Ամեն երեքշաբթի մենք այստեղ աշխատանքի ենք գալիս. Սեյրան Օհանյանը՝ դատարանի բակում հավաքված աջակիցներին
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, Աննա Դանիբեկյանի նախագահությամբ (Շենգավիթի նստավայր), շարունակվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։
Այս գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։
Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հավաքվել են դատարանի բակում և ակցիա են անում:
Դատարանի մուտքի մոտ նրանք ծափահարություններով դիմավորեցին Սեյրան Օհանյանին և Յուրի Խաչատուրովին:
«Շնորհակալ ենք, որ այստեղ եք, որ մեզ հետ եք: Ամեն երեքշաբթի մենք այստեղ աշխատանքի ենք գալիս: Երկար է տևում, ամեն մեկդ գնացեք ձեր գործերով: Շնորհակալ ենք, որ մեզ հետ եք, միասին հասնելու ենք հաջողության»,- ասաց Ս. Օհանյանը:
«Մինչև վերջ ձեզ հետ ենք»,- արձագանքեցին հավաքված քաղաքացիները:
«Ազգ, բանակ, հաղթանակ»՝ վանկարկում են դատարանի դիմաց հավաքված քաղաքացիները: