Համառոտ տեղեկություններ նախորդ շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին․ «Հենակետ»

Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Շաբաթվա ընթացքում Ադրբեջանի Ցամաքային զորքերի հրթիռային և հրետանային ստորաբաժանումներում մարտական կրակով տակտիկական վարժանքներ են իրականացվել։

Զորավարժություններ են տեղի ունեցել նաև Ադրբեջանի ցամաքային զորքերի օպերատիվ ստորաբաժանումներում (կոմանդոս)։

Իսկ զորամասերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ստորաբաժանումների հրամանատարների և ծառայությունների պետերի ներգրավմամբ անցկացվել է ուսումնամեթոդական հավաք։

Հունիսի 29-ին Զաքիր Հասանովը հանդիպել է Պակիստանի ՌՕՈւ հրամանատար Զահիր Ահմեդ Բաբար Սիդհուի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը նշել են, որ մեծ ներուժ կա երկկողմ ռազմական համագործակցության համար: Ադրբեջանի ՊՆ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանն ու Պակիստանը մտադիր են ընդլայնել կապերը ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում:

Հուլիսի 2-ին Կենտրոնական հրամանատարական կետում Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն։ Հանդիպմանը մասնակցել են փոխնախարարներ, զորատեսակների հրամանատարներ, գերատեսչության գլխավոր վարչությունների, վարչությունների և ծառայությունների ղեկավարներ։

Տեսակապով հանդիպմանը միացել են Ղարաբաղում տեղակայված զորամասերի և զորամիավորումների հրամանատարները։ Հասանովը դրական է գնահատել կոմանդոսի նորաստեղծ զորամասերի գործունեությունը և հանձնարարականներ տվել։

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, թե Ադրբեջանում ևս 7000 մարդ «պատերազմի վետերանի» կոչում կստանա: Մեծ Բրիտանիայի կառավարությունը տեղեկացրել ե, թե ևս 500 հազար ֆունտ ստեռլինգ կհատկացնեն Հայաստանում և Ադրբեջանում ականազերծման համար։

Թուրքիայի Քոնիա քաղաքում ընթացող «Անատոլիական արծիվ-2022» միջազգային մարտավարական-թռիչքային վարժանքների շրջանակում անցկացվել է «Բարձր մակարդակի դիտորդի օր»։ Միջոցառմանը մասնակցել է Ադրբեջանի ՌՕՈւ հրամանատարի տեղակալ Նամիկ Իսլամզադեն։

Թուրքիան ընդունել է «Eternity-2022» զորավարժությունների պլանավորման առաջին խորհրդակցությունը: Զորավարժություններն անցկացվելու են 2022 թ. հոկտեմբերի 17-ից 28-ը Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողների մասնակցությամբ։

Կովսականում (Զանգելան) բացվել է սակրավորների նոր շարժական դաշտային ճամբար։ Ալժիրում Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆայել Բաղիրովը և Ալժիրի ականների զոհերի պաշտպանության ազգային ասոցիացիայի ներկայացուցիչ Գելանի Ջվադին քննարկել են Ադրբեջանի և Ալժիրի միջև ականազերծման ոլորտում փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր։

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը և Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը դատապարտել են նախագահ Ջո Բայդենի կողմից «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումը կրկին շրջանցելու փաստը, որով նորից հնարավոր է դարձել ԱՄՆ կողմից ռազմական աջակցության տրամադրումն Ադրբեջանին: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ներկայացուցիչ Ջուդի Չուն ևս կոչ է արել դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին։

Ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, որ Իսրայելը կօգնի Ադրբեջանին կիբերանվտանգության մասնագետների պատրաստման հարցում։ Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևի գլխավորած պատվիրակության Իսրայել կատարած այցի ընթացում համաձայնագիր է ստորագրվել իսրայելական հանրահայտ «Technion» համալսարանի հետ։

Ադրբեջանի կիբերանվտանգության կենտրոնը, որը, ըստ համաձայնագրի, գործունեությունը սկսելու է առաջիկա 3 տարիների ընթացքում, պատրաստելու է ավելի քան 1000 մասնագետի։ Ծրագրի շրջանակում ուսուցումն անցկացվելու է Բաքվում՝ «Technion» համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի մասնակցությամբ։

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

Շուշիի շրջանի հարցերով Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդըն Քերիմովը հայտարարել է, թե աշխատանքներ են տարվում քաղաքի երեք մզկիթներում և մի շարք այլ պատմական օբյեկտներում, շարունակվում է հինգաստղանի հյուրանոցի շինարարությունը, կկառուցվեն նաև նոր հյուրանոցներ։

Նրա խոսքով՝ մեկնարկել է նաև առաջին բնակելի համալիրի շինարարությունը։ Մոտ ապագայում կիրականացվեն նոր ծրագրեր քաղաքի ենթակառուցվածքների զարգացման համար, որոնք վերաբերում են էլեկտրաէներգիայի մատակարարմանը, ջրամատակարարմանը, կոյուղու ցանցերի ստեղծմանը:

«ԱզՎիրտ» ընկերության գլխավոր տնօրենի խորհրդական Ջեյհուն Սաֆարովը հայտարարել է, թե Լաչինի միջազգային օդանավակայանը կկարողանա 1 ժամում սպասարկել մինչև 200 ուղևոր: Նրա խոսքով՝ Լաչինի միջազգային օդանավակայանը կլինի Ղարաբաղում կառուցված թվով երրորդ միջազգային օդանավակայանը:

Շաբաթվա ընթացքում տեղի է ունեցել Չմիավորման շարժման խորհրդարանական ցանցի Բաքվի համաժողովի մասնակիցների այցը Արցախից գրավված տարածքներ։ Վարանդայի (Ֆիզուլի) շրջան ժամանած պատվիրակությունը ծանոթացել է Վարանդայի միջազգային օդանավակայանին, այնուհետև ուղևորվել է Շուշի։

«Eurasianet»-ը գրել է, թե նոր հետաքննությունը ցույց է տալիս, որ գյուղատնտեսական ընկերությունները, որոնք կապված են ազդեցիկ մարդկանց, այդ թվում՝ Ալիևի ընտանիքի հետ, ստացել են ոչ թափանցիկ պայմանագրեր՝ Ղարաբաղում հող մշակելու համար։

Մամուլում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, որ ադրբեջանցիները տեղափոխում են Բերձորի (Լաչին) ճանախարհին տեղադրված խաչքարը: Այդ հատվածով պետք է անցնի ադրբեջանցիների կողմից կառուցվող և Բերձոր քաղաքը շրջանցող նոր ճանապարհը։

Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, թե թուրք–ադրբեջանական համագործակցությունը հաղթեց Ղարաբաղում։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Ադրբեջանը և Իրանը քննարկում են Խուդաֆերինի կամրջի համատեղ վերականգնման հնարավորությունը։

Տարածաշրջանային նախագծերի մասին

Ալիևը հայտարարել է, թե Հայաստանի և մի շարք երկրների՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը վերականգնելու փորձերն անարդյունավետ են և կործանարար խաղաղ գործընթացի համար:

ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կշարունակի աշխատանքը՝ տեղեկացնելով, որ Մինսկի խմբի ռուս համանախագահը չի ընդունել ԼՂ ապագան քննարկելու հրավերը։

Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարել է, թե իրենք սպասում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուտափույթ բացմանը: Ելույթ ունենալով Աշխաբադում կասպյան 6-րդ գագաթաժողովի շրջանակում Իլհամ Ալիևը պնդել է, որ «Զանգեզուրի միջանցքն» այլևս «իրականություն» է:

Ռուսական «Известия»-ին բարձրաստիճան աղբյուրը հայտնել է, որ Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին օգնել է համաձայնության հասնել «Զանգեզուրի միջանցքի» ճանապարհի շուրջ, մնում է համաձայնեցնել 6 կմ-անոց փոքր ճանապարհահատվածը:

Լրատվամիջոցի բարձրաստիճան աղբյուրը նշել է, թե Երևանն արագացրել է նախագծի հաստատումը այն բանից հետո, երբ Բաքուն մտադրվել է երթուղի կառուցել ոչ թե Հայաստանով, այլ Իրանով:

Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) և ոչ անդամ երկրների նախարարների 30-րդ նիստում Ադրբեջանն աջակցել է օգոստոսին հում նավթի օրական արդյունահանումը 648 հազար բարելով ավելացնելու որոշմանը։ Օգոստոսին սահմանված քվոտաների համաձայն՝ Ադրբեջանում հում նավթի օրական արդյունահանումը կավելանա 11 հազար բարելով՝ մինչև 717 հազար բարել։

Այլ թեմաներ

Պաշտոնական Բաքուն որևէ կերպ չի արձագանքել Կիևում Ադրբեջանի դեսպանատան հրթիռակոծություններին։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ անցած կիրակի Կիևի հրթիռակոծություններից մեկի հետևանքով լուրջ վնաս է հասցվել Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան շենքին։

Իրանի հոգևոր առաջնորդին հարող «Kayhan» օրաթերթում ծավալուն հոդված է հրապարակվել Բաքվի իշխանության կողմից Ադրբեջանում շիա հավատացյալների նկատմամբ տարվող խիստ քաղաքականության վերաբերյալ, որում շեշտվել է, որ Ադրբեջանում վերջին ամիսներին ակտիվացել է շիա հավատացյալների նկատմամբ ճնշումը, գուցե այն պատճառով, որ Բաքվի կառավարիչները ժողովրդի կրոնական ինքնության վերադարձը համարում են սպառնալիք իրենց իշխանության համար։