Աշոտ Մինասյանի գործն ուղարկվել է դատարան. կալանավորումը վերացնելու միջնորդությունը մերժվել է

«Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ), գործով հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է գործով մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան։ Այս մասին  հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Աշոտ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ պաշտպանի բողոքը, ինչպես նաև Մինասյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդությունը, ըստ դատախազության, մերժվել են՝ բավարար հիմքերի բացակայության հիմնավորմամբ։

Հիշեցնենք, որ 2020 թ․ նոյեմբերի 9-ին 44-օրյա պատերազմը դադարեցնելու եռակողմ հայտարարությունը ստորագրելուց օրեր անց ԱԱԾ-ը ձայնագրություն տարածեց այն մասին՝ իբրև ԱԱԾ նախկին տնօրեն, ներկայումս՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը, ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանը և «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը Նիկոլ Փաշինյանի սպանությունն են նախապատրաստում և իշխանությունն են յուրացնում։

2021 թ․ դեկտեմբերին քրեական գործը կարճվեց։ Սակայն լեգենդար հրամանատարը մեղադրվում է նաև ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու և պահելու մեջ: Նրա պաշտպանները դիմել են նաև դատախազություն՝ ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) քրեական գործը նույնպես կարճել և Աշոտ Մինասյանին ազատ արձակել։

Նշենք, որ Աշոտ Մինասյանին ազատ արձակելու համար նաև երաշխավորագիր էին ներկայացրել Բագրատ Սրբազանը, Գրիգորի Խաչատուրովը և Հրանտ Թոխտյանը:

Աշոտ Մինասյանի կալանավորելու միջնորդությունը մերժել էր Վերաքննիչ դատարանը։ Գլխավոր դատախազի տեղակալը Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք էր ներկայացրել։ Դատախազը պնդել էր՝ Աշոտ Մինասյանն ապօրինի ձեռք է բերել մեծաքանակ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր, դրանք տեղափոխել և պահել իրեն պատկանող շինությունում՝ քննության տվյալ փուլում ինքնությունը դեռևս չբացահայտված անձանց հետ նախնական համաձայնությամբ, հետևաբար, նա, գտնվելով ազատության մեջ, կարող է խոչընդոտել գործի քննությանը:

Վճռաբեկ դատարանն արձանագրել էր, որ ապօրինի զենք-զինամթերք պահելու դրվագով առկա է հիմնավոր կասկած, իսկ ահա Փաշինյանի սպանության ենթադրյալ նախապատրաստման և իշխանության յուրացման դրվագներով՝ ոչ։

Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել էր դատախազության բողոքը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Առաջին ատյանի դատարանը քննել էր Աշոտ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը և կրկին մերժել այն, անգամ՝ կալանավորման հիմքերի բացակայության հիմքով։ Առաջին ատյանի դատարանը գտել էր, որ Մինասյանը, գտնվելով ազատության մեջ, չի խոչընդոտի գործի քննությանը:

Ավելի քան մեկ տարվա պայքարից հետո դատախազությունը հասավ ցանկալի արդյունքին. Վերաքննիչ դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանը լեգենդար հրամանատարին կալանավորելու որոշում էր կայացրել։