ԱԳՆ բոլոր փոխնախարարներն էլ կատարում են իրենց պարտականությունները ԱԳՆ լրատվության վարչության պետ

ԱԳՆ բոլոր  փոխնախարարներն էլ կատարում են իրենց պարտականությունները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետ Սերոբ Բեջանյանը՝ անդրադառնալով լուրերին, որ փոխնախարարները աշխատանքից ազատման դիմումներ են գրել։

Մեր հարցին, թե փոխնախարարները դիմումնե՞ր են գրել, Սերոբ Բեջանյանն ասաց.

«Դիմումների հարցով դիմեք փոխնախարարներին»։

Նշենք, որ այսօր Կառավարության նիստին ԱԳՆ–ից ներկայացուցիչ չկար։

Հավելենք՝ մայիսի 27–ին, հայտնի դարձավ, որ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: ԱԳՆ անձնակազմի հետ  հրաժեշտի հանդիպմանը Արա Այվազյանը հայտարարել էր, որ իր հրաժարականի որոշումը պայմանավորված էր այն  պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ ԱԳՆ–ը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել։