին և խաթարում խաղաղ գործընթացը:

Հիշեցնենք, հունիսի 21-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպումից Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ  հայտարարել է, թե համանախագահները պաշտոնապես կողմերի քննարկմանն են ներկայացրել փաստաթուղթ, և որ խոսքն առաջարկների մասին է, «որոնք արդեն քննարկվել են»:

Մամեդյարովն ընդգծել է, որ առաջարկների էությունը շարադրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մարտի 9-ի հայտարարության մեջ:

Ադրբեջանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ շփման գծում իրավիճակը չի կարող խոչընդոտ լինել քաղաքական կարգավորման առարկայական բանակցությունների համար.

«Պարտադիր չէ, որ նախ խաղաղություն հաստատվի զորքերի շփման գծում, հետո միայն բանակցություններ ընթանան: Մենք պետք է էականացնենք բանակցությունները: Այս պահին մենք աշխատում ենք մարտի 9-ի համանախագահների հայտարարության հիման վրա: Այդ փաստաթղթի որոշ պահերի հետ մենք համաձայն ենք, որոշների հետ՝ ոչ: Այդ հայտարարության մեջ գրված է, որ առաջին հերթին, հայկական զորքերը պետք է դուրս բերվեն ադրբեջանական տարածքներից: Մնացած ամեն ինչ հնարավոր է լուծել ավելի ուշ: Վաշինգտոնում համանախագահները ներկայացրել են պաշտոնական փաստաթուղթ, 1-2 ամիս մենք պետք է աշխատենք դրա վրա»,- ասել է Մամեդյարովը:

 Նա նշել է, որ փաստաթուղթը պետք է լուրջ վերլուծության ենթարկվի, և որ  հակամարտության լուծումը պետք է լինի փուլային, առաջին հերթին անհրաժեշտ է «ազատել Ադրբեջանի օկուպացված տարածքները»: Ինչ վերաբերում է տարածաշրջանի անվտանգությանը, ապա Մամեդյարովը հնարավոր է համարում այնտեղ խաղաղապահ զորքեր մտցնելը: