Փորձագետները կարծում են, որ պատերազմի ուրվականը մոտենում է Եվրոպային

Ուկրաինայում ռազմական գործողությունների երկարաձգումը կարող է հանգեցնել ծայրահեղ բացասական հետևանքների և դառնալ պատերազմի պատճառ ամբողջ Եվրոպայում։ Չորեքշաբթի նման տեսակետ է հայտնել ռազմավարական սպառազինությունների ոլորտում չինացի հեղինակավոր փորձագետ Սուն Չժունպինը։  Գրում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանը հստակ հասկացրել է, որ չի կարող պարտվել: Եթե երկու կողմերն էլ շարունակեն կոշտ լինել, ապա մարտերը կարող են ծավալվել ողջ Եվրոպայում, ինչը մեծ աղետ կլինի բոլոր եվրոպական երկրների, ինչպես նաև ամբողջ աշխարհի համար», – նրա խոսքերը մեջբերել է «Գլոբալ Թայմս»-ը:

Ըստ Սուն Չժունպինի՝ ԱՄՆ-ը, փաստորեն, Ուկրաինային դարձրեց ՆԱՏՕ-ի անդամ: «Չէ՞ որ նախկինում դաշինքի ոչ մի անդամ ԱՄՆ-ից այսքան մեծ աջակցություն չի ստացել, հատկապես՝ սպառազինության առումով»,- ընդգծել է փորձագետը։

Չինաստանի Հասարակական գիտությունների ակադեմիայի նրա գործընկեր Չժան Հունը, ով մասնագիտացած է Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հարցերում, նշել է, որ Կիևը «փորձում է Մոսկվային ներքաշել երկարատև պատերազմի մեջ՝ սպառելու համար Ռուսաստանի տնտեսական և ռազմական հզորությունը»։ Նրա խոսքով՝ Ուկրաինան այդպիսով հույս ունի, որ ի վերջո Ռուսաստանի Դաշնությունը ստիպված կլինի դուրս բերել իր զորքերը։ Նա ասել է, որ Ուկրաինայում երկարատև պատերազմը սպառնում է հանգեցնել «աներևակայելի հետևանքների»՝ նշելով նաև միջուկային զենքի կիրառման հնարավորությունը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։