Ի տարբերություն նախկին նախագահների՝ զզվող չեմ, Նիկոլի հետ կբանավիճեմ. Արմեն Աշոտյան

«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի կարճաժամկետ առումով նախընտրական շեմին մաքրել իրեն մեղքերից, մեկը՝ Արցախի հանձնումն էր։ Իսկ երկարաժամկետ առումով՝ պատմության մեջ մաքրել անունը, սակայն այդ փորձերն ապարդյուն են։ Մարդկությունը չի ստեղծել նման ժավել, որով կարելի է մաքրել Նիկոլի այդ խարանը»,- այսօր դատական նիստից հետո ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ նախկին երեք նախագահներին բանավիճելու առաջարկին։

Արմեն Աշոտյանի խոսքով՝ ՀՀ նախկին նախագահները մերժեցին Նիկոլ Փաշինյանին ու շատ ճիշտ արեցին, որովհետև Նիկոլ Փաշինյանն ուզում է «օվերտոնի պատուհան» բացել։

«Նա մի քանի անգամ փորձել է այս հարցով պատուհան բացել, այդ պատուհանը չի բացվում։ Նախագահներն էլ բնականաբար մերժել են, որպեսզի չծառայեն այդ նպատակին, այստեղ բացարձակ զարմանալու բան չկա՝ պրիմիտիվ շուստրիությանը տուրք տալու թեմա չէ։

Ինքս եմ Նիկոլին մի քանի անգամ հրավիրել բանավեճի։ Ես, ի տարբերություն նախկին նախագահների, իմ մասնագիտությամբ պայմանավորված՝ զզվող չեմ, կարող եմ մասնակցել այդ բանավեճին»,- շեշտեց Արմեն Աշոտյանը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրել է բանավեճի՝  իր արտահայտած այն մտքի շուրջ, ըստ որի՝ 1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: