Ադրբեջանական ինքնաթիռի խորհրդավոր աղետը (տեսանյութեր). 2

Սկիզբը՝ այստեղ 

Ղազախստանի Ակտաու քաղաքի օդանավակայանի մոտակայքում դեկտեմբերի 25- ի առավոտյան Ադրբեջանի «Azerbaijan Airlines» (AZAL) ավիաընկերության Բաքու- Գրոզնի չվերթի «Embraer 190» ինքնաթիռի կործանման պատճառի առնչությամբ մեր երեկվա վերլուծականում արտահայտված վարկածն այսօր պաշտոնական հաստատում ստացավ: Բայց մինչև նշված հաստատումը հրապարակելը, ներկայացնենք այն տեղեկությունները, որոնք տվյալ դեպքի առնչությամբ հայտնի էին դարձել մինչ այդ:

Երեկ արդեն, ինչպես հայտնի դարձավ «Mash» տելեգրամ- ալիքի հրապարակումից , «Embraer 190»- ի ընկնելուց առաջ անձնակազմը հայտնել էր ինքնաթիռի կորպուսի վրա ուժեղ հարվածի մասին:

Նշված հարվածը կարող էր լինել կամ ԱԹՍ- ի հարված, կամ օդում մարտական ԱԹՍ-ի մարտական լիցքի կամ ՀՕՊ- ի հրթիռի մարտագլխիկի պայթյունի հետևանքով խոցող տարրերի (մետաղյա գնդիկների) և բեկորների հարված, կամ զենիթային հրաձգային կայանքի կամ հրանոթի փոքր արկերի հարված…

Սակայն, գետնի վրա վրա գտնվող դիսպետչերները, չգիտես ինչու, որոշել էին, որ օդաչուի հայտնած հարվածը կարող է լինել ինքնաթիռին թռչունների բախում: Անկումից հետո էլ Ղազախստանի հատուկ ծառայությունները հայտնել էին օդանավում թթվածնի բալոնի պայթյունի մասին։

Թթվածնի բալոնը, որը նախատեսված և անհրաժեշտ է օդաչուների խցիկում օդի ճնշման անկման դեպքում թթվածին մատակարարելու համար, փոքր չափի է, պարունակում է ոչ մեծ ծավալի թթվածին, հետևաբար այդ բալոնի պայթյունը դժվար թե հանգեցներ ինքնաթիռի աղետի:

Երկրորդ. ըստ ավիափորձագետների, նման բալոնի պայթյունի հավանականությունը փոքր է, մենք կհավելենք՝ այդ բալոնն ինքն իրեն չէր կարող պայթել:

Երրորդ. եթե նույնիսկ համարենք, թե բալոնի պայթյունն է եղել ինքնաթիռի անկման ու կործանման պատճառը, ապա այդ դեպքում ինքնաթիռի իրանի առաջնամասը, որտեղ թթվածնի բալոնն է եղել (տես՝ վերոնշյալ հրապարակումը), պետք է ներսից ճղված, բացված լիներ դեռ թռիչքի ընթացքում, մինչև գետնին ինքնաթիռի բախումը, սակայն «Embraer 190»- ի անկումը պատկերող տեսանյութում  մենք տեսնում ենք, որ ինքնաթիռի իրանն այդպիսի խոշոր վնասվածք չունի:

Չորրորդ. ուղղակի բացառված է, որ ինքնաթիռում գտնվող թթվածնի բալոնը եթե այն նույնիսկ առաջնամասում չլիներ, այլ հետնամասում, պայթյունի դեպքում հանգեցներ ինքնաթիռի «киль»- ի վրա առկա այն կողային վնասվածքներին, որոնք մենք տեսնում ենք «Embraer 190»- ի պոչամասը պատկերող տեսանյութում :

Ի վերջո, ինքնաթիռի կործանումը թթվածնի բալոնով բացատրելն էլ ավելի անհեթեթ է դառնում, երբ տեղեկանում ենք, որ այդ մասին հայտնել են ոչ թե ավիացիայի ոլորտի փորձագետները, այլ Ղազախստանի Մանգիստաուի մարզի առողջապահության վարչությունը: Ողջ մնացած ուղևորներից մի քանիսը ղազախական Orda.kz պարբերականին պատմել են, թե թթվածնի բալոնը պայթել է այն բանից հետո, երբ օդանավի շարժիչին թռչուն է հարվածել։ Հարցրեք ցանկացած օդաչուի կամ ավիացիայի ոլորտի փորձագետի, և նրանք կբացառեն ինքնաթիռի շարժիչին թռչնի հարվածի կամ շարժիչի մեջ թռչուն ընկնելու հետևանքով ինքնաթիռի իրանի ներսում գտնվող թթվածնի բալոնի պայթյունը; Հասկանալի է, որ Orda.kz- ին թթվածնի բալոնի պայթյունի մասին պատմած ուղևորները թռչնի հետ են շփոթել կամ ԱԹՍ- ն, ԱԹՍ- ի բեկորները, կամ մեկ այլ բան, որը կարող էր շարժիչին հարվածելուց բացի, հայտնվել նաև ինքնաթիռի իրանի ներսում, ընդհուպ հանգեցնել թթվածնի բալոնի պայթյունի:

Ինքնաթիռում եղած թթվածնի բալոնը գուցե թե պայթել է, սակայն դժվար չէ հասկանալ, որ այն կարող էր պայթել ինչպես վերոնշյալ զինատեսակների խոցող տարրերի կամ արկերի ինքնաթիռի իրան թափանցելու և բալոնը խոցելու հետևանքով, այնպես էլ գետնին ինքնաթիռի հարվածի, ջախջախման ու բռնկման արդյունքում:

Համացանցում տեղադրված տեսանյութերը, որոնցում պատկերված են ինքնաթիռի բեկորների վրա առկա վնասվածքները, ուղղակի փաստում են, որ դրանք բնորոշ չեն ինքնաթիռ շարժիչում թռչուն ընկնելու հետևանքով կամ ինքնաթիռում ինչ- որ բանի պայթելու հետևանքով առաջացած վնասվածքներին, որոնք հայտնի են նշված պատճառներով նախկինում տեղի ունեցած բազմաթիվ աղետներից:

Ավիաաղետի օրը ճեպազրույցի ժամանակ Ղազախստանի տրանսպորտի փոխնախարար Տալգատ Լաստաևը հայտնել էր, որ Ղազախստանի օդային տարածք մտնելուց հետո «Azerbaijan Airlines»- ի ուղևորատար ինքնաթիռը երկու շրջադարձ է կատարել Ակտաուի օդանավակայանի շրջանում, և դրանից հետո արդեն երրորդ վիրաժում վթարի է ենթարկվել:

Հոդվածի նախորդած մասում նշել էինք, որ ինքնաթիռն ընկնելուց առաջ արդեն խնդիր է ունեցել, կորցրած է եղել կառավարումը: Իրանով գետնին հարվածելու փոխարեն, գետնին հասնելուց առաջ նույնիսկ շասսիները չի բացել (կամ չի կարողացել բացել) ու դրանցով ընդարձակ տարածքում նստել գետնի վրա, որի դեպքում կարող էր տեղի ունենալ կոշտ վայրէջք, զոհեր կարող է չլինեին կամ քիչ լինեին:

ԽՍՀՄ վաստակավոր փորձարկող օդաչու, ավիափորձագետ Վիկտոր Զաբոլոտսկին RT- ի հետ զրույցում նշել է վերոնշյալ ինքնաթիռի կործանման հնարավոր պատճառը:

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ինքնաթիռը գրեթե անկառավարելի էր…  Ինձ թվում է, որ սա անկառավարելի մեքենա էր»,- ասել է ԽՍՀՄ վաստակավոր փորձարկող օդաչու, ավիափորձագետ Վիկտոր Զաբոլոտսկին RT- ի հետ զրույցում:

Ըստ փորձագետի, ինքնաթիռի անկման պատճառը կարող էր լինել կառավարման ձախողումը. «Կառավարման ձախողում կամ որևէ այլ բան: Այստեղ միայն գուշակություն է մնում։ Բայց այն, որ մեքենան անկառավարելի էր, դա հաստատ է»,- հավելել է փորձագետը։

Այո, այլ խնդիր է, թե ինչի հետևանքով է ինքնաթիռի կառավարման ձախողվել…

Եվ, ահա, ինչպես տեղեկանում ենք Ura.ru- ի հրապարակումից , «Azerbaijan Airlines»- ի մամուլի ծառայությունն այսօր X սոցիալական ցանցում հրապարակած գրառմամբ հայտնել է Ակտաուի մոտ ինքնաթիռի կործանման պատճառը՝ հայտարարելով, որ «Embraer 190» ինքնաթիռն ընկել է «ֆիզիկական և տեխնիկական արտաքին միջամտության արդյունքում»: Ուշադրություն դարձրեք՝ ոչ միայն ֆիզիկական, այլև տեխնիկական արտաքին միջամտության արդյունքում, ինչը բացառում է ինքնաթիռին թռչուննեևրի բախման կամ շարժիչում թռչուն ընկնելու հետևանքով ավիաաղետի վարկածը և, ըստ էության,  հաստատում աղետի վերաբերյալ երեկ առաջ քաշած մեր վարկածը:

«Trend»– ի փոխանցմամբ, Ադրբեջանի տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը հայտնել է, որ ըստ հետաքննության նախնական արդյունքների, Ակտաուում ընկած AZAL- ի ինքնաթիռն արտաքին ազդեցության է ենթարկվել:

«Փորձագետների նախնական եզրակացությունն այն է, որ գետնին ինքնաթիռի բեկորները և ականատեսների հայտարարությունները վկայում են այն մասին, որ արտաքին միջամտություն է եղել»,- РБК-ի փոխանցմամբ, հայտարարել է նախարարը:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան