Քննչական կոմիտեում չե՞ն հասկացել, թե Հայկ Հարությունյանն ինչու է դիմել այդ քայլին, դա նույնիսկ Բջնի գյուղի վարչական ղեկավարն է հասկացել (տեսանյութ)

Եթե սա է ՔԿ-ի տրամաբանությունը, ապա նույնիսկ, ինչպես ասում են, եփված հավերը կծիծաղեն

Սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան, ինչպես արդեն հայտնի է, գլխի հրազենային վնասվածքով Բջնիի իր առանձնատանը հայտնաբերվել է 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին: Նախնական վարկածի համաձայն, Հայկ Հարությունյանն ինքնասպանություն է գործել:

Երեք տասնամյակը չբոլորած Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում Հայկ Հարությունյանը ոստիկանության (նախկինում` ներքին գործերի նախարարության) ղեկավար կազմի, թեկուզ նախկին, բայց արդեն երրորդ պաշտոնյան է, որ մահացել է հրազենի գործածման արդյունքում: Առաջինը ՀՀ ՆԳ և ԱԱ փոխնախարար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանն էր, որը 1999թ. փետրվարի 9-ին երկու կրակոցով, պաշտոնական վարկածի համաձայն, ինքնասպանություն է գործել՝ մեկ անգամ կրակելով գլխին, մեկ անգամ էլ՝ սրտի շրջանում: Երկրորդը` 2009թ. փետրվարի 3-ին իր տան մուտքի մոտ մի քանի կրակոցներով սպանված ՀՀ ոստիկանապետի տեղակալ, 34-ամյա Գևորգ Մհերյանն էր, իսկ երրորդը, ահա, Հայկ Հարությունյանը եղավ, որը, ինչպես արդեն նշեցինք, նախնական վարկածի համաձայն, ինքնասպանություն է գործել: Շատ չե՞ն այս դեպքերն ընդամենը 28 տարվա ընթացքում…

Սեպտեմբերի 24-ին «Armlur.am» կայքը հրապարակեց «Հայկ Հարությունյանը դեպքի պահին միայնակ չի եղել. հայտնի են նրա վերջին խոսքերը» վերտառությամբ տեղեկատվություն, որում նշված է. «ArmLur.am-ի տեղեկություններով՝ Հայկ Հարությունյանն իր մահվան ականատեսին (անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում) գանգատվել է, թե՝ ախր ինչպե՞ս չեն հասկանում, որ այս ամեն ինչում, Մարտի 1-ի թեմայում Ռոբերտ Քոչարյանը, Գեղամ Պետրոսյանը ու բազում այլ մարդիկ առնչություն չունեն: «Էս ի՞նչ են անում, ինչո՞ւ են մեր նկատմամբ էսպես վարվում, ասել է նախկին բարձրաստիճան պաշտոնյան և ինքն իրեն գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում հասցրել:

Ինչպես հայտնի է՝ Հայկ Հարությունյանը 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերի ժամանակ զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը: ArmLur.am -ին հայտնի դարձավ, որ նրան վերջին շրջանում հաճախ են հրավիրել Հատուկ քննչական ծառայություն՝ ցուցմունք վերցնելու, հարցաքննելու: Չի բացառվում, որ նա հրաժարվել է ցուցմունք տալ և պատվի համար է նման քայլի գնացել: Սա չհաստատված վարկածներից մեկն է»:

Հաջորդ օրը` սեպտեմբերի 25-ին, «Hayeli.am» կայքը հրապարակեց ««Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ, ախր Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն». Հայկ Հարությունյանի վերջին խոսքերը ինքնասպանությունից առաջ» վերտառությամբ մի տեղեկատվություն, որը, ինչպես նախորդ հրապարակումը, կատարվածը ոչ միայն ավելի խորհրդավոր ու սենսացիոն դարձրեց, այլև, իրականությանը համապատասխանելու պարագայում, ուղղակի ապացույց-հաստատումը կամ դրանցից մեկն է լինելու այն պնդումների, որ Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող արարքը շինծու է, հանրապետության երկրորդ նախագահը իրականում քաղբանտարկյալ է, նրա նկատմամբ իրավականի քողի ներքո քաղաքական հետապնդում է իրականացվում փաշինյանական իշխանության դրածո ՀՀ հատուկ քննչական ծառայության ղեկավարության և Նիկոլ Փաշինյանի ճնշումներին ենթարկվող դատավորների ու դարձյալ վարչապետի կամքը կատարող գլխավոր դատախազի միջոցով:

«Մեր ունեցած տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել վկաների ներկայությամբ,- նշված է «Hayeli.am»-ի հրապարակման մեջ:- Հայկ Հարությունյանը ներկաներին ասել է. «Գլխավոր դատախազն ու Սասուն Խաչատրյանը կյանքս կերան էս մի քանի ամիս է, ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի և Գեղամ Պետրոսյանի դեմ, ախր նրանք  մեղավոր չեն»:

«Hayeli.am»-ի վերոնշյալ հրապարակումից հետո, նույն օրը ՀՀ քննչական կոմիտեն իր կայքում հրապարակեց «Հարցաքննվել են «Hayeli.am» և «Armlur.am» կայքերի խմբագիրները» վերտառությամբ մի տեղեկատվություն, ըստ որի,

Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով սեպտեմբերի 25-ին վկայի կարգավիճակով հարցաքննվել են «Hayeli.am» և «Armlur.am» կայքերի խմբագիրները:

«Նրանք հրաժարվել են հարցաքննության ընթացքը տեսանկարահանելու վերաբերյալ նախաքննական մարմնի առաջարկից և մեջբերելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը՝ չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը,- նշված է Քննչական կոմիտեի հրապարակած տեղեկատվության մեջ:- Քննիչի հարցին, որ դեպքին ականատես վկան, ծանոթանալով հրապարակումներին, ժխտել է հրապարակումներում ներկայացված հանգամանքները, լրատվամիջոցների ներկայացուցիչները հակասական տեղեկատվության վերաբերյալ դիրքորոշում չեն հայտնել և պարզաբանել են, որ իրենք ընդամենը հրապարակել են իրենց աղբյուրների հայտնած տեղեկատվությունը՝ կրկին հրաժարվելով բացահայտել աղբյուրը:

Հայտնում ենք, որ Հայկ Հարությունյանի մահվան դեպքին ականատես վկան իր լրացուցիչ ցուցմունքում հայտնել է, որ ԶԼՄ-ներին դեպքի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի հայտնել: Ավելին՝ նա վրդովմունք է հայտնել՝ ԶԼՄ-ներում տեղ գտած ապատեղեկատվության վերաբերյալ»:

Եվ ի՞նչ` ընդունենք, թե դեպքին ականատես վկան, ծանոթանալով հրապարակումներին, իսկապես ժխտել է հրապարակումներում ներկայացված հանգամանքները, իր լրացուցիչ ցուցմունքում հայտնել է, որ ԶԼՄ-ներին դեպքի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի հայտնել, դա նշանակում է, որ «Hayeli.am» և «Armlur.am» կայքերի վերոնշյալ հրապարակումներն ապատեղեկատվությո՞ւն են… Եթե սա է Քննչական կոմիտեի տրամաբանությունը, ապա նույնիսկ, ինչպես ասում են, եփված հավերը կծիծաղեն: Չէ՞ որ, եթե նշված հրապարակումները համապատասխանում են իրականությանը և նույնիսկ Հայկ Հարությունյանի նման շատ պինդ մարդն է ստիպված եղել ինքնասպանություն գործել (կրկնում ենք` ըստ նախնական վարկածի), ապա նախկին ոստիկանապետի մահվան դեպքին ականատես վկան Քննչական կոմիտեի քննիչին կամ քննիչներին, միանգամայն տրամաբանական է, կարող էր ասել հենց այն, ինչ ասել է`Հայկ Հարությունյանի ճակատագիրը չկիսելու համար: Ո՞վ կարող է ասել, թե նա Քննչական կոմիտեին ճշմարտությունը հայտնելու պարագայում կարող էր իր կամ իր մերձավորների անվտանգության որևէ երաշխիք ունենալ հայաստանյան ներկայիս պայմաններում:

Ավելին ասենք. եթե Քննչական կոմիտեն Հայկ Հարությունյանի ինքնասպանության կամ գուցե սպանության պատճառը, շարժառիթը պարզելու անկեղծ ցանկություն ունի (իսկ ունի ո՞ր…), ապա թող հասկանա գոնե այն, ինչ հասկացել և «Ազատություն» ռադիոկայանի թղթակցին ասել է Բջնի գյուղի վարչական ղեկավար Արմեն Մաթևոսյանը. նշելով, որ 20 տարուց ավելի ճանաչում է Հայկ Հարությունյանին, Արմեն Մաթևոսյանը մասնավորապես ասել է.

«Ես չեմ պատկերացնում՝ Բջնի գյուղում լինի մի մարդ, մի բնակիչ, որ Հարությունյան Հայկի մասին բացասական բառ արտահայտի: Նույնիսկ անակնկալը ո՞րն ա, անակնկալը շատ փափուկ ա ասված, մինչև հմի ես հլը չեմ հասկանում, որ սենց բան եղել ա, որովհետև Հայկ Հարությունյանը շատ կշռադատված, հավասարակշռված, շատ լուրջ, շատ լավ, շատ լավ ընտանիքի հայր էր էրեխեքի, ամուսին, և շատ լավ մարդ էր առհասարակ ինքը, շատ լավ մարդ էր: Սաղս էլ հասկանում ենք՝ որտեղից պտի գա էս քայլի սկիզբը, աղբյուրները, սաղս էլ հասկանում ենք` եթե գա, որտեղից պտի գա, բայց չեմ պատկերացրել, որ ինքը կգնա էդ քայլին: Նախ ինքը շատ նաև… թույլ տղա չէր, պինդ տղա էր ինքը, շատ պինդ տղա էր, ես չեմ պատկերացնում, որ կարող ա ինքը գնար էս քայլին, ըտե գնալու, նշանակում ա ընենց հիմքեր են էղել, որ ինքը գնացել ա դրան»:

Արթուր Հովհաննիսյան