Հունաստանը Թուրքիայի հետ լարվածության պայմաններում կերկարացնի զինծառայողների ծառայության ժամկետը

Հունաստանը մայիսից կերկարացնի ժամկետային զինծառայողների ծառայության ժամկետը՝ իննից հասցնելով տասներկու ամսվա` Թուրքիայի հետ լարվածության պայմաններում, որպես զինված ուժերն ամրապնդելու ծրագրի մի մաս: Այս մասին  հայտնում է ekathimerini.com-ը:

Այսպիսով բանակում ծառայության ժամկետը կհամապատասխանեցվի նավատորմի և օդուժի զորակոչիկների ծառայության տևողությանը:

Իննամսյա ժամկետն ուժի մեջ կմնա միայն բանակի այն զորակոչիկների համար, ովքեր կամավոր են միանում հատուկ նշանակության ծառայություններին կամ իրենց ծառայության ամբողջ ընթացքում ծառայություն են անցնում սահմանամերձ շրջաններում:

Անցած տարի Հունաստանը սկսել է ռազմական ոլորտի արդիականացման խոշոր ծրագիր իրականացնել, որում ներառված է նաև F-16 կործանիչների բազայի նորացումը, ինչպես նաև նոր սերնդի, ֆրանսիական արտադրության Rafale ինքնաթիռների ներկրումը։

Հունաստանը և Թուրքիան տարաձայնություններ ունեն ծովային սահմանների և օգտակար հանածոների իրավունքների շուրջ Էգեյան ծովում և Միջերկրական ծովի Արևելքում, ինչն անցած տարի տարածաշրջանում լարվածության առաջացման պատճառ էր դարձել: