Տաթևիկ Ռևազյանի «թավշյա» տրյուկը

Երբ Նիկոլ Փաշինյանը «դմբ- դմբ-հու»-ի հնչունների տակ, արտաքին ուժերի, սորոսականների ֆինանսական ու տեղական պողոսների ակտիվ աջակցությամբ եկավ իշխանության, պարզ դարձավ, որ հեղափոխության առաջնորդը «մերկ» է, քանի որ չունի գրագետ, կազմակերպված, լուրջ գիտելիքներ ունեցող քաղաքական թիմ:

Իշխանական կուսակցության շարքերում դեսից-դենից հավաքված մարդիկ են, որոնց պաշտոն ստանալու հիմնական չափանիշը սորոսական ինչ-որ հկ-ի ներկայացուցիչ լինելն է, կամ դրսում՝ թեկուզ «ճ» կլասի բուհի կամ դպրոցի դիպլոմ ունենալը:

Եվ այս քաղաքականության արդյունքում Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեի ղեկավարի պաշտոնում նշանակվեց մի անփորձ, երիտասարդ աղջնակ՝ Տաթևիկ Ռևազյանը: Ավիացիայի ոլորտի փորձառու մասնագետները շոկի մեջ էին, զգուշացնում էին, ահազանգում՝ ավիացիայի կարևորագույն, սպեցիֆիկ ոլորտը տապալելու եք: Փոխարենը, իշխանության ներկայացուցիչները գովեստներ էին շռայլում, թե լավագույն մասնագետն են բերել դրսից, դեռ կտեսնեք, թե ի՜նչ թռիչք է գրանցելու մեր Քաղավիացիան: Իշխանական ֆեյքերի հսկայական բանակն էլ իր հերթին անցավ գրոհի՝ հայհոյախոսություններով լռեցնելով մասնագետներին, որոնք ասում էին՝ Տաթևիկը լավ անգլերեն գիտի, ավյունով լցված երիտասարդ է, բայց նա մասնագետ չէ, նրա նշանակումը խիստ վտանգավոր լինելու ոլորտի համար:

 Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԱՆՑ

Վերջերս մամուլում շրջանառվեց տեղեկություն, թե Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալության` EASA-ի կողմից իրականացրած ստուգումների արդյունքում Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեն ստացել է բավականին ցածր գնահատական:

Ու բացահայտվեց հետևյալ մտահոգիչ իրողությունը: Այսպես, EASA-ը ՀՀ քաղավիացիայի գործունեության առնչությամբ պատրաստել է մի զեկույց, որում, փաստորեն, արձանագրվում է՝ Հայաստանի լիազորված մարմինը՝ ՔԱԿ-ն ունի լուրջ թերություններ և ունակ չէ պատշաճ վերահսկել ավիացիոն կազմակերպությունները: EASA-ի նման զեկույցը կարող է ունենալ չափազանց վտանգավոր հետևանքներ, ընդհուպ մինչև Քաղավիացիայի պետական կոմիտեն կարող է կանգնել լիցենզիայից զրկվելու վտանգի առաջ: Սա նշանակում է, որ մեր ավիաընկերություններին չի թույլատրվի չվերթ իրականացնել դեպի Եվրոպա: EASA-ի հրապարակած զեկույցն այլ բան չէ, քան անկյուն կանգնեցնել ՔԱԿ-ին:

Ի դեպ, նշեմ, որ այս զեկույցի գոյությունը իշխանությունը փորձում էր թաքցնել հասարակությունից:

Հայաստանի նման պետության համար, որն արևելքից ու արևմուտքից շրջապատված է թշնամական երկրներով, որոնք 30 տարի Հայաստանը պահում են շրջափակման մեջ՝ Քաղավիացիան ռազմավարական նշանակություն ունի, հետևաբար, այս ոլորտի գլխին կախված վտանգը սպառնալիք է մեր անվտանգությանը:

Եվ ուրեմն ինչպե՞ս եղավ, որ նման զեկույց ի հայտ եկավ: Մասնագետների գնահատմամբ՝ սա վարվող վատ քաղաքականության հետևանք է:

Պարզվում է՝ Եվրահանձնաժողովի կողմից արդեն մեկ նախազգուշացում եղել է, դեռ 2019 թ. դեկտեմբերի 9-ին: Ընդունվել է մի որոշում, որով հստակ զգուշացվել է, որ համապատասխան ուսումնասիրություններից հետո, կարգելվեն Հայկական քաղավիացիայի չվերթները Եվրոպայի տարածքում: 2020-ի փետրվարին EASA-ի մասնագետներն այցելել են Հայաստան և իրենց նախնական գնահատականներից չեն հրաժարվել: Այս պահին EASA-ի զեկույցը դեռ սանկցիա չի պարունակում, սակայն շատ բան կախված է մայիսի 12-14-ը Բրյուսելում անցկացվելիք Եվրոպական անվտանգության թիմի նիստի լսումներից: Կան մտահոգիչ կանխատեսումներ, որ այդ նիստում, որտեղ ներկայացվելու են գործակալության արձանագրած դիտարկումներն ու Քաղավիացիայի կոմիտեի պարզաբանումները, հնարավոր է պատժամիջոցներ կիրառվեն ու մեր երկիրը հայտնվի դեպի եվրոպական տարածք թռիչքներ իրականացնելու իրավունք չունեցող երկրների ցանկում:

ԳԼԽԱՎՈՐ ԱՈՒԴԻՏԻ ԹԱՎՇՅԱ ՆԱՄԱԿԸ

Մամուլում տարածված տեղեկատվական արտահոսքն անակնկալի բերեց Կոմիտեին ու նրա երիտասարդ ղեկավարին: Ինչից հետո սկսվեց ամեն կերպ պատասխանատվությունից խուսափելու գործընթացը:

Ռևազյանն ու նրա աշխատակիցները ֆեյսբուքյան էջերում կատարած ակտիվ գրառումներով փորձեցին իրենց մեղքը բարդել նախ ավիաընկերությունների վրա: Սակայն վերջիններիս ներկայացուցիչները հակադարձեցին՝ հիշեցնելով, որ ավիաընկերությունները թռիչքի իրավունքից զրկվել են Ռևազյանի ղեկավարած Կոմիտեի մեղքով, քանի որ վերջինս չի անցել աուդիտը:

Դրանից հետո Կոմիտեի հաջորդ քայլը եղավ այն, որ քննադատական նետերն ուղղեց ու իր թերացումների մեղքը բարդեց նախկին իշխանությունների վրա: Սա էլ սեփական թերությունները կոծկելու, պատասխանատվությունից խուսափելու «իմքայլական» պաշտոնյաների հայտնի գործելաոճն է:

Ռևազյանն այս հարցում, պարզվում է, սպասվածից ավելի ճկուն է: Մեր ուշադրությունից չվրիպեց Տարածաշրջանային պատասխանատու, օդային երթևեկության կառավարման գլխավոր աուդիտոր Լեոնարդ Վիքսի բաց նամակը՝ ուղղված Հայաստանի հասարակությանը: Ի՞նչ է գրում պարոն Վիքսը:

Նախ, առաջին իսկ հայացքից աչքի է զարնում այն, որ գլխավոր աուդիտի նամակը զարմանալիորեն գրված է «իմքայլականների» ոճով, որում հիշյալ պարոնը ջանադրաբար պաշտպանում է տիկին Ռևազյանին, նշում, թե որոշ մարդիկ փորձում են մոլորեցնել հասարակությանը ու մեղքը բարդել ՔԱԿ-ի նոր նախագահի վրա: Հետո հայաստանյան հեղափոխականների՝ «սև-սպիտակի» տրամաբանությամբ՝ սույն պարոնը մեղքը գցում է նախկին իշխանությունների վրա, թե խնդիրները նախկինից են գալիս. «Խնդրի բուն պատճառներն ավելի խոր են և ունեն համակարգային բնույթ։ Դրանք առկա են եղել երկար տարիներ, նախքան Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած քաղաքական զարգացումները»:

Այս պարզունակ ոճից, անկեղծ ասած, տպավորություն ստացա, թե նամակը գրվել է Երևանում, հետո ստորագրվել Եվրոպայում… արդյո՞ք Ռևազյանն իր անձնական կապերը չի օգտագործել փրկօղակ ձեռք գցելու համար: Ամեն դեպքում, հիշյալ նամակը «թավշյա» բովանդակությամբ, «թավշյա» տրյուկի տպավորություն թողեց:

Իսկ այ, հայ մասնագետները պարոն Վիքսին հիշեցնում են, որ դեռ 2015 թվականին Հայաստանի քաղավիացիայի պետական կոմիտեն նմանատիպ աուդիտի փայլուն արդյունքներ է արձանագրել:

Ստացվում է, որ տիկին Ռևազյանը, չնայած իր երիտասարդ տարիքին, լավ գիտի դրսի օգնությամբ պատասխանատվությունից խուսափելու ճանապարհները: Ու հիմա, վարչապետ Փաշինյանի ոճով՝ իրավիճակից պլստալու համար, մեղքը բարդում է նախկինների վրա: Ազնիվ չէ, տիկին Ռևազյան, ազնիվ չէ: Նաև բարոյական չէ անվերջ կառչել նախկինների սխալներից ու չաշխատել կամ սխալները նրանց հաշվին սրբագրել: Եթե իմքայլականներդ որոշել եք այս ոճով երկիրը կառավարել՝ ձեր չարածն անվերջ նախկինների վրա բարդելով, երկիրը լավ տեղ չեք տանի:

Իսկ այսօր ոլորտի մասնագետները հիշեցնում են՝ Քաղավիացիայում ստեղծված վտանգավոր իրավիճակի մասին շատ ավելի վաղ էին կանխատեսել, մինչդեռ լսող չկար: Վարչապետ Փաշինյանն անգամ մերժել, անտեսել է դեռ մեկ տարի առաջ մասնագետների հանդիպման առաջարկը: Իսկ Տաթևիկ Ռևազյանը զբաղված էր կադրային ջարդով, ինչի հետևանքը եղավ այն, որ այս առանձնահատուկ ոլորտը ազատվեց լավագույն մասնագետներից: Եվ գիտե՞ք, թե իր քայլերը նա ինչպես էր մեկնաբանում՝ ազատվում ենք նախկինների հետ աշխատածներով: Ահա, այսպիսի անհեռատես, անլուրջ ու խիստ վտանգավոր քաղաքականություն:

Իսկ գուցե արդարացի՞ են նրանք, ովքեր Քաղավիացիան աղետալի վիճակի հասցնելու հարցում դավադրություն են տեսնում…

Արմինե Սիմոնյան