Փաշինյանի «ումնի» կորոնավիրուսները

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը BBC-ի HARDtalk ծրագրին տված հարցազրույցում, որից հատվածներ է ներկայացրել BBC-ի ռուսական ծառայությունը, հայտարարել է, որ համաձայն չէ, թե կորոնավիրուսի դեմ պայքարի իր կառավարության գործողությունները ձախողում էին:

Թերևս բոլորին էլ հասկանալի է, որ տվյալ հարցում Փաշինյանի համաձայն լինել-չլինելը չունի որևէ նշանակություն, էականը, վճռորոշը ՀՀ առողջապահության նախարարության ու պարետատան կողմից պաշտոնապես հրապարակվող թվերն են Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի ու նշված հիվանդության հետևանքով մահվան դեպքերի վերաբերյալ:

Թեև այդ պաշտոնական թվերը բնավ չեն արտահայտում թե՛ SARS-CoV-2-ով վարակվածների, թե՛ COVID-19-ով հիվանդացածների, թե՛ նոր կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացածների իրական թվաքանակները, բոլոր հիմքերն ունենք պնդելու, որ դրանցից պակաս են, այնուհանդերձ, եթե հաշվի առնենք ՀՀ բնակչության փոքր, 3 միլիոնի չհասնող քանակը, պաշտոնապես հրապարակված ցուցանիշները խայտառակ բարձր են և վկայում են հենց այն մասին, որ նոր կորոնավիրուսի դեմ պայքարի Փաշինյանի գլխավորած կառավարության գործողությունները ձախողում են:

Ահավասիկ այսօր առավոտյան ժամը 11-ի դրությամբ այն թվերը, որոնք հրապարակվել են ՀՀ պարետատան «Կորոնավիրուսի դեմ պայքարի միասնական տեղեկատվական հարթակ» կոչվող կայքում նոր կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի ընդհանուր քանակը` 41 299, նշված հիվանդության հետևանքով մահվան դեպքերի քանակը` 814:

Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը, ըստ ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած պաշտոնական տեղեկատվության, 2020թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմում է 2 963 000 մարդ: ՀՀ մշտական բնակչության թվաքանակը բաժանելով Հայաստանում մինչ այսօր ժամը 11-ը նոր կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի ընդհանուր քանակի` 41 299-ի վրա, ստանում ենք 71.745079, այսինքն` Հայաստանի յուրաքանչյուր 72 բնակչից մեկն արդեն հիվանդացել է COVID-19-ով:

Առ այսօր COVID-19-ով հիվանդացածների քանակով Բրազիլիան աշխարհում գտնվում է 2-րդ տեղում: Այսօր ԱՄՆ-ի Ջոն Հոպկինսի համալսարանի` COVID-19-ի առնչությամբ բացված և ողջ աշխարհի տվյալները ներկայացնող կայքում օգոստոսի 14-ի ժամը 15:27-ի դրությամբ հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն, Բրազիլիայում նոր կորոնավիրուսով հիվանդության հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմում է 3 224 876:

Բրազիլիայի բնակչությունը 2020թ., վերջին տվյալների համաձայն, կազմում է 217 776 418 մարդ: Բրազիլիայի բնակչության թվաքանակը բաժանելով այդ երկրում մինչ օգոստոսի 14-ը նոր կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի ընդհանուր քանակի` 3 224 876-ի վրա, ստանում ենք 67.530168, այսինքն` Բրազիլիայի յուրաքանչյուր 68 բնակչից մեկն է հիվանդացել է COVID-19-ով: Ինչպես նկատելի է, 68-ից Հայաստանի ցուցանիշի` 72-ի տարբերությունը մեծ չէ, մինչդեռ, ինչպես արդեն նշեցինք, խոսքը COVID-19-ի հաստատված դեպքերի քանակի առումով աշխարհում 2-րդ տեղում գտնվող Բրազիլիայի մասին է:

ՌԴ մշտական բնակչությունը կազմում է 146 607 459 մարդ: ԱՄՆ-ի Ջոն Հոպկինսի համալսարանի հիշյալ կայքում օգոստոսի 14-ի ժամը 15:27-ի դրությամբ հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն, Ռուսաստանում նոր կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմում է 910 778: Ռուսաստանը COVID-19-ի դեպքերի քանակի առումով աշխարհում 4-րդ տեղում է: ՌԴ բնակչության քանակը բաժանելով այդ երկրում մինչ այսօր COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր քանակի վրա, ստանում ենք 160.96948, այսինքն` մինչ այսօր Ռուսաստանի յուրաքանչյուր 161 բնակչից մեկն է հիվանդացել է COVID-19-ով` ի տարբերություն Հայաստանի 72-ի: Ռուսաստանում COVID-19-ի հաստատված դեպքերի քանակն ավելի քան 2 անգամ քիչ է, քան Հայաստանում:

Թե՛ COVID-19-ի հաստատված դեպքերի, թե՛ նոր կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան դեպքերի քանակի առումով Հայաստանի ցուցանիշներն էլ ավելի ու խայտառակորեն բարձր են Վրաստանի, Ադրբեջանի և աշխարհի բազմաթիվ այլ երկրների համեմատ: Պատահական չէ, որ Փաշինյանը նույն հարցազրույցում չի մեկնաբանել այն փաստը, որ հարեւան Վրաստանում մի քանի անգամ ավելի քիչ է COVID-19-ի հաստատված դեպքերի քանակը: Կանգնած լինելով անհերքելի փաստերի առջև, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը հայտարարել է, թե դեռ վաղ է գնահատականներ տալ:

Հարցին, թե կորոնավիրուսի ամենաթեժ շրջանում, երբ նա դիմակների ռեժիմին չհետևելու համար անձամբ հանդիմանում էր քաղաքացիներին, ինչո՞ւ են նրան առանց դիմակի նկատել բանկետի ժամանակ, Փաշինյանն ասել է, որ հետեւել է այն տարածքի կանոններին, որտեղ անցկացվում էր միջոցառումը:

«Այդ օրը մենք գործում էինք կանոնների համաձայն, որոնք գործում էին Լեռնային Ղարաբաղում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Իսկ ի՞նչ է` կորոնավիրուսները խելացի՞ էին, մարդկային բանականությո՞ւն ունեին, որ իրենք էլ գործեին Արցախում այդ ժամանակ գործող կանոնների համաձայն, որոնցով պարտադիր չէր շնչադիմակների կրումը, այսինքն` հաշվի առնելով, որ Փաշինյանը, ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը և ՀՀ պատվիրակության այլ անդամներ շնչադիմակներով չեն, նրանց չվարակեին: Գոնե հիմա հասկանալի՞ է ՀՀ մերօրյա իշխանությունների ողջ «պերճանքն» ու թշվառությունը…

Արթուր Հովհաննիսյան