«Շղթայված» Սահմանադրություն և գրիչներ ՍԴ դիմաց

Մենք այսօր Սահմանադրության գերակայություն չունենք: Այս մասին, այսօր՝ հուլիսի 5-ին, Սահմանադրության օրը, «Դիմադրություն շարժման» ակցիայի ժամանակ Սահմանադրական դատարանի մոտ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Հուլիսին 5-ին, ըստ ավանդույթի, մենք իրար շնորհավորել ենք Սահմանադրության  օրվա կապակացությամբ։ Իրավաբաններն, առհասարակ, միշտ այսօրը նշում են, որովհետև իրավաբանության մեջ կա մեկ հիմնական առանցքային փաստաթուղթ՝  Սահմանադրությունը»,- նշեց Վարդևանյանը։

«Մենք ունենք մի իրականություն, որտեղ օրվա իշխանությունները, որ այսօր իբր ժողովրդից պաշտպանում են ՍԴ-ն՝ ոստիկանական ուժերով, եկել շրջափակել էին այս դատարանը: Այդ օրվանից արդեն ջրբաժան է եղել Սահմանադրության եւ իշխանության միջեւ: Այս իշխանությունը գիտի մի բան՝ ոտնահարի, ձերբակալի Սահմանադրությունը: Իրենք չեն պատկերացնում՝ ինչ է Սահմանադրությունը, չեն էլ ուզում պատկերացնել»,-ասաց Վարդեւանյանը:

Նա հավելեց, որ այս պայմաններում Սահմանադրությունը հնարավոր է պաշտպանել միայն պայքարի միջոցով:

ՍԴ դիմաց ակցիայի մասնակիցները թողեցին «շղթայված» Սահմանադրությունն ու գրիչներ։

«Դիմադրություն» շարժման անդամ Սևակ Նազարյանի խոսքով՝ գրիչը սահմանադրականության, Սահմանադրական դատարանի  ինստիտուտի ոտնահարման խորհրդանիշն է։ «Երբ դե ֆակտո վարչապետն ինչ-որ գրիչի  զավեշտալի պատմությունով սկսեց ՍԴ յուրացման,  իր սրտի թեկնածուներին ՍԴ դատավորներ նշանակելու գործընթացը։ Այսօր էլ նույն գործընթացը շարունակվում է, ու ՍԴ դատավորներ են նշանակվում մարդիկ, ովքեր որևէ բարոյական ու մասնագիտական իրավունք չունեն այդ բարձր պաշտոնում  լինելու»,- հայտարարեց  Նազարյանը։