Սևանից բաց կթողնվի 170 մլն խմ ջուր

2019-ին ոռոգման նպատակով Սևանա լճից բաց կթողնվի 170 մլն խմ ջուր։ Այս մասին որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության հերթական նիստում։

Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հարցի զեկուցման ժամանակ հայտնեց, որ այդ ծավալը նախատեսված է Արմավիրի Արարատի, Արագածոտնի, Կոտայքի մարզերի շուրջ 32 հա հողատարածքների ոռոգման համար։

«Այս տարի, չնայած նրան, որ ձնասակավ տարի էր, բայց գարնան ընթացքում մեր ջրամբարները բավարար չափով լցվածություն ունեն։ Բայց նաև ոռոգման համակարգն այնպիսին է, որ վերոնշյալ 4 մարզերի որոշ հատվածներ ջրելու համար քանի դեռ նոր, հավելյալ ջրամբարներ չենք կառուցել, Սևանից 170 մլն խմ ջուր թողնելը գյուղատնտեսության համար կենսական անհրաժեշտություն է»,– ասաց Պապիկյանը։

Նախարարը խոստացավ անել ամեն ինչ, որ ոչ միայն հավելյալ ջուր բաց թողնելու կարիք չլինի, այլև 170 մլն-ը ամբողջությամբ չօգտագործվի։

«Այս տարի նախորդ տարվա համեմատ մենք ոռոգման սեզոնը բարձր տրամադրությամբ սկսեցինք, որովհետև, ըստ էության, մեր բոլոր ջրամբարները լցված էին, և կարող ենք ասել, որ հիմա էլ այդ պրոցեսը չի ավարտվել, քանի որ ձյունն ամբողջությամբ հալված չէ, և ջրային ռեսուրսները դեռ կուտակվում են»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այդուհանդերձ, նրա խոսքով, եղանակն անկանխատեսելի է դառնում, ու չի բացառվում, որ ամառը նախատեսվածից ավելի շոգ կլինի։

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն էլ հայտնեց, որ շոգ եղանակի հետևանքով ջրամբարներում սկսվել է գոլորշիացման պրոցեսը, որի հետևանքով ջրի ծավալը նվազում է։ Վարչապետն առաջարկեց ջրամբարներում կիրառել աշխարհում վաղուց արդեն լայնորեն կիրառվող հակագոլորշիացման տեխնոլոգիաներ։

170 մլն խմ-ը ջրառի այն առավելագույն սահմանաչափն է, որը թույլատրված է «Սևանի մասին» ՀՀ օրենքով։ Դրանից ավելի ջուր բաց թողնելու համար կառավարությունը պետք է ստանա խորհրդարանի թույլտվությունը։

Հիշեցնենք, որ 2018 թվականի ամռանը երկրում ոռոգման ջրի խիստ պակաս կար։ Խնդրի լուծման համար ՀՀ կառավարությունն առաջարկել էր ջրառն ավելացնել 40 մլն խմ-ով և հասցնել 210 միլիոնի` նախատեսված 170 մլն խմ-ի փոխարեն։ 2018 թվականի օգոստոսի 29-ին խորհրդարանը հաստատել էր համապատասխան օրինագիծը։

Դեռ 2001 թվականին ՀՀ կառավարությունն սկսեց Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման միջոցառումներ իրականացնել։

Իշխանությունները նույնիսկ լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնական զարգացման և օգտագործման համալիր ծրագիրը հաստատելու մասին օրինագիծ մշակեցին, սակայն Սևանա լճի մակարդակը ցածր է մնում պահանջվող ցուցանիշից։

Հիշեցնենք, որ վերջին 10 տարվա ընթացքում Սևանա լճից լրացուցիչ ջրառ էր իրականացվել 5 անգամ։