Վրաստանի նախագահական ընտրություններում թուրքերը՝ խաղացող, իսկ հայերը՝ խաղալիք

Առաջին հայացքից թվում է, թե վրացական հասարակությունը բավական անտարբեր է երկրի նախագահի թեկնածուների, նրանց վարած նախընտրական քարոզչության և նույնիսկ դեկտեմբերի 2-ին նախատեսված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հավանական հաղթողի ով լինելու նկատմամբ, ինչի մասին, մասնավորապես, անուղղակիորեն վկայում է ընտրությունների 1-ին փուլում ընտրողների կեսից պակասի մասնակցությունը։

Մյուս կողմից, շատերի գնահատմամբ, թեկնածուների միջև պայքարն ինչ-որ առումով կարելի է պայմանական համարել, դիտարկել որպես յուրատեսակ քաղաքական խաղ միևնույն ծագումնաբանությունը, կողմնորոշումը և արժեհամակարգն ունեցող թիմերի միջև։ Այնուամենայնիվ, Վրաստանում կրքերն աստիճանաբար բորբոքվելով, արդեն հասել են մի այնպիսի կետի, որ անկախ նրանից, թե արդյունքում ով կզբաղեցնի երկրի նախագահի պաշտոնը, կարելի է հասարակական-քաղաքական դժգոհությունն արտահայտող հետընտրական բուռն իրադարձությունների սպասել։

Հետընտրական գործընթացների տեսանկյունից առավել վտանգավորը և անկանխատեսելին էթնիկ բաղկացուցչի ներգրավումն է։ Ցանկացած բազմազգ պետության մեջ, որպիսին է նաև Վրաստանը, թե՛ ներքին, թե՛ հատկապես արտաքին դերակատարների կողմից իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար փորձեր են արվում քաղաքական-հասարակական գործընթացներին առավել սրություն հաղորդելու նկատառմամբ դրանք «հարստացնել» էթնիկ երանգներով։

Ըստ որոշ տեղեկությունների, ընտրական գործընթացների նկատմամբ անտարբերությամբ առանձնացող զանգվածը հիմնականում ներկայացված է երկրի տիտղոսային ազգաբնակչությամբ՝ վրացիներով, ինչը որոշ առումով տարօրինակ չէ, որովհետև բնակչության նշված հատվածը ընտրությունների ցանկացած ելքի պարագայում իրեն վտանգված չի զգում։ Երկու հիմնական ազգային փոքրամասնությունները՝ հայերն ու թուրքերը (այդ թվում՝ ազերիները) ավելի շահագրգիռ վերաբերմունք են ցուցաբերում ընտրությունների հարցում, քանի որ, ի վերջո, ամբողջ «կուժն ու կուլան» կոտրվելու է հենց նրանց գլխին։

Իսկ ինչպիսի՞ն են հայերի ու թուրքերի մոտեցումները, մոտիվներն ու վարքը խնդրո առարկա նախագահական ընտրություններում։ Թուրք տարրը, որը դեռևս 2000-ականների սկզբներին կազմում էր երկրի բնակչության մոտ 10%-ը (իսկ Սահակաշվիլու նախագահության օրոք ու դրանից հետո այն համալրվել է ևս 70-100 հազար թուրքերով), նախագահական ընտրություններում ցուցաբերում է հստակ միակողմանի դիրքորոշում՝ իր թեկնածուին տեսնելով ի դեմս Գրիգոլ Վաշաձեի։ Նման միասնականությունն, անշուշտ, վկայում է այն մասին, որ այս էթնիկ խումբը ղեկավարվում է արտերկրից (համոզված եմ, հասկանալի է, թե հատկապես որ երկրի մասին է խոսքը)։ Բացի ընտրությունների հարցում սեփական կողմնորոշման բացահայտ դրսևորումից, թուրք փոքրամասնությունն ակտիվորեն ներգրավվել է (չի բացառվում, որ հենց իրենք էլ նաև ղեկավարում են) հակահայկական քարոզչության մեջ, ինչի մասին են վկայում Վաշաձեի թիմակիցների ու թուրքամետ լրատվամիջոցների կողմից հնչեցվող բազմաթիվ մեղադրանքները հայերի հասցեին, թե իբր երկրի հայ բնակչությունը դեստրուկտիվ դերակատարություն ունի երկրում ընթացող կարևորագույն գործընթացներում։ Այդ մասին են վկայում նաև այն անհեթեթ հայտարարությունները, թե հայկական բնակավայրերն իրենցից վտանգ են ներկայացնում երկրում քաղաքացիական պատերազմի հրահրման հարցում, ավելին՝ իրենց հակառակորդ թեկնածուին՝ Սալոմե Զուրաբիշվիլուն, մեղադրում են հայամետության մեջ՝ նրա հայկական ծագման անլուրջ պնդումներով։ Այսինքն՝ Վրաստանի թուրքերը ղեկավարվելով դրսից, երկրի ներսում ցուցաբերում են խաղացողի որակներ։

Ի տարբերություն թուրքերի, հայերը դրսի դերակատարների կողմից թողնվել են ինքնահոսի, նրանք չունեն միասնական մոտեցումներ, տարանջատ են ու նույնիսկ համայնքի ներսում միմյանց նկատմամբ ցուցաբերում են թշնամական վերաբերմունք։ Նրանք կան և՛ Զուրաբիշվիլու, և՛ Վաշաձեի կողմնակիցների շարքերում, և՛ Ընտրությունների հանդեպ անտարբերների կազմում։ Այսինքն՝ ղեկավարվելով բացառապես ներքին խաղացողների կողմից, հայերը Վրաստանի քաղաքական-հասարակական գործընթացներում վերածվել են խաղալիքի։

 

 

Լևոն Անդրիասյան