Պահպանել ջեռուցման նորմերը․ ԱԱՏՄ-ն գրությամբ դիմել է պատկան մարմիններին

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետին և ՀՀ բոլոր մարզերի ղեկավարներին՝ խնդրելով վերջիններիս հանձնարարականը համապատասխան ստորաբաժանումներին՝ դպրոցներում ջեռուցման նորմերի պահպանման անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը: Նպատակը վարակիչ և ոչ վարակիչ զանգվածային հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման նպատակով մայրաքաղաքում և մարզերում հանրակրթական հաստատություններում սովորողների շրջանում ձմռանը մրսածության գործոնով պայմանավորված հիվանդությունների առաջացման և տարածման կանխարգելումն է։

ԱԱՏՄ ղեկավարի գրությամբ կարևորվել է անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկումն ու իրականացումը՝ ապահովելու ՀՀ առողջապահության նախարարի 2017 թ․ մարտի 28-ին N 12-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ» N 2.2.4-016-17 սանիտարական կանոնների և նորմերի պահանջներով սահմանված ջերմային ռեժիմը, այն է՝ դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում (բժշկի կաբինետ), մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում` առնվազն 18-22 աստիճան, ուսումնական արհեստանոցներում, նախասրահում, հանդերձարանում և ռեկրեացիաներում ցուրտ եղանակային պայմաններում՝ առնվազն 18-20 աստիճան, իսկ մարզադահլիճում՝ 17-19 աստիճան:

Նշված սանիտարական կանոնների և նորմերի 46-րդ կետի համաձայն՝ հաստատությունում վառարանային ջեռուցում չի թույլատրվում։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իր կանոնադրական գործառույթների շրջանակում վերահսկում է ջեռուցման նորմերի պահպանումը ուսումնական հաստատություններում։ Վերջիններս ԱԱՏՄ մասնագիտական խմբերի ստուգայցերի դիտակետում են՝ նկատի առնելով, որ դեկտեմբերի 7-ից կվերսկսվի առկա կրթությունը հանրակրթական ուսումնական հաստատությունների նաև 5-12-րդ դասարանների սովորողների համար՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի N 24-Ն հրամանով հաստատված պահանջների պահպանմամբ:

Տեսչական մարմինն ուսումնական հաստատություններում դիտարկում է նաև Covid-անվտանգության նորմերի պահպանումը։ Վերջիններիս և ջեռուցման նորմերի խախտումների վերաբերյալ բողոքներով ու հարցերով կարելի է դիմել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի թեժ գծին՝ 8107 հեռախոսահամարով։

Նշվում է, որ նախորդ տարիներին ջեռուցման նորմերից շեղումների տասնյակ ահազանգեր են ստացվել, հարուցվել են վարչական վարույթներ։