Եթե ապրիլյան ռազմական գործողությունները երկարաձգվեին, մենք անպայման ճանաչելու էինք ԼՂ անկախությունը (տեսանյութ)

Փառք Աստծո, այդ ռազմական գործողությունները տևեցին ընդամենը 4 օր։ Եթե երկարաձգվեին, ապա անպայման մենք ճանաչելու էինք Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որովհետև ակնհայտ էր դառնալու, որ մենք հաստատակամ ենք իրագործել նաև մեր այն խոստումը, որ տվել էինք մեր ժողովրդին․ այն է՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը հանդիսանում են Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավոր, և Հայաստանն ամեն ինչ օգտագործելու է, որպեսզի պաշտպանի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։

Այսօր պաշտոնաթողությունից հետո երկու տարի անց կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի պատասխան տվեց Սերժ Սարգսյանը լրագրողի հարցին, թե ինչու ապրիլյան իրադարձությունների ժամանակ Հայաստանը չճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունն այն դեպքում, երբ մինչև այդ ինքը՝ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ եթե Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ քաղաքականությունը, Հայաստանին այլընտրանք չի մնում, քան ձեռնարկել անհրաժեշտ իրավական քայլեր կապված Լեռնային Ղարաբաղի հետ։

«Այնպես որ, հիմա էլ ես համոզված եմ՝ եթե իրոք լինի լայնածավալ պատերազմ, ապա Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը,- ասաց նա՝ հավելելով,- երբ  առաջին օրը մենք մեր հրամանատարների և զինվորների հաստատակամությամբ կասեցրել էինք ադրբեջանցիների հարձակումը, ավելորդ փութաջանությունն այդ հարցում կարող էր խոչընդոտել մեր հետագա դիվանագիտական հաջողություններին»։

Իսկ որ հետագայում քառօրյան վերածվեց նաև մեր դիվանագիտական հաղթանակի, նախագահը դրանում որևէ կասկած չունի։

Մանրամասները՝ տեսանյութում