Նկատելիորեն սրվում են Ադրբեջան- Ռուսաստան, Թուրքիա- Ռուսաստան հարաբերությունները. 3
Սկիզբը՝ այստեղ
Չնայած նրան, որ Կրեմլում՝ հանձին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, նշել էին, որ Բաքվում Ռուսական տան փակումը թյուրիմացություն են համարում, որը կհաջողվի լուծել երկխոսության միջոցով, և որ Ռուսաստանն այդ հարցը կդնի ադրբեջանցի գործընկերների առջև տարբեր մակարդակներով, ընդհուպ մինչև բարձրագույն, Ադրբեջանի իշխանությունները վարվեցին թուրքին բնորոշ հոգեբանությամբ ու գործելակերպով՝ առանց երկար- բարակ մտածելու, արագորեն «գլխատել» նրան, ում համարում են թշնամի:
Ադրբեջանի մայրաքաղաքում 2 առաջ արդեն սկսել են ապամոնտաժել Բաքվում «Ռոսսոտրուդնիչեստվո»- ի շահերը ներկայացնող, նրա ներկայացուցչությունը հանդիսացող տեղեկատվական- մշակութային կենտրոնի՝ Ռուսական տան շենքի վրա եղած գրությունները. այս մասին «РИА Новости»– ին հայտնել են Ադրբեջանում «Ռոսսոտրուդնիչեստվո»- ի ներկայացուցչությունից:
«Շենքի գրությունների ապամոնտաժման գործընթաց է ընթանում»,- ասել են Ռուսական տնից:
Մասնավորապես հեռացվել են շենքի վրա եղած «РУССКИЙ ДОМ», «RUS EVi» (ադրբեջաներեն՝ Ռուսական տուն) գրությունները, ինչպես նաև այլ գրություններ: Ադրբեջանը փետրվարի 3-ին ռուսական կողմին պաշտոնապես նոտա էր հղել Բաքվում Ռուսական տան գործունեության դադարեցման մասին: Ադրբեջանի ԱԳՆ-ում այդ պահանջը պատճառաբանել էին նրանով, որ կազմակերպությունը չի գրանցվել որպես իրավաբանական անձ, որով խախտել է հանրապետության օրենսդրությունը:
Մինչդեռ, «Ռոսսոտրուդնիչեստվո»- ի ղեկավար Եվգենի Պրիմակովն, իր հերթին, հայտնել էր, որ Մոսկվան բազմիցս դիմել է ադրբեջանական գերատեսչություններին՝ Ռուսական տան գրանցման և այդ հարցում օգնելու խնդրանքով, սակայն պատասխան չի ստացել: Պրիմակովը պատմել էր նաև, որ Ռուսական տան վարձակալած շենքի սեփականատերը վաճառում է այն և առաջարկում է հեռանալ մեկուկես ամսվա ընթացքում:
Սակայն ոչ թե մեկուկես ամիսը, այլ նույնիսկ մեկուկես ամիսը չլրացած, Ադրբեջանի իշխանություններն արագորեն անցել են Բաքվում Ռուսական տունը փակելուն: Եվ սա՝ ընդամենը 5 օր անց փետրվարի 6- ի ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությունից, որ Մոսկվան պատրաստ է կատարել անհրաժեշտ գործողությունները Բաքվում «Ռուսական տան գրանցումն ավարտելու համար», և դա անել Ադրբեջանի օրենսդրությանը համապատասխան:
Զախարովան տվյալ հարցի դրական լուծման վերաբերյալ հույսեր էր արտահայտել՝ ասելով, որ ռուսական իշխանությունները հույս ունեն լուծել Բաքվում Ռուսական տան գրանցման հետ կապված իրավիճակը: Պեսկովն էլ փետրվարի 7-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ իրավիճակն ամբողջությամբ կարող է քննարկվել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև, երբ տեղի ունենան բարձր մակարդակի շփումներ:
«Սա թյուրիմացություն է, և մենք ցավում ենք»,- ասել էր Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը:
Նախորդիվ մենք «թյուրիմացության» վարկածը, մեղմ ասած, կասկածի տակ էինք վերցրել, և, ինչպես պարզվեց, չսխալվեցինք:
«Անշուշտ, մենք այդ հարցը տարբեր մակարդակներով ենք դնելու մեր գործընկերների առաջ,- ասել է Պեսկովը:- Եթե բարձր մակարդակով շփումներ լինեն, չենք բացառում, որ այդ հարցը կարող է քննարկվել նաև երկու պետությունների ղեկավարների երկխոսության ժամանակ»։
Հիմա, երբ Բաքվում Ռուսական տունն արդեն հարկադրյալ կերպով դադարեցրել է իր գործունեությունը, հետաքրքիր է, թե Ռուսական տան հետ կապված էլ ինչ հարց է քննարկվելու, երբ «Ռոսսոտրուդնիչեստվո»- ի հիշյալ ներկայացուցչությունն արդեն փակված է:
Ադրբեջանի մայրաքաղաքում «Ռոսսոտրուդնիչեստվո»- ի ներկայացուցչությունը (Ռուսական տուն) դադարեցնում է իր աշխատանքը, համապատասխան միջոցներ արդեն ձեռնարկվում են, փետրվարի 11- ին «РИА Новости»– ին հայտնել են Բաքվում ռուսական գերատեսչության ներկայացուցչությունից:
«Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պահանջի կապակցությամբ Բաքվում «Ռոսսոտրուդնիչեստվո»- ի ներկայացուցչությունը՝ Ռուսական տունը, միջոցներ է ձեռնարկում իր գործունեությունը կասեցնելու համար»,- նշված է սոցիալական ցանցերում ներկայացուցչության հայտարարության մեջ:
Բաքվում Ռուսական տունը, Газета.Ру- ի տեղեկացմամբ, Ադրբեջանի ԱԳՆ-ի պահանջով արդեն դադարեցրել է աշխատանքը և սկսել տարածքն ազատել…
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան