Աթենքում և Բեռլինում անցկացված՝ հայությանն առնչվող գիտաժողովներին ՀՀ դեսպանության ներկայացուցիչները չեն մասնակցել

Հունիսի 4-ին Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոնը և Հայկական ժողովրդային շարժումը, Հունաստանում Կիպրոսի Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի հետ համատեղ կազմակերպել են 1919 թ․ Փարիզի խաղաղության վեհաժողովի 100-ամյակին նվիրված գիտաժողով:

«Հայերն այսօր»ի տեղեկացմամբ, այս մասին հաղորդել է Աթենքի «Հայաստան» լրատուն։

Գիտաժողովն սկսվել է Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ Հայկ Գասարճյանի ողջույնի խոսքով։

Աթենքի համալսարանից մասնակցել են Օսմանյան կայսրության պատմության ամբիոնի դոցենտ Պարասկևաս Քոնորթասը և պատմական գիտությունների թեկնածու Անդրեաս Անդոնոպուլոսը, Սալոնիկի համալսարանից՝ պատմական գիտությունների թեկնածու Վլասիս Աղձիդիսը և Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոնից` կենտրոնի քարտուղար, գրող Հովսեփ Քասեսյանը:

Հ․ Քասեսյանն իր ելույթում անդրադարձել է բարձրակարգ մշակույթի կրող քրիստոնյա մեծամասնության վրա Օսմանյան կայսրության թողած ազդեցությանը և այն փաստին, որ ենթակա ժողովուրդները երբեք չեն դադարել ապստամբել Օսմանյան ռեժիմի դեմ, մինչդեռ եվրոպացիները թուրքերին տարածաշրջանում համարում էին օտար տարր:

Պ․Քոնորթասը ներկայացրել է 19-րդ դարի Թանզիմաթի ժամանակահատվածում Օսմանյան կայսրությունը բարեփոխելու և գոյատևելու համար արված քայլերի, Կայսրության ենթակա ժողովուրդների և Եվրոպայի վրա այս քայլերի թողած ազդեցությունների մասին:

Անդոնոպուլոսը անդրադարձել է Կ.Պոլսի հունական համայնքի և 19-րդ դարում համայնքի ազգային, տնտեսական և մշակութային առաջընթացին:

Աղձիդիսը նկարագրել է թուրքական ռեժիմի կողմից ենթակա ժողովուրդների հետ հակամարտության հարցը` նրանց արտաքսմամբ/ոչնչացմամբ «վերջնական լուծում» տալու դրդապատճառների ու մեթոդների մասին:

Հունաստանում Կիպրոսի դեսպանատանը կազմակերպված գիտաժողովին ներկա էին հայ, հույն և կիպրացի համայնքների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, պատմաբաններ, դիվանագետներ: Միջոցառումից բացակա էին ՀՀ դեսպանության ներկայացուցիչները։ ՀՀ դեսպանության ներկայացուցիչները բացակա էին նաև Հայաստանին և հայությանը առնչվող Բեռլինի վեհաժողովի 140-ամյակին նվիրված գիտաժողովից, որը 2018 թ․ մարտին կազմակերպվել էր նույն դեսպանատանը, ինչպես նաև բացակա էին հայ ժողովրդի բարեկամ, հույն անվանի բանաստեղծ, գրող Յորղոս Սուրիսի մահվան 100-րդ տարելիցին նվիրված` Հույն գրողների միության կենտրոնում կազմակերպված միջոցառումից, որը տեղի ունեցավ 2019 թ․ փետվարին։

Հիշեցնենք, որ Կիպրոսի դեսպանատան մշակույթի կենտրոնում կազմակերպված գիտաժողովը երրորդն էր Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոնի ծրագրած 100 միջոցառումներից, որոնք իրականացվելու են առաջիկա հինգ տարվա ընթացքում: Բոլոր միջոցառումները նվիրված են լինելու 1919-1923 թթ․տեղի ունեցած իրադարձությունների 100-ամյակներին, որոնք վճռորոշ ազդեցություն են ունեցել հայ և հույն ժողովուրդների վերջին հարյուր տարվա պատմության վրա: Դրանցից են` Փարիզի խաղաղության վեհաժողովը, Սևրի հաշտության պայմանագիրը, Զմյուռնիայի աղետը, Լոզանի պայմանագիրը և այլն: