Ինչի՞ դիմաց է Սայեն Հայրապետյանը համաձայնել դառնալ Մասիսում իշխանական թեկնածու. ուշագրավ փաստեր․ Yerevan.Today

Yerevan.Today-ը գրել է «Մասիս խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում առաջադրված  իշխանական թեկնածու Սայեն Հայրապետյանի հետ Yerevan.Today-ի չստացված հարցազրույցից հետո սոցցանցում բուռն քննարկվում է այդ անձի՝ դատալեքսում առկա սնանկության  մասին «տպավորիչ»  կենսագրությունը, որի «սքրինշոթերը» հրապարակել էինք նույն տեսանյութում։ Խոսքը նրա պարտատերերի ցուցակի մասին է, որն իմի է բերել դատարանը, և նրա գույքը 2018 թվականին հանել է վաճառքի:

Այո, իրականում Մասիսում Փաշինյանի քաղաքական թիմի առաջադրած քաղաքապետացուն,  ըստ պաշտոնական տվյալների, անաշխատ մեկն է, դատական պաշտոնական  տեղեկատվական համակարգի տվյալների համաձայն՝ պարտքերով ապրող․ չունի եկամուտներ, ապրում է, ենթադրաբար, ընտանիքի անդամների հաշվին և ժողովրդական լեզվով ասած՝ քցել է  իր պարտատերերին, ու առնվազն 6 տարի դատական քաշքշուկների մեջ է պարտքերի պատճառով: Ավելին, դատարանով անգամ սնանկ է ճանաչվել, վաճառքի է հանվել նրա ողջ ունեցվածքը https://www.azdarar.am/announcments/org/46/00521235/ :

«Դատալեքսի» առկա տեղեկատվության համաձայն՝ 2016թ-ին, երբ վերջնական հաստատվել է պարտքատերերի ցուցակը, պարզվել է՝ Սայեն Հայրապետյանը «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ին պարտք է եղել շուրջ 64 հազար ԱՄՆ դոլար և լրացուցիչ 508 հազար դրամ, իսկ ոմն Արմեն Սարգսյանի՝ 5 մլն  500 հազար դրամ: Ըստ որոշ տեղեկությունների՝ այս պարտքերի արանքում  իր «մեղքի բաժինն» է ունեցել երկու տարի առաջ սպանված ԲՀԿ-ական նախկին պատգամավոր  Յուվեցի Կարոն, ասում են՝ ինչ-որ գործարքում «քցել է» Սայեն Հայրապետյանին։

Բայց նրա մահից առաջ է Սայեն Հայրապետյանն իր ողջ գույքով հանդերձ կանգնել դատարանի առաջ, 2018-ին բանկի պահանջով հանվել է նրա գույքը վաճառքի, գնահատվել է ընդհանուր 66 մլն 430 հազար դրամ բայց մինչ օրս  Սնանկության դատարանում է գործը ու անավարտ փուլում է համարվում:

Ընդունենք, սա իրականում բավականին  ծանրակշիռ փաստ է, որ խոսում է թեկնածուի անձնական որակների մասին և,  թերևս, չի կարող չանդրադառնալ  ընտրություններն արդյունքների վրա: Ի վերջո, պարտքեր վերցնել ու դրանք պատասխանատու կերպով չմարել, արդյունքում ընկել դատական քաշքշուկի մեջ, կանգնել ողջ ունեցվածքը փաշիացնելու ռիսկի առջև ու սնանկ ճանաչվել դատարանով, սա առնվազն խոսում է անձի  պատասխանատվության զգացումի և անձնային կարևոր որակների մասին (անկախ տվյալ իրավիճակի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից)․․․

Հիշեցնենք, Դեկտեմբերի 5-ին Մասիս խոշորացված համայնքում քաղաքային իշխանություն ձևավորելու համար պայքարի մեջ է մտել երկու քաղաքական ուժ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Սայեն Հայրապետյանի դեմքով, և Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը՝ իր անվամբ ստեղծած դաշինքով: Դավիթ Համբարձումյանի կենսագրական տվյալներում երկու բարձրագույն կրթության դիպլոմների մասին է նշվում՝  ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետ՝ «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ և Պետական կառավարման ակադեմիա՝ «Հանրային կառավարում» մասնագիտությամբ: Դավիթ Համբարձումյանը  2011-թից սկսած մի շարք պաշտոններ է զբաղեցրել ՀՀ վերահսկիչ պալատում և մասնավոր բիզնեսում եղել է տնօրեն»,- գրում է կայքը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում