Ինչու քառօրյայի ժամանակ «Իսկենդերը» չկրակեց (տեսանյութ)

Գերմանիայում Քառօրյա պատերազմից անմիջապես հետո 1980-ական թվականների զենքի մասին իր արած հայտարարության շահարկումների մասին խոսելով՝ այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ երրորդ նախագահն ասաց՝  շահարկողները նրանք էին, որոնք լավ չէին պատկերացնում, թե ինչ ասել է՝ 80-ականների զենք։

«Եթե իմ ասածը թարգմանենք դիվանագիտական լեզվով, ապա ասելիքը հետևյալն էր՝ հարգելի ԵԱՀԿ անդամներ, անկախ այն հանգամանքից, որ դուք աչք եք փակում  Ադրբեջանի՝ մինչև ատամները զինվելու հանգամանքի վրա, մեր մարտիկները կարողանում են պաշտպանել իրենց հայրենիքը։

․․․Դուք ունեք բոլոր հնարավորությունները պարզելու, կա՞ աշխարհում մի բանակ, որը չունի 80-ականների զենք։ Եթե կգտնեք այդպիսի բանակ՝ ամենաժամանակակաից բանակների թվում, ապա ես կհայտարարեմ, որ այդ գործից ընդհանրապես ոչինչ չեմ հասկանում։  Նույնիսկ այսօր ոչ միայն մեր զինված ուժերի զինանոցում են 80-ականների զենքերը, այլև ամենահարուստ և ամենամեծ ապահովություն ունեցող զինված ուժերի»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ փաստելով, որ այսօր էլ հայկական բանակի գրեթե ողջ զրահատեխնիկան, հրաձգային զենքերը 80-ականների են։ Ավելին՝ մեր բանակի ու նաև շատ բանակների՝ ԱՄՆ, Իսրայելի սպառազինության մեջ այսօր էլ անգամ 40-ականների, 50-ականների զենքեր են առկա։

Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու քառօրյայի ժամանակ «Իսկենդերը» չկրակեց, Սերժ Սարգսյանն ասաց, որ Քառօրյա պատերազմն առաջին հերթին լայնածավալ պատերազմ չէր, և եթե այդ ժամանակ օգտագործեինք զենքի այդ տեսակը, ապա դա կնմանվեր ճնճղուկների վրա արձակված թնդանոթային կրակոցին։ Նրա հավաստմամբ՝ մեր ունեցած մյուս հեռահար միջոցները գտնվում էին իրենց կրակակետերում և պատրաստ էին կատարելու ցանկացած հրաման, պարզապես դրա անհրաժեշտութունը չեղավ։

Մանրամասները՝ տեսանյութում