Աշխարհը ստացավ Սիրիայում Արևմուտքի և Իսրայելի պարտության ևս մեկ ապացույց

ԱՄՆ-ը, ինչպես գիտենք, այս պահի դրությամբ իրանական նավթի արտահանման արգելանք չի դրել։ Թրամփը կես տարով հետաձգել է այդ հարցի լուծումը՝ հայտարարելով, որ 8 երկիր, նրանց թվում՝ Չինաստանը, կարող են գնել իրանական նավթը, առանց անհանգստանալու, որ իրենց հանդեպ կարող են կիրառվել երկրորդային պատժամիջոցներ։ Նման շրջադարձ համաշխարհային նավթա-գազային բիզնեսում ոչ ոք չէր սպասում, և արդյունքում նոյեմբերի 23-ին նավթի շուկայում գներն անկում ապրեցին։

Ինչպես հայտնի է, 2018թ․ հունիսին ОПЕК+ շրջանակներում նավթարդյունահանման ծավալներն ավելացնելու համաձայնություն էր ձեռք բերվել, քանզի սպասվում էր, որ իրանական նավթի արտահանման դեմ կոշտ պատժամիջոցները կհեռացնեն այն շուկայից, իսկ Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի համար հնարավորություն կստեղծվի ավելացնել նավթարդյունահանման ծավալները՝ առանց շուկային հարվածելու։ Սակայն, ԱՄՆ-ի նախագահը անսպասելիորեն փոխեց իր որոշումը, և գներն ընկան։ Թրամփը վաղուց էր ցանկանում այդ անկումը, որպեսզի խթանի ԱՄՆ-ի արդյունաբերության աճը, սակայն ոչ ոք չէր սպասում, որ նա դրան կհասնի Իրանի վրա ճնշումը թուլացնելու հաշվին։ «Թե ինչու այդպես ստացվեց» հարցի պատասխանը, հնարավոր է, գտնվում է ներկայումս Հյուսիսային Իրաքում գործող ամերիկյան երևելի հետախույզ Ալբերտ Վոլֆի «Demanding Iran’s Withdrawal From Syria Doesn’t Make Sense» («Անիմաստ է Իրանից պահանջել հեռանալ Սիրիայից») հոդվածում, որը հրապարակվել է Ատլանտյան խորհրդի կայքում։ Մերձավորարևելյան իրավիճակին քաջածանոթ Ալբերտ Վոլֆը բանավիճում է ԱՄՆ-ի նախագահի անվտանգության գծով տեղակալ Ջոն Բոլթոնի և «Իսլամական պետություն» (ԻՊ)  խմբավորման դեմ պայքարի միջազգային կոալիցիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրեթ ՄաքԳերքի հետ, ովքեր մեկ անգամ չէ, որ իրանական աշխարհազորայիններից պահանջել են հեռանալ Սիրիայից։

Վոլֆը նշում է, որ Սիրիայում իրանական ներկայությունից ազատվել ցանկացող Պետքարտուղարության ղեկավարները իրենց համար չեն պարզել, թե որոշակի ում են ուզում հեռացնել այնտեղից․ ԻՀՊ-ի ստորաբաժանումների՞ն, լիբանանյան «Հըզբոլայի՞ն», իրաքյան «Ալ-Խաշիդ աշ-Շահաբիի՞ն»։ Իսկ միգուցե նույնիսկ Սիրիայի «չափավոր ընդդիմադիրների՞ն», ովքեր հիմա միացել են Հեզբոլային։ Նույնիսկ սիրիական ստորաբաժանումներ կան, որոնք նվիրված են Իրանին, հիշեցնում է Վոլֆը, առաջարկելով Թրամփի աշխատակազմին սկզբում որոշել, թե ում չեն ուզում տեսնել Սիրիայում։ Նույնիսկ եթե նման որոշում կայացվի, գրում է Վոլֆը, ԱՄՆ-ը ստիպված կլինի ընտրություն կատարել 2 տարբերակների միջև․ կամ ուժեղացնել հակաիրանական պատժամիջոցները, կամ ավելացնել ամերիկյան զորախմբի քանակը Սիրիայում, ինչն ի վերջո կհանգեցնի իրանական զինվորականների ու նրանց դաշնակիցների հետ ուղիղ ընդհարմանը։ Այսինքն՝ այդ թվում նաև Ռուսաստանի հետ։

Պատժամիջոցների ուժեղացումը դժվար թե հնարավոր լինի, որովհետև ԱՄՆ-ին հիմա բավարար չափով չի սատարում միջազգային հանրությունը։ Իսկ եթե գնան Սիրիայում ամերիկյան զորախմբի քանակն ավելացնելու ճանապարհով, ապա «դա, Աֆղանստանից ու Իրաքից հետո կարող է դառնալ երրորդ ճահիճը՝ վերջին 17 տարիների ընթացքում, ուր կխրվեն Միացյալ Նահանգները»։

Այդ դեպքում ԱՄՆ-ին, նախազգուշացնում է փորձառու հետախույզը, «կսպառնան ոչ միայն Իրանը, այլև ռազմատենչ Ռուսաստանը և էլ ավելի ագրեսիվ Չինաստանը»։ Թրամփի աշխատակազմին Վոլֆն առաջարկում է մի քանի քայլ անել դեպի Իրանը, իսկ Սիրիան «ոչ ձևական ազդեցության գոտիների բաժանել Իրանի, Իսրայելի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև։ Տեխնիկապես Սիրիան կմնա որպես միացյալ պետություն, սակայն այդ արտաքին խաղացողներից յուրաքանչյուրը վետոյի իրավունք կունենա իր ասպարեզում»։ Եվ Սիրիայի բաժանման շրջանակներում Վոլֆը խորհուրդ է տալիս ջանքեր գործադրել «Մոսկվայի ու Պեկինի ուղեծրերից Թեհրանին հանելու համար»։

Դրան մոտ ուղղությամբ է տրամաբանում Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) վերլուծաբան Բրայան Կացը, ով ամերիկյան «Defense News» կայքում հրապարակած իր «Confronting the axis: Is the US prepared for a regional war with Iran and its allies?» («Առճակատում առանցքի հետ․ պատրա՞ստ է արդյոք ԱՄՆ-ը Իրանի ու նրա դաշնակիցների հետ պատերազմին») հոդվածում Իրանի համար շահեկան է գնահատում Իրաքում, Սիրիայում և Եմենում ստեղծված իրավիճակը․ «Իրանի միջամտությունն Իրաքում, Սիրիայում և Եմենում ընթացող պատերազմական գործողություններին՝ ձևափոխեց Իրան-Սիրիա առանցքի ուժն ու մասշտաբները։ Իրանի, «Հըզբոլայի» և սիրիական ռեժիմի բազմամյա գործընկերությունը վերաճել է ընդլայնված դաշինքի, որն իր մեջ հիմա արդեն ներառում է հզոր խմբավորումներ Իրաքից ու Եմենից։ Եվ այդ խմբավորումները, նկատենք, արդեն սովորական իրանական պրոքսիներ կամ «աշխարհազորայիններ» չեն։ Նրանք մի ուժային կենտրոն են դարձել, ուր համախմբվել են համատեղ պայքարի գաղափարակիցները, ինչը անմիջական սպառնալիք է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի շահերին։ Այդ պատճառով, Իրանին «հետ գցելու» իր ձգտման մեջ Վաշինգտոնը պետք է հաշվի առնի երեք պահեր»։

Կացը գտնում է, որ դրանցից առաջինն այն է, որ «առանցքը» հիմնավորապես «ամրացել է հողի վրա»։ Տարածաշրջանից Իրանին հեռացնելը լրացուցիչ ռազմական ջանքեր կպահանջի։ Երկրորդ․ ռազմական ուժ ստիպված կլինեն կիրառել ոչ միայն Իրանի, այլև ուժեղ ոչ պետական կազմավորումների դեմ։ Երրորդ․ պետք է հաշվի առնել ռազմական բախման ընդարձակման և նրա մեջ շատ կողմերի ներքաշման հնարավորությունը։ Օրինակ, ըստ  նրա, «Իսրայելական ռազմական գործողությունները Լիբանանում կարող են հանգեցնել «Հըզբոլայի» պատասխան քայլերին ոչ միայն Իսրայելի դեմ, այլ նաև ԱՄՆ-ի»։ Պենտագոնի ծրագրավորողները, գտնում է վերլուծաբանը, ստիպված կլինեն տարածաշրջանային պատերազմի ավելի բարդ նախագիծ մշակել, քան պատկերացնում էին մինչ այդ։

Կացը պատասխան չի տալիս այն հարցին, թե պատրա՞ստ են, արդյոք, Միացյալ Նահանգները կռվել Իրանի՝ տարածաշրջանային դաշնակիցների հետ կազմած հզոր դաշինքի դեմ։ Սակայն, նման պատերազմի ակնհայտ բարդությունները վերլուծաբանի կողմից մանրակրկիտ շարադրելը խոսում է այն մասին, որ ոչ, ԱՄՆ-ը պատրաստ չէ։

Եթե հետախույզ Վոլֆը քննադատում է տարածաշրջանում ԱՄՆ-ի ճակատային ռազմավարությունը, որը միայն ուժգնացնում է Իրանի ու նրա դաշնակիցների դիմադրությունը, ապա Կացը շեշտադրում է ամերիկյան զինվորականների անպատրաստությունը Իրանի հետ ուղիղ առճակատմանը՝ նույնիսկ օպերատիվ պլանավորման մակարդակում։

Վերջին ժամանակներս իրավիճակը Մերձավոր Արևելքում իրոք փոխվել է ոչ  հօգուտ ԱՄՆ-ի․ դրանում Վոլֆն ու Կացը համամիտ են։ Ամենից հավանական է, որ Վաշինգտոնը, համոզվելով քիչ արյամբ ռազմական հաղթանակի անհնարինության մեջ, կանցնի անուղղակի գործողությունների ռազմավարությանը։ Արդեն հիմա ԱՄՆ-ը փորձում է ճակատներով իրար զարկել իր երկու աշխարհաքաղաքական հակառակորդներին՝ Իրանին ու Չինաստանին։

Սակայն, աշխարհը ստացավ Սիրիայում Արևմուտքի և Իսրայելի պարտության ևս մեկ ապացույց՝ այն էլ ամերիկյան հետախույզ Վոլֆի շուրթերից։ «Չափավոր ընդդիմություն» կոչվածն այն մարդիկ ու խմբերն են, որոնց աճեցնում էր Արևմուտքը, հովանավորում էին Իսրայելը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան։ Եվ հիմա «չափավոր ընդդիմադիր» սիրիացիների որոշակի զանգված միավորվում է լիբանանյան «Հըզբոլա» կուսակցության ջոկատների հետ։ Դա Իրանի ևս մի հաղթանակն է տարածաշրջանում։

 

Սերգեյ Շաքարյանց