Առանց Արցախի բացառվում է հայկական պետականության բարեկեցիկ ապագան․ ՀՀ-ում Արցախի ներկայացուցիչ

«ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հրատապ թեմաներով արդեն երեք քննարկում է կազմակերպել, սակայն դրանցից ոչ մեկին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորից որևէ մեկը ներկա չի եղել»,- ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից  տեղահանված արցախցիների իրավունքների մասին կազմակերպված քննարկմանն ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:

Այսօրվա քննարկմանը հրավիրվել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը:

Ընդդիմադիր պատգամավորը հարց ուղղեց Ս. Ղազարյանին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները պատերազմից հետո չեն այցելում Արցախ՝ խնդիրը գերի ընկնելու վա՞խն է, Ալիևի արգե՞լքը, թե այլ պատճառ կա, որևէ տեղեկություն ունի՞ և ինչպե՞ս է գնահատում այդ փաստը:

Ս. Ղազարյանը ասաց, որ չի կարող գնահատական տալ, բայց կարող է մի բան փաստել՝ առանց Արցախի բացառվում է, որ հայկական պետականության բարեկեցիկ ապագա որևէ մեկն ընկալի. «Եվ բոլոր ջանքերը՝ կապված կլինեն Արցախ այցելելու հետ, թե առանց այցելելու, պետք է այդ հանգամանքը հաշվի առնել»: