Հակոբ Արշակյանն ընդունել է Սերգեյ Կոպիրկինին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

ԱԺ տեղեկացմամբ, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Հակոբ Արշակյանը, շնորհակալություն հայտնելով ռուսական կողմի ցուցաբերած աջակցության համար, բարձրաձայնել է 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների հրատապ կարգավորման հարցը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը պետք է անհապաղ վերադարձնի ռազմագերիներին և պահվող այլ անձանց՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության:

Դեսպանն իր հերթին նշել է, որ խնդիրը ՌԴ իշխանությունների ուշադրության կենտրոնում է:

ՀՀ ԱԺ փոխնախագահը երկու երկրների դաշնակցային և ռազմավարական հարաբերություններում կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը, անդրադարձել միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցությանն ու պատվիրակությունների համատեղ աշխատանքին:

Այս համատեքստում Հակոբ Արշակյանը նշել է, որ շուտով կկազմավորվեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակությունները և առաջիկայում կմասնակցեն վեհաժողովների նիստերին:

Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հետագա գործունեությանը, կարևորել խորհրդարանական հանձնաժողովների համատեղ աշխատանքը, խոսել իշխող կուսակցություների միջև կապերի ընդլայնման մասին:

2022 թվականին լրանում է Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Կողմերը քննարկել են նաև այդ կապակցությամբ անցկացվելիք միջոցառումների օրակարգին առնչվող հարցեր: