Իսկ ոսոխն ուրախանում է ու շփում ձեռքերը՝ գնալով ավելի իրատեսական համարելով իր երազանքի իրականացումը

Վաշինգտոնում հունիսի 20-ին Հայաստանի ԱԳ նախարար  Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումից, ինչպես նաև դրան հաջորդած համանախագահների հայտարարությունից, որին անդրադարձել ենք մեր «Վաշինգտոնում Մնացականյանի և Մամեդյարովի հանդիպման արդյունքներից պետք է զգուշանալ, իսկ լավատեսության հիմքեր ահա թե ինչու չկան» հրապարակմամբ  (http://livenews.am/press/2019/14522/22/21/05/), հերթական անգամ պարզ դարձավ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից որևէ լուրջ ակնկալություն չենք կարող ունենալ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պահպանման, ոչ թե պատերազմի, այլ խաղաղության պատրաստվելու առումներով:

Բավական է փաստել թեկուզ միայն այն, որ հենց վերոնշյալ հանդիպման ժամանակաընթացքում (նկատի ունենք նաև դրան անմիջապես նախորդած ու հաջորդած մի քանի օրերը) սահմանային լարվածությունը շարունակվել է, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը մեկը մյուսի հետևից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Արցախի ՊՆ մամուլի ծառայության հրապարակած տեղեկատվության համաձայն, հակառակորդը հունիսի 16-22-ը ժամանակահատվածում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 190 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից ընդամենը մեկ շաբաթ առաջ՝ հունիսի 13-ին, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հայկական կողմը հերթական մարդկային կորուստն էր ունեցել՝ մահացու վիրավորում էր ստացել զինծառայող, 1999թ. ծնված Արտյոմ Վազգենի Խաչատրյանը:

Պարզ է նաև, որ այս իրավիճակում մեր հույսը պետք է դնենք, առաջին հերթին, մեր բանակի, նրա պրոֆեսիոնալ սպայակազմի, զինվորների, ռազմատեխնիկական հագեցածության, մեր երկրի տնտեսության զարգացման ու դրանով պայմանավորված հզորության և, իհարկե, հայկական զույգ հանրապետություններում բնակվող մեր հայրենակիցների, մեր ժողովրդի միասնականության վրա, բայց մենք ի՞նչ ենք անում…

Ի՞նչ… Ֆեյսբուքում, նաև կենդանի շփումների ընթացքում երկու բանակների բաժանված անխնա վիրավորում, նույնիսկ ամենավերջին բառերով հայհոյում ենք իրար, ծվատում միմյանց, թշնամանում իրար հետ նույնիսկ ավելին, քան հայն ու թուրքը կարող են թշնամանալ: Այսօր, առանց որևէ չափազանցության, շատ դեպքերում սեպ է խրվել նույնիսկ հարազատների և ընկերների միջև, սառնություն է առաջացել նրանց միջև, ամիսներով էլ իրար հետ չեն խոսում նույնիսկ հեռախոսով: Ու որևէ կողմից որևէ մեկը դրա վերջը չի տեսնում, կներեք, ոչ, մի կողմից ոմանք տեսնում և ասում են, որ դրա վերջը համազգային աղետն է լինելու, բայց նրանց լսող չկա, ու զուր են ղողանջում տագնապ գուժող եկեղեցու զանգերը: Իսկ ոսոխն ուրախանում է ու շփում ձեռքերը՝ գնալով ավելի իրատեսական համարելով Սևանա լճում լողանալու և Երևան հասնելու իր երազանքի իրականացումը:

Մեր երկրի տնտեսության զարգացման ու դրանով պայմանավորված հզորության ապահովման կարևորության մասին նշեցինք: Ո՞ւր է մեր երկրի տնտեսության և, առաջին հերթին, արդյունաբերության քիչ թե շատ էական զարգացումը, ո՞ւր են այդ ոլորտում խոշոր ներդրումները: 2018թ. առաջին եռամսյակի համեմատությամբ, այս տարվա նույն ժամանակաշրջանում արտասահմանյան ներդրումները պակասել են 90%-ով: Ինչի՞ մասին է հուշում սա…

Մեզ արդեն բաժանել են հեղափոխականների և հակահեղափոխականների, սպիտակների ու սևերի՝ նույնիսկ հաշվի չառնելով մեր կամքը և կոպտորեն անտեսելով, որ մեզանից շատերը ոչ թե «թավշյա հեղափոխության» հայտարարված արժեքներին, կոռուպցիային, թալանին վերջ տալուն և անցած ոչ թե 20, այլ շուրջ 30 տարում այդ ամենի գոնե հիմնական մեղավորներին օրենքի կամ դատարանի առջև կանգնեցնելուն են դեմ, այլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանի ներկայիս իշխանությունների գործունեությանը, իսկ մի շարք հարցերում՝ անգործությանը:

Հետևաբար մեզ, կարծում ենք, հասարակության գերակշիռ մասին «հակահեղափոխականներ» պիտակելը, հասարակական գիտակցության մանիպուլացմամբ և ապակողմնորոշմամբ ժողովրդի մի հատվածին մյուսի դեմ տրամադրելը, գրգռելը, սոցիալական ցանցերում ֆեյքերի բանակին (և ոչ միայն…) քսի տալը նրանց դեմ, ովքեր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անքննադատելի կուռք չեն ընդունում ու քննադատում են ներկայիս իշխանություններին, երկրում ներքին լարվածությունն այն մակարդակին հասցնելը, երբ նույնիսկ երիտասարդ աղջիկները չափուսահման կորցրած, տարիք ու սեռ չճանաչելով, իրենց հոր տարիքի տղամարդկանց լկտիաբար փողոցային հայհոյանքներ են ուղղում, ում կողմից էլ որ այս ամենը կազմակերպված ու հրահրված լինի, ազգային դավաճանությանը համարժեք, Հայաստանի և Արցախի ազգային անվտանգությանը սպառնացող արարքներ են, որոնց աղետալի հետևանքների դեպքում այդ ամենի հետևում կանգնածները պատասխանատվությունից չեն խուսափի: Բոլորը չէ, որ կհասցնեն ճողոպրել երկրից, թեև ճողոպրելն էլ շատերի համար փրկություն չի լինի…

 

Արթուր Հովհաննիսյան