Բաղրամյան պողոտայում և Դեմիրճյան փողոցում գիշերն անցել է խաղաղ, ԱԺ մուտքերը շարունակում են փակ մնալ. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

«Շարունակում է փակ մնալ Ազգային ժողովի մուտքերը: Ազգային ժողովը շրջափակված կմնա այնքան ժամանակ ու կբացվի միայն այն ժամանակ, երբ  քաղաքական մեծամասնությունը կգա խորհրդարան՝ գերագույն գլխավոր դավաճանի հրաժարականով»,- Դեմիրճյան փողոցից  ուղիղ եթերում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:

Նա նշեց, որ գիշերը Բաղրամյան պողոտան և Դեմիրճյան փողոցը քաղաքացիները փակ են պահել, գիշերն անցել է խաղաղ, առանց միջադեպերի:

Ի. Սաղաթելյանի խոսքով, վաղ առավոտից մարդիկ սկսել են մաքրել փողոցները՝ պատրաստվելով այսօր ժամը 16:00 կայանալիք հանրահավաքին:

«Հետքայլ չկա, հոգնել չկա, մինչև վերջ գնալու ենք, քայլ առ քայլ, հետևողական քայլերով հեռացնելու ենք այս չարիքի կառավարությանը: Մեր երկիրը գտնվում է վճռական ու կարևոր հանգրվանի մեջ, միասին հաղթահարենք ու դուրս գանք այս իրավիճակից»,- ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգողը: