Հակաքրդական բռնությունների ալիքը Թուրքիայում և իրաքյան եզդիների գնդակոծումները

Քրդական աղբյուրները տագնապ են հնչեցնում․ բացի նրանից, որ Թուրքիան ուժգնացնում է իր տարածքում քրդերի հետապնդումները, թուրքական բանակը նաև Իրաքում է ռազմական գործողություններ իրականացնում, ընդ որում, ոչ միայն քրդերի, այլև տեղի եզդիների դեմ։ Դա անուղղակի հետևանքը կարելի է համարել նրա, որ Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) փեշմերգեի պարտիզանները հենց Թուրքիայում ժամանակ առաջ վերսկսեցին թուրքերի դեմ իրենց գործողությունները, և պատերազմի ալիքները հասան Դիարբեքիրի նահանգ։

Հիմա Անկարան այնպիսի մասշտաբային գործողություններ է իրականացնում, որ դժվար է այդ բոլորը կապել միայն PKK–ի հետ։ Կարծում ենք, իր բացասական դերն ունեցավ նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումը, ըստ որի, Թուրքիան պետք է ազատի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) նախկին համանախագահ Սելահետդին Դեմիրթաշին։

Անկարան ձերբակալություններով և այլ միջոցներով քրդերին հետապնդելու մեծ կարշավ է ձեռնարկել։ Ընդ որում, ձերբակալվում են նաև Թուրքիայի քաղաքացի չհանդիսացող քրդերը։ «Mezopotamya» գործակալությունը դեկտեմբերի 6-ին հաղորդեց, որ Ստամբուլում, Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է Իրանի քաղաքացի, քուրդ երգչուհի Յալդա Աբբասին, ով պետք է հեռանար Թուրքիայից մշակութային միջոցառմանը մասնակցելուց հետո։ Աբբասին եկել էր Իրանի հյուսիս-արևելյան Խորասան նահանգից։ Ձերբակալության պատճառի մասին ոչինչ չեն հայտնում։

Ավելին․ «Kurdistan24» կայքը հայտնել է, որ դեկտեմբերի 10-ին Դիարբեքիր և Բաթման նահանգներում թուրքական ոստիկանությունը ձերբակալել է HDP կուսակցության առնվազն 53 անդամի։ Ձերբակալվածների մեծ մասը կանայք են։ Ըստ ամենայնի, նրանց ձերբակալել են կուսակից քաղբանտարկյալ ընկերներին սատարող հացադուլ կազմակերպելու պատճառով։ Դիարբեքիրում  ձերբակալել են 26 մարդու, Բաթմանում՝ 27, այդ թվում՝ մի 80-ամյա կնոջ։

Դեկտեմբերի 11-ին թուրքական Շիրնակ քաղաքի դատարանը 18 ամսվա ազատազրկման է դատապարտել նախկին քուրդ օրենսդիրներ, HDP-ի անդամներ Օսման Բայդեմիրին և Լեյլա Բիրլիկին՝ 2015թ․ ենթադրաբար կատարված խախտումների համար։ Պատգամավորներին, փաստորեն, դատել են 2015թ․ բողոքի ցույցերին մասնակցելու համար, երբ քրդերը դատապարտում էին թուրքերի ռազմական գործողությունները, իրենց տների ավերումը, պարետային ժամը, որ թուրքերը մտցրել էին երկրի հարավ-արևելյան նահանգներում դրանից մի քանի ամիս առաջ։ Երկու պատգամավորներն էլ Թուրքիայում հայտնի քուրդ գործիչներ են։ Ս․ թ․ ապրիլին Օսման Բայդեմիրը հեռացվել էր խորհրդարանից, ուր նա ներկայացնում էր Ուրֆա (Ուռհա, Եդեսիա) նահանգը։ Ձերբակալման հիմք էր համարվել նրա ելույթը 6-ամյա վաղեմության մի ցույցի ժամանակ, երբ Բայդեմիրը Դիարբեքիրի քաղաքապետն էր։ Այն ժամանակ նա թուրք ոստիկանության աշխատակիցներին, իբր, անվանել էր «ֆաշիստներ և մարդասպաններ»։ Իսկ արդեն մայիսին Օսման Բայդեմիրը դատապարտվել էր 1 տարի, 5 ամիս և 15 օրվա ազատազրկման՝ «ահաբեկչական կազմակերպության»՝ Թուրքիայում արգելված  PKK-ի քարոզչության մեղադրանքով։  Դրա նախապատմությունն էլ կա․ 2017թ․ դեկտեմբերին Բայդեմիրին զրկել էին պատգամավորական անձեռնմխելիությունից և տուգանել Թուրքիայի խորհրդարանի նիստի ժամանակ «Քուրդիստան» բառն օգտագործելու համար։ Ինչպես ասվում էր կառավարության հայտարարությունում, Բայդեմիրը տուգանվել է «ընդհանուր անցյալն ու պատմությունը վիրավորելու պատճառով»։

Ես բավականին մանրամասն գրեցի քուրդ Բայդեմիրի ձերբակալման ու դատապարտման մասին, որպեսզի մեզ մոտ՝ Հայաստանում, ոչ ոք՝ թե՛ «վերևներում», թե՛ «ներքևներում» երբևէ երազել անգամ չհամարձակվի, թե կկարողանա կարգավորել հարաբերությունները ներկայիս Թուրքիայի ու թուրքերի հետ։ Նույնիսկ խելագարի համար է հասկանալի, որ եթե «Քուրդիստան» բառը բարձրաձայնելը «ընդհանուր անցյալն ու պատմությունը վիրավորել» է նշանակում, ապա 1915-23 թթ․Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեր օրինական պահանջներն ընդհանրապես կգնահատվեն որպես ծանր հանցագործություն։ Այնպես որ, երևանյան թուրքասերներին կարող եմ խորհուրդ տալ՝ հանձնել անձնագրերն ու գնալ Թուրքիա․․․

Արդեն դեկտեմբերի 13-ին թուրքական ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Հյուսիսային Իրաքի Էրբիլ նահանգի Սինջար (Շանգալ) և Մախմուր շրջաններին, իբր PKK-ի պարտիզաններին հետապնդելու նպատակով։ Դա հաստատել է Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը։ Սակայն, Սինջարում, «Kurdistan24»-ի թղթակցի տվյալներով, ավիահարվածները հասցվել են խաղաղ բնակիչներով բնակեցված Շիլվ և Թալուզեր գյուղերին։ Եվ թուրքերը շատ լավ գիտեն, որ ամբողջ Սինջարի շրջանը եզդիների բնակության ավանդական վայր է, և ոչ թե՝ քրդերի։ Սինջարի եզդիները բազմիցս են պաշտոնապես հայտարարել, որ իրենց մոտ PKK-ի փեշմերգեի մարտիկների ռազմահանգրվաններ ու ճամբարներ չկան, բայց և այնպես, թուրքերը շատ անգամներ են գրոհել այդ շրջանը։ Այս անգամ, ինչպես պնդում է «Kurdistan24»-ը՝ հղում անելով Հյուսիսային Իրաքում գտնվող իր աղբյուրներին, ինքնաթիռները գնդակոծել են նաև փախստականների ճամբարը Մախմուրում, ուր հանգրվանել էին մեկ տասնյակ հազարից ավելի քուրդ փախստականներ Իրաքի Քուրդիստանի այլ շրջաններից։ Հնարավոր զոհերի մասին առայժմ չի հաղորդվում։

HDP կուսակցության քրդերի ձերբակալություններն ու հապճեպ դատավճիռները, Սելահետդին Դեմիրթաշին բանտից ազատելու մերժման ու մնացյալ տեղեկությունների հետ մեկտեղ, ստիպում են ենթադրել, որ պաշտոնական Անկարան պատրաստվում է Թուրքիայում լայնամասշտաբ պատերազմ վարել քրդերի դեմ։ Եվ բացառված չէ, որ անցանկալի քուրդ բնակչության նույնպիսի տեղային էթնիկ «զտումներ» կրկնվեն, ինչպիսիք թուրքերն իրկանացրել են 1915-23 թթ․ Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի ու Միջագետքի հայերի նկատմամբ։

Այսօր այդ հողերում անցկացվող ռազմական գործողությունների մասին ամբողջ տեղեկատվությունն արգելափակվում է թուրքական իշխանությունների կողմից։ Հյուսիսային Իրաքի մի շարք շրջանների վրա համաժամանակյա ավիահարվածներն, ըստ ամենայնի, նպատակ ունեն քրդերին թույլ չտալ փախչել Իրաքի Քուրդիստանի էթնիկ «զտումներից»։

 

Սերգեյ Շաքարյանց