Իշխանական գահը պահելու համար գործող իշխանական խմբակն ամեն ինչ անում է Հայաստանը 15-րդ դարի Անգլիայի վերածելու համար

Իշխանական գահը պահելու համար գործող իշխանական խմբակն ամեն ինչ անում է Հայաստանը նկարում պատկերված 15-րդ դարի Անգլիայի վերածելու համար։ Կարմիր և սպիտակ վարդերի քաղաքացիական պատերազմը, դրդված հարյուրամյա պատերազմից առաջացած տնտեսական ճգնաժամով, իր բոլոր արհավիրքներով սպառնում է մարմնավորվել մեր երկրում։

Ավետարանական ճշմարտությունն ասում է, որ. «Ծառը պտուղից է ճանաչվում», նիկոլիստների իշխանությունն արդեն իսկ ճանաչվում է, որպես փամփուշտ՝ ազատ խոսքի դիմաց գործելաոճով ու մարդկային կյանքեր՝ իշխանության դիմաց տրամաբանությամբ։ Երեկ Ապարանում կատարված ողբերգությունը մեզ գուժում է այնպիսի արհավիրքով, որի դիմաց մարտիմեկյան դեպքերը գուցե էլ չհիշատակվեն։

Չարիքների և աղետների մարմնավորման տեսանկյունից, այս ապիկար իշխանությանը, Աստված մի արասցե, թերևս մնում է ատոմակայանի միջուկային խափանումը, հայ ազգի գլխին արհավիրքների գեներացման սեփական հավաքածուն համալրելու համար։

Քաղաքացիական պատերազմը սոցիալական կամ ներքին քաղաքական ճգնաժամի սուր շարունակությունն է, որտեղ պետական իշխանությունն ի վիճակի չէ երկխոսություն կազմակերպել անհանդուրժողականության նվազման նպատակով։ Քաղաքացիական պատերազմի գործոններն, ցավոք առկա են մեզնում՝ համերաշխության մակարդակի շեղում, կապիտուլացում, օտարերկրյա ներխուժում։

Եթե հանկարծ, Ապարանում տուժողների հարազատները /լույս իջնի զոհվածների հոգիներին և ապաքինում վիրավորներին/ փորձեն գնալ հակաքայլերի, ապա մենք կապիտուլյանտների խմբակի կողմից Հայաստանի համար «նվեր» կստանանք «Եգիպտոսի 10 պատիժները»։ Սեփական իշխանությունը պահելու համար քաղաքացիական պատերազմը սրանց համար լիովին ընդունելի ու վերջին տեխնոլոգիական լուծումը կլինի՝ հայրենիքի մասնատման և բանակի գլխատման ֆոնին։

Այլևս պարզից էլ պարզ է, որ կապիտուլյանտները վերջնականորեն տապալել են պետական կառավարման գործառույթը և իշխանությունն օր ավել պահելու համար փորձում են գնալ կառավարելի քաոսի ճանապարհով։ Քաոս, որտեղ յուրաքանչյուր քաղաքացու կյանք և ճակատագիր կարող է մատաղ արվել հանուն սրանց իշխանավարման՝ առանց խտրականության։

Հասարակության մեջ ատելություն սերմանած, կովիդի զոհերի պատասխանատվությունն ուսներին, 5000-ից ավելի երիտասարդների կյանք խլած իշխանության համար, նման գործելաոճը ընդդիմադիրների աճող զանգվածին հակադարձելու և տեռորի մթնոլորտ ստեղծելու պատեհ տարբերակ կարող է դիտարկվել։

Այնինչ, Հայաստանում, սոցիալական և ներքաղաքական ճգնաժամն ունի անուն և ազգանուն, զբաղեցնում է բարձրագույն պետական պաշտոն, ներկայացնում է քաղաքական թիմ և թյուրիմացաբար գտնվում է ՀՀ կառավարության շենքում։

 Լևոն Նազարյանի ֆեյսբուքյան էջից