Մամեդյարովն ազատվեց Ադրբեջանի արտգործնախարարի պաշտոնից. հայտնի է նոր ԱԳ նախարարի անունը

Էլմար Մամեդյարովն ազատվել է Ադրբեջանի արտգործնախարարի պաշտոնից: Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, համապատասխան հրամանագիրն ստորագրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ադրբեջանի նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Ջեյհուն Բայրամովն ազատվել է Ադրբեջանի կրթության նախարարի պաշտոնից:

Երրորդ հրամանագրով՝ Ալիևը Բայրամովը նշանակվել է Ադրբեջանի Հանրապետության արտգործնախարարի պաշտոնում:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ դժգոհություն էր հայտնել երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքից: Նա ընդգծել էր, որ նախարարը պետք է Հայաստանի հետ պայմանավորվեր Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, բայց, ցավոք, մինչ այժմ նպատակին չի հասել, քանի որ Հայաստանը դեռ չի կատարել ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևը:

Ալիևը նշել էր, որ արտաքին գործերի նախարարը որևէ կերպ չի արձագանքել հուլիսի 12-ին, երբ սկսվել են իրադարձությունները Ադրբեջանի և Հայաստանի սահմանին:

«Ի՞նչ էր անում արտգործնախարարը: Որտե՞ղ էր նա: Մենք գտնվում էինք աշխատավայրում հուլիսի 12-ի դեպքերից հետո: Վարչապետը՝ աշխատավայրում, ես մինչև առավոտ աշխատանքի էի: Պաշտպանության նախարարը, Գլխավոր շտաբի պետը, ինչպես նաև Պետական անվտանգության ծառայության պետը, Ներքին գործերի նախարարը, Արտաքին հետախուզության ծառայության պետը և Անվտանգության խորհրդի քարտուղարն աշխատում էին մինչև առավոտ: Արտաքին գործերի նախարարին չկարողացա գտնել», – նշել էր նա: