Ալիևի վաղաժամ, հնարավոր է, նաև հանիրավի պահանջը Ռուսաստանից
Ըստ Ադրբեջանի նախագահի, «Azerbaijan Airlines»– ի ինքնաթիռը Գրոզնիի շրջանում խոցվել է գետնից
2024թ. դեկտեմբերի 28. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել սպասել Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի ավիավթարի հետաքննության արդյունքներին: Հետաքննությանն աջակցելու Մոսկվայի պատրաստակամության մասին ավելի վաղ արդեն իսկ հայտարարվել էր:
2024թ. դեկտեմբերի 29. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չսպասելով հետաքննության արդյունքներին, Պեսկովի հայտարարությունից ընդամենը 1 օր անց ադրբեջանական AZ TV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, թե Ակտաուում ընկած «Azerbaijan Airlines»- ի (AZAL) ինքնաթիռը Գրոզնիի շրջանում վնասվել է գետնից:
«Նախնական վարկածները բավականին հիմնավորված են և հիմնված են փաստերի վրա,- РБК- ի փոխանցմամբ , հայտարարել է Ալիևը:- Մյուս կողմից՝ փաստերը վկայում են այն մասին, որ ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռը Ռուսաստանի Գրոզնի քաղաքի շրջանում վնասվել է դրսից ու փաստացի կորցրել կառավարումը։ Մենք գիտենք նաև, որ մեր ինքնաթիռը ոչ պիտանի վիճակում է հայտնվել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցով: Սա ինքնաթիռի առաջին վնասն է։ Միևնույն ժամանակ, ինքնաթիռի պոչային մասը նույնպես մեծապես վնասվել է գետնից կրակից»:
Ալիևը նշել է, որ խոսք չի գնում միտումնավոր կրակի մասին, ինքնաթիռը պատահաբար են խոցել։ Նրա կարծիքով, օդաչուն դա կարող էր ընկալել որպես թռչնի հետ բախում, այստեղից ի սկզբանե կարող էր նման վարկած ծագել, բայց այն «հանվել է օրակարգից»։
Ադրբեջանի նախագահը տեղեկացրել է, որ «հրահանգ է տվել» դադարեցնել AZAL-ի թռիչքները դեպի Ռուսաստան, և այդ միջոցը սահմանվել է անորոշ ժամանակով: Նա միաժամանակ հնարավոր է համարել, որ դեպի Գրոզնի չվերթները չվերսկսվեն: Այսպիսով, ըստ Ալիևի ասածի, տացվում է, որ դեպի ՌԴ «Azerbaijan Airlines»- ի թռիչքներն ինչ- որ ժամանակ հետո կարող է վերականգնվեն, բայց հնարավոր է, որ AZAL-ի ինքնաթիռներն այլևս ընդհանրապես չթռչեն Գրոզնի: Այսինքն՝ Ադրբեջանի նախագահը խիստ նեղացած է պաշտոնական Գրոզնուց: Ալիևը նշել է նաև, որ շատ հարցերի շուրջ պարզություն կլինի, երբ վերծանվեն «սև արկղերը»։
Հենց այստեղ էլ հարց է առաջանում՝ երբ РБК- ի տեղեկացմամբ ,Ղազախստանը կործանված «Embraer 190»-ի «սև արկղերը» դրանց պարունակած ինքնագրիչների վերծանման նպատակով ուղարկել է նշված ինքնաթիռն արտադրող երկրին՝ Բրազիլիա, երբ, ինչպես ուղղակիորեն բխում է հենց Ադրբեջանի նախագահի ասածից, «սև արկղերը» դեռ վերծանված չեն ու շատ հարցերի շուրջ պարզություն դեռ չկա, երբ ավիաաղետի հետաքննությունը դեռ ընթացքի մեջ է ու դրա արդյունքները դեռ չկան, Ալիևն այդ ի՞նչ փաստերի հիման վրա է հայտարարել, թե ինքնաթիռի պոչային մասը մեծապես վնասվել է գետնից արձակված կրակից…
Իսկ գուցե այդ վնասն ինքնաթիռի մոտ Ուկրաինայի ԶՈւ կամ անվտանգության ծառայության ԱԹՍ- ի մարտական լիցքի պայթեցման հետևա՞նքն է… Ավելի վաղ ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին հայտարարել էր , որ Ուկրաինայի ԶՈւ-ն ունի ԱԹՍ- ների տարբեր մոդիֆիկացիաներ, որոնք կարող են վնասել քաղաքացիական օդանավերին:
Ըստ ադրբեջանական APA գործակալության տեղեկությունների, Ռուսաստանն ու Ղազախստանն առաջարկել են «սև արկղերը» փոխանցել ԱՊՀ միջազգային ավիացիոն կոմիտեին, սակայն Ադրբեջանը հրաժարվել է: Դժվար չէ հասկանալ, որ չի վստահել:
Ալիևը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է ճանաչի Ակտաուում «Azerbaijan Airlines»- ի քաղաքացիական ինքնաթիռի կործանման մեղքը, պատասխանատվություն ստանձնի տեղի ունեցածի համար, ներողություն խնդրի ինքնաթիռի կործանման համար և պատժի մեղավորներին:
Դրանից մեկ օր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն ներողություն խնդրել էր Ալիևից «ողբերգական միջադեպի» համար, բայց ոչ թե այն առումով, որ ադրբեջանական ինքնաթիռը կործանվել է ՌԴ ԶՈւ ՀՕՊ- ի զինծառայողների կողմից խոցվելու հետևանքով, այլ նկատի ունենալով, որ ավիաաղետի հանգեցրած միջադեպը տեղի է ունեցել ՌԴ օդային տարածքում:
Ընդգծենք, որ ինքնաթիռի կործանման պատճառ հանդիսացած միջադեպը կարող էր լինել ինչպես Ռուսաստանի ՀՕՊ այս կամ այն միջոցից խոցվելը, այնպես էլ Գրոզնիի օդանավակայանում ադրբեջանական ինքնաթիռի վայրէջքի փորձի ժամանակ հենց նշված օդանավակայանը գրոհած ուկրաինական մարտական ԱԹՍ- ներից մեկի մարտական լիցքի պայթեցումն ինքնաթիռի մոտ: Դա դեռ պարզված չէ, մինչդեռ Ալիևը չբավարարվելով նախօրեին Պուտինի խնդրած ներողությամբ, դարձյալ պահանջել է ներողություն խնդրել, փոխհատուցել վնասը, պատժել մեղավորներին:
Միաժամանակ նա հիշեցրել է, որ Ադրբեջանից ներողություն արդեն խնդրել են, դա տեղի է ունեցել դեկտեմբերի 28-ին։ Նախագահը հույս է հայտնել, որ իրենց մյուս «պայմանները կընդունվեն, բոլոր այդ պայմաններն արդար են»:
«Այստեղ ոչ մի արտառոց պահանջ կամ խնդիր չկա, և դրանք հիմնված են միջազգային փորձի և նորմալ վարքի վրա»,- հավելել է Ադրբեջանի ղեկավարը:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վլադիմիր Պուտինը ևս մեկ հեռախոսային բանակցություններ է վարել Իլհամ Ալիևի հետ: Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ պետությունների ղեկավարները շարունակել են Ակտաուում ավիավթարի հետ կապված հարցերի քննարկումը:
Մի պահ ենթադրենք, թե տեղի է ունեցել հենց այն, ինչը ներկայացրել է Ալիևը, միաժամանակ հայտարարելով, որ խոսք չի գնում միտումնավոր կրակի մասին, Ռուսաստանի ՀՕՊ- ն ինքնաթիռը պատահաբար է խոցել։
Իսկ եթե պարզվի, որ ՌԴ ԶՈւ ՀՕՊ- ի կրակը եղել է Ուկրաինայի ԶՈւ-ի կամ հատուկ ծառայության սադրանքի հետևանք, որը կարող էր Գրոզնիի օդանավակայանը գրոհած ԱԹՍ- ներից մեկը միտումնավոր ուղղել ադրբեջանական ինքնաթիռի մոտ, որպեսզի իր վրա ԱԹՍ- ի հրավիրած կրակը (հրթիռի մարտագլխիկի խոցող տարրերը կամ ՀՕՊ հրետանու արկերը) դիպչեր ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռին, չի՞ ստացվում, որ Ալիևն Ուկրաինայից ներողություն, վնասի փոխհատուցում, զինծառայողների պատիժ պահանջելու փոխարեն, այդ նույնը վաղաժամ ու հանիրավի պահանջում է ՌԴ- ից… Պետք է նկատի ունենալ, որ ՀՕՊ ռադարային համակարգն ադրբեջանական ինքնաթիռի մոտ ուկրաինական ԱԹՍ- ի հայտնվելու դեպքում թռչող օբյեկտը կարող էր ցույց տալ ոչ թե յուրային, այլ օտար, թշնամական, հետևաբար խոցման ենթակա:
Արթուր Հովհաննիսյան