Ռոբերտ Քոչարյանը դատական նիստին պնդեց հարցաքննել ՍԴ դատավորներին․ նիստը հետաձգվեց

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ընթացող դատական նիստի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ելույթ ունենալով՝ պնդեց, որպեսզի Սահմանադրական դատարանի երկու նախկին անդամները ներկայանան դատարան և հարցաքննվեն, քանի որ Քոչարյանին առաջադրված մեղադրանքում առկա դրույթներից մեկի համաձայն՝ նա մարտի 1-ի դեպքերի ժամանակ ՍԴ դատավորների վրա ճնշում է գործադրել։

Մինչև այդ էլ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդել էր հարցաքննել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին, Հրանտ Նազարյանին, Վլադիմիր Նազարյանին և Վալերի Պողոսյանին։

Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանն ասաց, որ քրեական գործում առկա չէ որևէ ցուցմունք, որը կհիմնավորի Սահմանադրան դատարանի անդամների նկատմամբ ենթադրյալ ճնշումներ գործադրելու համար մեղադրանքը։

«Առանց այդպիսի ցուցմունքների, բացառվում է, որ վարույթն իրականացնող մարմինը, դատախազությունը թույլ տային գործը հասներ դատարան և մեղադրանք առաջադրվեր։ Սա նշանակում է, որ կան ՍԴ անդամներ, որոնք հարցաքննվել են, սակայն որոնց ցուցմունքները թաքցվել են մեզնից, քանի որ առանց դրանց՝ մեղադրանք լինել չի կարող»,–ասաց Սահակյանը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ հայտարարեց, որ այս բոլոր հարցերի պատասխանը պետք է տրվեր քննություն իրականացնելու ժամանակ։

«Ես սա ուղղակի դիտում եմ որպես գիտակցված, մտածված, կողմնակալ մոտեցում  ամբողջ քննության ընթացքում, և քանի որ գործին ծանոթ եմ, կասեմ, որ ամբողջ գործի էությունը, գործի վարույթն իրականացվել է հենց այս ճանապարհով: Նույնիսկ մարդիկ հարցաքննվում են, երբ որ տեսնում են իրենց ուզած պատասխանը չկա, շատ կարճ են կապում, ուղղակի հաջող հարցեր չեն տալիս, չեն շարունակում, սա է գործի էությունը: Այն ժամանակ այս կարևոր դրվագի վերաբերյալ ուղղորդված քննություն են կատարել։ Ընդամենը հարկավոր էր հարցաքննել այդ մարդկանց»,- ասաց երկրորդ նախագահը՝ ընդգծելով, որ այս գործով ՍԴ նախկին դատավորներին հարցաքննության կանչելու անհրաժեշտություն կա։

Նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը մերժեց պաշտպանների միջնորդությունը՝ ասելով, որ այդ հարցին կանդրադառնա դատաքննության այլ փուլում։

Նշենք, որ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը կշարունակվի վաղը՝ մայիսի 15-ին, ժ․ 13։30-ին։