ՀՀ զինված ուժերն առաջիկայում կարող են գործադրվել` պլանավորված պարտության և Սյունիքի միջանցքն իրականություն դարձնելու համար

Հայաստան- Ադրբեջան և, հատկապես, Երասխ- Սադարակ հատվածի սահմանային լարված իրավիճակի առնչությամբ երեկ հայտարարությամբ  հանդես եկավ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:

Թերևս սա այն դեպքերից է, երբ հայտարարության «անկեղծությունից» ցնցված, պետք է խաչակնքել կամ առնվազն ասել` խեր լինի… Թե Միացյալ Նահանգները և Եվրոպան իրականում որքա՞ն են մտահոգված, կամ, ընդհանրապես, մտահոգվա՞ծ են, թե ոչ, եթե մտահոգված են, իրականում ինչո՞վ են մտահոգված, տեսանք ու հասկացանք 2020թ. 44-օրյա պատերազմին անմիջապես նախորդած շրջանում և ողջ պատերազմի ընթացքում:

«Միացյալ Նահանգները մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով գրանցվող միջադեպերով, հատկապես՝ Երասխ/Սադարակ հատվածի վերջին դեպքերով:

Մենք երկու կողմին կոչ ենք անում արագ և խաղաղ կերպով թուլացնել լարվածությունը և առարկայական բանակցությունների վերսկսման տիրույթ ստեղծել»,- նշված է հայտարարության մեջ։

«Արագ»-ը հասկանալի է, իսկ, ի՞նչ է, լարվածությունը ոչ խաղաղ կերպո՞վ էլ են թուլացնում, որ հիմա կոչ է արվում «խաղաղ կերպով թուլացնել»… Պարզվում է, այո: Օրինակ, կողմերից մեկը մյուսին պատերազմում պարտվում է, հետո ստորագրում է կապիտուլյացիոն համաձայնագիր, և լարվածությունը, պատերազմի օրերի համեմատ, մեծապես թուլանում է: Այնպես որ, ԱՄՆ-ը գիտե ինչ է հայտարարում, ինչ է ակնարկում, և բացառված չէ, որ նույնիսկ տեղյակ է Երևանից մի քանի տասնյակ կիլոմետր այն կողմ ծավալվելիք իրադարձությունների սցենարին, հայտարարությունն էլ նրա համար է, որ հետո ասեն` մենք ձեզ ժամանակին կոչ արեցինք…

Կարճ ասած, երբ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունն է հանդես եկել Հայաստան- Ադրբեջան սահմանի երկայնքով գրանցվող միջադեպերի, հատկապես, Երասխ- Սադարակ հատվածի վերջին դեպքերի առնչությամբ հայտարարությամբ, պետք է շուտով սպասել ավելի թեժ իրադարձությունների:

Վերոնշյալի մասին է հուշում նաև այն, որ ՀՀ արտգործնախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը հրավիրել և երեկ` հուլիսի 20-ին, ընդունել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին, ինչը սովորաբար արվում է վճռորոշ կամ կարևոր իրադարձությունից կամ իրադարձություններից առաջ ու դրանց վերաբերյալ երկրի դիրքորոշումն արտաքին աշխարհին ներկայացնելու նպատակով: Իսկ ո՞րն է լինելու այդ վճռորոշ իրադարձությունն այս դեպքում… Ընդդեմ Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ ուժի կիրառման և ուժի կիրառումը քաղաքականության մշտական գործիք դարձնելու, Արմեն Գրիգորյանը հատուկ ընդգծել է` «Հայաստանը գործի է դնելու իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը…»:

Բնականաբար, հարց է առաջանում` ՀՀ համապատասխան պաշտոնյաները, որոնք երեկ կատու էին, այսօր առյո՞ւծ են կտրել… Այդ ի՞նչ է պատահել, այդ ի՞նչ լու է կծել նրանց… Պարզ է, որ եթե Հայաստանը խոսքից գործի անցնի և Ադրբեջանի նկատմամբ կիրառի իր ոչ միայն քաղաքական, այլև ռազմական ողջ գործիքակազմը, դա նշանակելու է նոր պատերազմ` փոքր մասշտաբի կամ լայնամասշտաբ:

Իսկ պատրա՞ստ ենք մենք այդ պատերազմում հաղթելու, և ոչ թե խայտառակ պարտություն կրելու, ինչպես 2020-ի պատերազմում, և այդ պարտության արդյունքում կապիտուլյացիոն համաձայնագիր ստորագրելու` այս անգամ էլ զոհաբերելով առնվազն Սյունիքի տարածքի մի մասը, դրանով Ադրբեջանին իր ուզած Սյունիքի միջանցքը տալու, որի նպատակը սոսկ Նախիջևանի հետ հուսալի, անվտանգ, սեփական զինված ուժերի կողմից երաշխավորված կապի ապահովումը չէ: Թուրքիան և Ադրբեջանն ավելի խորքային ու հեռուն գնացող նպատակներ ունեն…

Ըստ դեսպանների հետ նույն հանդիպման ընթացքում Արմեն Գրիգորյանի հայտարարության, «Այսօր ՀՀ զինված ուժերը լիարժեքորեն կատարում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը երաշխավորելու իրենց պարտականությունները»։

Իսկապե՞ս… Բա որ կատարում են, ինչո՞ւ 2 ամիս առաջ թույլ տվեցին, որ թշնամու զորախմբերը Սյունիքում և Գեղարքունիկում երեք ուղղությամբ ներխուժեն ՀՀ տարածք և երկու մարզում էլ զավթեն, օկուպացնեն մեր երկրի տարածքի մի մասը` դրանով խախտելով ՀՀ տարածքային ամբողջականությունը…

Ինչպե՞ս են ՀՀ զինված ուժերը լիարժեքորեն կատարում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը երաշխավորելու իրենց պարտականությունները, երբ այս պահին էլ ՀՀ տարածքային ամբողջականությունը Սյունիքում ու Գեղարքունիկում շարունակում է մնալ խախտված: Ճի՛շտ հակառակը` ՀՀ զինված ուժերը չեն կատարել ու չեն կատարում Հայաստանի տարածքային ամբողջականությունը երաշխավորելու իրենց պարտականությունները, ինչն անժխտելի փաստ է, հետևաբար ՀՀ արտգործնախարարի պարտականությունները կատարողի ասածը լկտի սուտ է:

Այլ խնդիր է, որ ՀՀ գերագույն գլխավոր դավաճանն ու նրա իշխանությունն առաջիկայում կարող են ՀՀ զինված ուժերը գործի դնել` իբր Հայաստանի տարածքային ամբողջականությունը երաշխավորելու համար, իսկ իրականում, ինչպես ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն է այսօր հայտարարել «5-րդ ալիք», «Երկիր», Հայկական 2-րդ հեռուստաալիք հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում, դարձյալ կիրառել պլանավորված պարտության տեխնոլոգիա:

Այն, որ ՀՀ իշխանություններն առաջիկայում կարող են գործի դնել ՀՀ զինված ուժերրը` Սյունիքում ու Գեղարքունիկում գտնվող ադրբեջանական զորախմբերին (կամ նրանց շուրջ գտնվող տարածքներին…) հարվածելու համար, հուշում է նաև դեսպաններին Արմեն Գրիգորյանի ասածը ոչ միայն Հայաստանի կողմից իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը գործի դնելու վերաբերյալ, այլև այն մասին, որ «Հայաստանի Հանրապետությունը և ողջ հայ ժողովուրդը չի հանդուրժելու իր իրավունքների նման խախտումներ»։

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան