Եթե Կաթողիկոսին այդպես արձագանքեցին, Հռոմի Պապին երևի խարույկ կբարձրացնեին կամ՝ Որտեղ է պետության և եկեղեցու գործերի սահմանը

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Գարեգին Բ կաթողիկոսի News.am կայքի հարցերի պատասխաններին և մասնավորապես համավարակի պայմաններում Ռ. Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ հորդորին ի պատասխան՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հարձակողական արձագանքին, նշեց, որ չի ցանկանում այդ հարցի վերաբերյալ որևէ բան ավելացնել, նախընտրում է լռել և լրացուցիչ որևէ բան ասելու անհրաժեշտություն չի տեսնում:

Հարցին, թե արդյոք հարի՞ր է ԱԺ փոխնախագահին նման հոխորտանքով խոսել հոգևոր առաջնորդի մասին, Արարատ Միրզոյանն ասաց՝ եթե սկսենք խոսել, թե ում ինչ է հարիր, շատ ասելիք կլինի, և որ սա չի նշանակում ասելիք չկա, պարզապես ցանկացած նոր բառ կարող է նոր երանգ հաղորդել այս փոխադարձ հայտարարություններին:

«Երբ սկսենք քննարկել, թե ում ինչ է հարիր, ապա ասելիքը շատ կլինի, այս պահին անհրաժեշտություն չեմ տեսնում լրացուցիչ որևէ բան ասել այդ հարցի մասին, եթե անհրաժեշտություն լինի՝ անպայման կասեմ: Հարցին չեմ պատասխանելու, եթե մի քիչ այս կողմից, մի քիչ այն կողմից հարցադրումներ շարունակեք անել, միևնույն է, ասելու եմ, որ այս պահին լրացուցիչ որևէ բան ասելու անհրաժեշտություն չեմ տեսնում, չնայած ասելիք կա»,- ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ է կարծում, Կաթողիկոսը միջամտո՞ւմ է աշխարհիկ գործերին իր հայտարարություններով, Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ պետությունը և եկեղեցին անջատ են և պետք է չխառնվեն միմյանց ներքին գործերին. «Այո, պետությունը և Եկեղեցին անջատ են և պետք է չխառնվեն իրար ներքին գործերին: Միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ կաթողիկոսը ևս ՀՀ քաղաքացի է և ունի բոլոր այն իրավունքները, որոնք ունեն ՀՀ մյուս քաղաքացիները»:

Փաստորեն ԱԺ նախագահը մեկ կարծում է, որ եկեղեցին չպետք է խառնվի պետության, ասել է թե, աշխարհիկ գործերին, իսկ հետո էլ հայտարարում է, թե որպես ՀՀ քաղաքացի կաթողիկոսն ազատ խոսքի իրավունք ունի և նրա ցանկացած կարծիք էլ՝ ապրելու իրավունք: Բայց հիշեցնենք Արարատ Միրզոյանին, որ Գարեգին Բ կաթողիկոսը ոչ թե որպես ՀՀ քաղաքացի է գթասրտության և ողջախոհության մասին իր հորդորը հղել ՀՀ իշխանություններին, այլ որպես հայ ժողովրդի հոգևոր առաջնորդ, հովիվ՝ փորձելով համավարակով պայմանավորված դժվարին օրերին իր հայրական խորհրդով նաև աջակցել օրվա իշխանություններին: Նրա խոսքում որևէ հանդիմանություն, քննադատություն չկա, միայն հայրական հոգածություն է, մտահոգություն իր զավակների կյանքի և առողջության համար: Եվ անտրամաբանական էին որոշ քաղաքական ու հասարակական այրերի հարձակողական դիրքը, երկրի վարչապետի թերթում տպագրված հոդվածը՝ Վեհափառ Հայրապետին ուղղված սպառնալքով ու ատելության կոչով: Իհարկե, հասկանալի է, որ նման արձագանքը ոչ թե կաթողիկոսի հորդորն էր առաջացրել, այլ ՀՀ երկրորդ նախագահի առողջական վիճակին նրա անդրադարձը: Վարչապետի թիմի համար ընդունելի ու ականջահաճո կլիներ, եթե կաթողիկոսը հորդորեր ամեն գնով Ռ. Քոչարյանին պահել կալանքի տակ, այն դեպքում, երբ մյուս կալանավորների համար հորդորում է վերանայել նրանց խափանման միջոցի մասին որոշումները և հնարավորության դեպքում այս օրերին նրանց տուն ուղարկել: Կաթողիկոսի խոսքի առաջին մասը ոչ մեկի մոտ վրդովմունք չի առաջացրել: Ավելին, մոռանալով այդ հատվածի մասին, նրան քննադատողները միայն Ռ. Քոչարյանի վերաբերյալ հատվածն են տարածել ու մեկնաբանել՝ թյուր կարծիք առաջացնելով հանրության այն շերտի մոտ, որը չի սիրում անձամբ կարդալ որևէ նյութ ու վերլուծել, այլ անվերապահ հավատում է ինքնակոչներին և տրվում նրանց մանիպուլյացիաներին: Բարեբախտաբար նրանց չհաջողվեց մոլորեցնել առողջ մտքով մարդկանց: Բայց ինչպես երևում է, քաղաքական վերնախավը չի հանձնվում և շարունակում է ավելի խորացնել եկեղեցու և հասարակության միջև իրենց խրած սեպը, փորձում մատ թափ տալ եկեղեցու վրա, թե հանկարծ քո պատերից դուրս հայտարարոություններ չանես: Խոսքը Արարատ Միրզոյանի դիտարկման մասին է, թե պետությունը և եկեղեցին անջատ են և պետք է չխառնվեն միմյանց ներքին գործերին: Միանշանակ այդպես է, եթե խոսքը իսկապես պետական գործերի մասին է, օրենսդրական կարգավորումների և այլն: Բայց չէ՞ որ կա մի նուրբ շերտ, երբ հոգևոր կառույցը պետք է կարողանա պետությանը զերծ պահել սայթաքումներից, որոնք դեմ են քրիստոնեական պետության սկզբունքներին և օրենքներին: Օրինակ՝ եկեղեցին պարտավո՞ր է արդյոք արձագանքնելու և գայթակղություններից ու մոլություններից զերծ մնալու հոդորներ անել, եթե պետությունը փորձում է միասեռականների առաջ կանաչ լույս վառելով՝ օրինականացնել այլասերումը, կամ առաջին քրիստոնեական երկրի դպրոցներում արգելել կրոնի դասավանդումը, կամ այլ կարգի այլասերումներ օրինականացնել: Թե՞ դա ևս դիտարկվում է որպես պետության գործերին միջամտություն: Եթե այդպես է, թող ների ինձ Աստված, ապա Հռոմի պապին վաղուց էին հերձվածողները խարույկի վրա այրել: Իսկ նոր կորոնավիրուսի դեմ պայքարի, համաշախարհային լարվածության պայմաններում բոլորս սիրով ու հիացմունքով սոցիալական ցանցերում հնարավորինս տարածում էինք Հռոմի Պապի հորդորներն ու աղոթքները՝ գթասրտություն և առաքնություն ցուցաբերելու մասին: Ի դեպ, Հռոմի Պապը «համարձակվում է» նաև տարածաշրջանային գործերին միջամտել և խաղաղության կոչերով հանդես գալ: Հիշո՞ւմ եք, այս տարվա հունվարին Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը մտահոգված Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրադրությամբ, Սուրբ աթոռին կից դիվանագետներին հղած ուղերձում նշել էր, որ Իրանի ու ԱՄՆ-ի հրահրած լարվածության աճը սպառնում է ձախողել Իրաքի վերականգնման գործընթացը, ինչպես նաև նպաստում է հակամարտության խորացմանը: Հռոմի Պապը երկխոսության կոչ էր արել բոլոր կողմերին՝ հորդորելով հարգել միջազգային իրավունքը: Հետաքրքիր է Նիկոլ Փաշինյանի վարչակազմն ինչպե՞ս կարձագանքներ Պապի այս հորդորին, որը բովանդակային առումով չի տարբերվում Վեհափառի հորդորից:

Մեկ այլ հարց է, թե որտեղ է հոգևորի, եկեղեցու և աշխարհիկի, պետության գործերի սահմանը, որն անցնելու դեպքում կարելի է միմյանց մեղադրել գոծերին միջամտելու մեջ: Արդյո՞ք օրենսդրորեն սահմանազատված է, թե եկեղեցին ի՞նչ իրավասություններ ունի, և նրա որ գործառույթը կարող է համարվել պետության, պետական գործերին միջամտություն: Եթե քրիստոնեական վարքի մասին հորդորը իշխանությունները համարոմ են պետական գործերին միջամտություն, ապա նրանք առնվազն պետք է անկեղծորեն խոստովանեն, որ եկեղեցին հոգալով բազմաթիվ անապահով, աղքատ ընտանիքների հոգսերը, նրանց պարբերաբար հագուստ, սնունդ, ֆինանսական օգնություն տրամադրելով՝ ակամա ստանձնում է պետական կառույցների գործառույթը և այդպիսով փաստորեն կոպտորեն միջամտում պետության գործերին՝ անելով այն, ինչ չի անում կառավարությունը: Չէ՞ որ Արարատ Միրզոյանի տրամաբանությամբ՝ եկեղեցն միայն հոգևոր սնունդ բաժանելով պետք է զբաղվի, իսկ աշխարհիկ սնունդ բաժանելու պարտականությունն իրենցն է, որոնք այդ գործի համար անհաշիվ պարգևատրումներ են ստանում ու խրախուսվում:

Թագուհի Ասլանյան