Կրեմլը մեկնաբանել է Թուրքիայում ռուսական բեռնատար նավի կալանավորման մասին լուրը

Կրեմլը տեղեկություն չունի Թուրքիայում հացահատիկով ռուսական նավի կալանավորման մասին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ցավոք, Կրեմլում տեղեկություն չունենք, կարծում եմ՝ իմաստ ունի հարցնել տրանսպորտի նախարարությանը կամ ԱԳՆ-ին, քանի որ թուրքական կողմը, իհարկե, կալանավորման դեպքում, եթե այդպիսիք կան, պետք է տեղեկատվություն տրամադրի մեր դեսպանատանը և գլխավոր հյուպատոսությանը», – մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նախօրեին Թուրքիայի մաքսային ծառայության ներկայացուցիչը գործակալությանը հաստատել էր ռուսական նավի կալանավորումը, որն իբր տեղափոխում էր ուկրաինական հացահատիկ։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նավը կալանելու մասին հայտարարել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը։ Դիվանագետի խոսքով՝ այժմ բեռնանավը կանգնած է նավահանգստի դիմաց, և նրա հետագա ճակատագիրը կորոշվի երկուշաբթի օրը կայանալիք հանդիպման ժամանակ։