Առանց արտասահմանյան քաղաքացիությունից հրաժարվելու՝ այսուհետ հնարավոր կլինի ՌԴ քաղաքացիություն ստանալ. ՌԴ պետդուման օրենք է ընդունել

ՌԴ պետդուման ապրիլի 17-ի հերթական նիստում օրենք է ընդունել, որը թույլ է տալիս դիմել Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար՝ առանց արտասահմանյան քաղաքացիությունից հրաժարվելու: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Հաշվի առնելով արտասահմանյան քաղաքացիությունից հրաժարվելու մասին գործող կարգը՝ օրինագծով առաջարկվում է բացառել Ռուսաստանի քաղաքացիության համար դիմած անձի համար այլ պետության լիազոր մարմնին քաղաքացիությունից հրաժարվելու մասին դիմում ներկայացնելու պահանջը»,-նշված է կառավարական օրինագծի բացատրական գրառման մեջ:

Օրինագծով առաջարկվում է նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելիս բացառել Ռուսաստանում երեք տարի գտնվելու պահանջը և չափահաս անձից գոյության և ապրելու օրինական միջոցների առկայության ապացույց ներկայացնելու պահանջը, որը չունի քաղաքացիություն կամ ունի ԽՍՀՄ քաղաքացիություն, ապրում է նախկին ԽՍՀՄ տարածքում, սակայն չի ստացել որևէ երկրի քաղաքացիություն:

Բացի դրանից, նմանատիպ նորմա է առաջարկվում սահմանել նաև այն արտասահմանցիների համար, որոնք ամուսնացած են Ռուսաստանի քաղաքացու հետ և ապրում են Ռուսաստանում, ունեն ընդհանուր երեխաներ, ինչպես նաև այն արտասահմանցիների համար, որոնց ծնողներից մեկն ունի Ռուսաստանի քաղաքացիություն և ապրում է Ռուսաստանի Դաշնությունում:

Նախաձեռնության համաձայն՝ կհեշտացվի նաև Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիների` Ռուսաստանի քաղաքացիության համար դիմելու կարգը: Նրանք կարող են դիմում ներկայացնել առանց Ռուսաստանի տարածքում սահմանված ժամանակահատվածն ապրելու, եթե ունեն Ռուսաստանի Դաշնությունում ուժի մեջ գտնվող կեցության իրավունք:

Օրինագծի բացատրական գրության մեջ նշվում է, որ օրինագիծն առաջարկում է քաղաքացիություն ստանալու նպատակով դիմելիս Ռուսաստանում պարտադիր երեք տարի ապրելու ժամկետը կրճատել և դարձնել մեկ տարի այն մարդկանց համար, որոնք ավարտել են ռուսական կրթական կամ գիտական հաստատություններ: