Հայոց աշխարհում շարունակվում է մի քանի տասնամյակ առաջ բռնկված հրդեհը, որի կրակը տակից է ու, ցավոք, քչերին տեսանելի

Հայաստանում «թավշյա հեղափոխություն» կոչվածից հետո աղանդների համար ստեղծվել են առավել ջերմոցային պայմաններ: Ներկայիս բարձիթողի վիճակում միամտություն կլինի կարծելը, թե նրանցից որոշները սոսկ հոգեորսությամբ են զբաղվում, թեև միայն հոգեորսությունն էլ արդեն իսկ լուրջ սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը:

Հայաստանն ունի ազգային անվտանգության ծառայություն, ԱԱԾ տնօրեն, աշխատակիցներ, որոնք, սակայն, սոսկ մասամբ են զբաղված մեր ազգային անվտանգության ապահովմամբ: Հոգևոր անվտանգությամբ, եթե չնչին բացառությունները չհաշվենք, նաև դեղորայքային անվտանգությամբ և սննդամթերքի անվտանգությամբ նրանք չեն զբաղվում, կարծես նենգադուլ հայտարարած լինեն, մինչդեռ նշված ոլորտներն առաջնային նշանակություն ունեն, առանց դրանց, ազգային անվտանգության ապահովման մասին խոսք չի կարող լինել: Կոռուպցիայի դեմ պայքարը, անշուշտ, կարևոր է, սակայն ԱԱԾ-ն միայն դրա և Փաշինյանի, նրա շրջապատի նկատմամբ հնարավոր ահաբեկչությունը կանխելու համար չէ:

Փաշինյանական իշխանությունը, ինչպես ՀՀ նախկին իշխանությունները, քայքայիչ և ամբողջատիրական աղանդների խաթրին կպնելու, նույնիսկ նրանց գործունեությունը վերահսկելու մտադրություն չունի: Կարելի է ասել ճիշտ հակառակը` ներկայիս իշխանությունը մեր երկրում աղանդների գործունեությունը խրախուսող քաղաքականություն է վարում: «Հայոց պատմություն» առարկայի առարկայական չափորոշիչներում նույնիսկ «աղանդներ» բառը չի օգտագործված, քանի որ ներկայիս իշխանավորներից ոմանք հենց իրենք են աղանդավոր, նշված բառի փոխարեն գրված է «ոչ պաշտոնական քրիստոնեական ուսմունքներ»:

Ինչ վերաբերում է ընդդիմությունը, վերջինս ժամանակ ու հնարավորություններ չունի աղանդներով զբաղվելու, ամբողջովին զբաղված է ներքաղաքական պայքարով, իր հանդեպ քաղաքական հալածանքներին, ինչպես նաև մեր ազգային անվտանգության հանդեպ իրար հաջորդող, երբեմն զուգահեռվող այլ սպառնալիքներին դիմակայելու փորձերով:

Հայոց աշխարհում շարունակվում է մի քանի տասնամյակ առաջ բռնկված հրդեհը, որի կրակը տակից է ու, ցավոք, քչերին տեսանելի: Գաղափարական, որոշ դեպքերում նաև նյութական խայծերի միջոցով աղանդավորական մի շարք կազմակերպություններ որսում են մեր ժողովրդի միամիտներին, ինչպես նաև համագործակցում չարամիտների հետ: Քանի որ պետությունն ու Հայ Առաքելական Եկեղեցին հանդուրժում են ներկայիս իրավիճակը ու չեն կատարում այն քայլերը, որոնք կարող են ու պետք է կատարեն, վտանգավոր աղանդները շարունակում են ավեր ու քայքայում սփռել նաև մեր քրիստոնեական հինավուրց հողում: Անցած երկու տասնամյակն ապացուցեց, որ ինքըզինքը զորացնելու, իր համայնքները, հոտերը զորացնելու, աղանդների դեմ ուղղակի պայքարից հրաժարվելու և «չպայքարելով պայքարելու» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ռազմավարությունը կամ մեթոդն իրեն չի արդարացրել, եղել է անարդյունավետ:

Աղանդավորական կազմակերպությունները Հայաստանում այսօր պետություն են պետության մեջ: Նրանց մի մասը գործում է կրոնական կազմակերպության անվան տակ, մինչդեռ նրանցից յուրաքանչյուրը, ըստ էության, հակակրոնական կազմակերպություն է, քանի որ չի հանդիսանում այն ճանապարհը, որը տանում է դեպի Աստված: Աղանդավորական մի շարք կազմակերպություններ գործում են հասարակական կազմակերպությունների, բարեգործական հիմնադրամների անվան տակ, ուրիշներն իբրև կրթական համալիրներ: Այդպիսիններից են մունականները, «Տրանսցենդենտալ մեդիտացիան», «Սայենթոլոգիայի եկեղեցին»…

Օրինակ, մունականների ամբողջատիրական աղանդը Հայաստանում գրանցվել է իբրև հասարակական կազմակերպություն` իր հանդեպ դրական տրամադրվածություն առաջացնող «Ամբողջ աշխարհում խաղաղության ու միասնության համար ընտանիքների դաշնություն» անվամբ, սակայն կառավարությունը, արդարադատության նախարարության համապատասխան կառույցը երբևէ չեն էլ փորձել պարզել, թե նշված ՀԿ-ն հասարակակա՞ն գործունեությամբ է զբաղվում, թե…  Մունի լարած թակարդն ընկնողների համար այլևս դժվար է դրանից դուրս գալը: Աղանդը գրավում է մարդկանց ու, հատկապես, հայի համար զգայուն ու կարևոր ընտանիքի թեման բարձրացնելով, հայ երիտասարդներին հավաքագրում է` խոստանալով «իսկական սեր, հաջող ամուսնություն և ամուր ընտանիք»;

Ի վերջո, կան նաև առևտրային կազմակերպությունների անվան տակ գործունեություն ծավալող ու «Բարի…» ներկայացող աղանդավորական կազմակերպություններ: Մեծ թիվ են կազմում նաև ընդհատակյա գործող կազմակերպությունները:

Խարիզմատների մի ճյուղին` «Կյանքի խոսք» աղանդին դեռ 15 տարի առաջ անդամագրվածների թիվը, ըստ տվյալ ոլորտի գիտակ Ալեքսանդր Ամարյանի, հասնում էր 10-11 հազարի, չհաշված աջակցողները: 2018 թվականին նրանք մեծ դեր կատարեցին «թավշյա հեղափոխություն» կոչվածի իրականացման գործում` փակելով փողոցներն ու խաչմերուկները: Հայաստանում խարիզմատների ընտանիքի մեջ են մտնում նաև «Կենդանի հավատք», «Նոր սերունդ», «Հավատքի շարժում» և էլի մի քանի աղանդավորական կազմակերպություններ:

Խարիզմատներին պատկանող աղանդավորական կազմակերպությունն Ուկրաինայում նույնպես մասնակցել է այնտեղի գունավոր հեղափոխությանը: Խարիզմատները մոտ 20 000 հեղափոխականների կողքին Ուկրաինայում հրապարակ են հանել շուրջ 50 000 հոգու: Հեղափոխությունից հետո նախագահ Յուշչենկոն իր խորհրդական է նշանակել խարիզմատների առաջնորդներից մեկին, որը բանկի նախագահ էր: Դրանից հետո տեղի աղանդավորական կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ սա առաջին փորձն էր, և իրենք դա օգտագործելու են նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում:

Հայաստանում խարիզմատները նախկինում ամեն կիրակի հավաքվել են Մարզահամերգային համալիրում, 8-10 հազար տեղանոց դահլիճը լեփ-լեցուն է եղել, այստեղ են անցկացրել նաև իրենց մեծ ժողովները, իսկ մունականների ու մորմոնների համագումարները, մինչ կորոնավիրուսային համավարակի հետ կապված սահմանափակումները, մշտապես տեղի են ունեցել «Արմենիա- Մարիոթ» հյուրանոցում: Թերևս բոլորին է հայտնի, որ այս հյուրանոցը պատկանում է մորմոններին: Դեռ 2000 թ. դեկտեմբերին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում համագումար հրավիրած մունականների շարքերում ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի դասախոսներ են եղել:

Հայտնի է, որ ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետում սովորում են շատ աղանդավոր ուսանողներ: Սովորում են մեր Առաքելական եկեղեցու գաղափարախոսությունը, որ կարողանան հետագայում հանգիստ «ջարդել»: Իսկ մենք, չնչին բացառությամբ, չենք սովորում և ուսումնասիրում այդ աղանդների «գաղափարախոսությունը»: Մենք առ այսօր չունենք հոգեբանական կենտրոններ, որտեղ կվերականգնվեն քայքայիչ աղանդներից տուժածները, մինչդեռ նրանք իրականում շատ-շատ են:

Հայաստանում շարունակում են մեծ թիվ կազմել ինքնասպանությունները, միայն այս տարվա առաջին կիսամյակում պաշտոնապես արձանագրվել է ինքնասպանության և ինքնասպանության փորձի 340 դեպք: Կասկածից դուրս է, որ դրանց մի մասը կապված է քայքայիչ և ամբողջատիրական աղանդների գործունեության հետ, որոնց ծուղակն ընկածները զոմբիացվում են կամ երանավետ ինչ-որ մի շրջանից հետո հայտնվում փակուղային իրավիճակում:

Հայաստանում հոգևոր անվտանգությունը բարձիթողի վիճակում է, և այդ առումով ՀՀ քաղաքացիները պաշտպանված չեն: Մինչդեռ տեսեք, թե տարիներ առաջ Ռուսաստանի ու նույնիսկ Ֆրանսիայի իշխանություններն ինչ միջոցներ ձեռնարկեցին «Եհովայի վկաներ» աղանդի նկատմամբ` արգելելով նրանց գործունեությունը: Այս աղանդի հիմնական նպատակը քաղաքական է` հայ ժողովրդի համար ծանր ժամանակներում մեր ազգային միասնության քայքայումը, ինչպես նաև Հայոց բանակի կարողության նվազեցումը (որքան էլ զենքի ու զինտեխնիկայի պակաս չունենանք, այն օգտագործելու համար զինվոր է պետք):

Հայաստանում Եհովայի վկաների թիվը 15 տարի առաջ հասել էր մոտ 20 000-ի (ներառյալ` պիոներներինը), տրամաբանական է, որ այսօր շատ ավելին են, համենայն դեպս, աղանդի ղեկավարությունից բացի, նրանց իրական թվաքանակը թերևս որևէ մեկին հայտնի չէ: Մեր երկրում այս բազմամարդ, քայքայիչ և ամբողջատիրական աղանդի գործունեությունը չարգելվեց նույնիսկ սպանության, ինքնասպանության, բժշկական անհետաձգելի օգնության արգելքի հետևանքով մահվան դեպքերից հետո:

Այսօր շատերը երևի մոռացել են Սևան քաղաքում տարիներ առաջ կատարված եղերական սպանությունը: Մինչդեռ նշված քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 33 շենքի բնակիչ, Եհովայի վկա Արման Թորոսյանի կողմից հարազատ ծնողների սպանությունն այն ժամանակ հասարակական մեծ հնչեղություն ստացավ: 23-ամյա այդ երիտասարդն իրեն «Աստծո տղա», իսկ ծնողներին սատանաներ համարելով, ծեծելով, տարբեր առարկաներով հարվածելով, դաժանաբար սպանել էր: Թվում էր, թե գոնե վերոնշյալ զարհուրելի սպանությունից հետո մեր երկրի ղեկավարները, գործադիր և օրենսդիր իշխանություններ ներկայացնողները կսթափվեն և այլևս չեն հանդուրժի քայայիչ, ամբողջատիրական աղանդների գործունեությունը մեր երկրում, բայց…

2004-2008 թթ. ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի վարչության պետ Հրանուշ Խառատյանի մեղքով Հայաստանում օրենքի խախտմամբ գրանցված հիշյալ աղանդի հանդեպ իշխանությունների հանդուրժողական վերաբերմունքը մասամբ կարելի է բացատրել նրանով, որ «Եհովայի վկաներն» իրենց մարդիկ ունեին և ունեն ոչ միայն մեր կրթական ու բժշկական հաստատություններում, ՀԱԷԿ-ում, բազմաթիվ ուրիշ ոլորտներում, այլև ոստիկանությունում, ուժային և իրավապահ այլ կառույցներում, իշխանության վերին օղակներում: Սակայն, ՀՀ ազգային անվտանգության ապահովման հրամայականից բխող քայլեր չկատարելու հիմնական պատճառը, կարծում եմ, այն է, որ ՀՀ իշխանությունները գտնվել են աշխարհի գլոբալիստական ուժերի իշխանության տակ, ինչպես նաև ենթարկվել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի, Եվրախորհրդի և եվրոպական այլ կազմակերպությունների պահանջներին: Այսօր` առավել ևս… Ավելի ճիշտ, Հայաստանում այսօր իշխանության են հիմնականում հենց այդ ուժերի մարդիկ:

Ի դեպ, «Եհովայի վկաներ» աղանդն աշխարհում զբաղվում է ոսկու և ադամանդի բիզնեսով, կազմակերպության քարոզչության համար տարեկան օգտագործվում է ավելի քան 70 մլն դոլար: Այդ նպատակով մորմոնների բյուջեն կազմում է մի քանի տասնյակ միլիարդ դոլար, նրանք էլ զբաղվում են շինանյութերի արտադրության և հյուրանոցային բիզնեսներով:

Փոքրաթիվ, 3 միլիոնը չգերազանցող բնակչությամբ Հայաստանում այսքան աղանդ և աղանդավո՞ր… Գոնե հասկանում ենք, որ դրսից այստեղի որոշ աղանդների միջոցով, տարիների հետևողական աշխատանքով, աստիճանաբար նախապատրաստում են մեր կործանումը:

Արթուր Հովհաննիսյան