Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում, իսկ մեր ղեկավարը տոլմա է փաթաթում, սափրվում է, կինո է նայում. Զուրաբյան

Մեզ վրա կախված է հիմա այդ «Զանգեզուրի միջանցքի», այսպես ասած, օպերացիայի իրականացման վտանգը, սպառնալիքը, սա լուրջ սպառնալիք է, բայց մենք ունենք նորից նույն ոչ ադեկվատ իշխանությունը, որը կարծես չի նկատում այս իրադարձությունները: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Մեր երկրի ղեկավարը դարձել է սովորական մի բլոգեր, ընդ որում վատ որակի բլոգեր, որովհետև բլոգերներ կան, որ հետաքրքիր նյութեր են դնում ինտերնետում, Facebook-ում, TikTok-ում, այս մարդիկ դնում են ինչ-որ դատարկ տեսարաններ, ոնց են ինչ-որ կինո նայում, հեծանիվ են քշում, տոլմա են փաթաթում, հեռուստացույց են նայում, սափրվում են: Դարձել է The Kardashans ռեալիթի շոուն: Մեր երկրի ղեկավարը դարձել է մի հատ բլոգեր, որին կարծես չեն հետաքրքրում համաշխարհային քաղաքականությունը և Հայաստանի շուրջ կատարվող իրադարձությունները»,-ասաց Զուրաբյանը:

Նա նկատեց, որ այս վիճակում մենք տեսնում ենք, որ շատ լրջորեն ադրբեջանական պրոպագանդան արդեն խոսում է այն մասին, թե Հայաստանը պատրաստվում է ինչ-որ պատերազմի, ինչ-որ պրովոկացիաների, Ֆրանսիան ու Հնդկաստանը զինում են Հայաստանին, Հայաստանը մի պրովոկացիա անելու է:

«Մենք բոլորս հասկանում ենք, չէ՞ ինչ է կատարվում: Կամ պիտի լինես կատարյալ ապուշ մտածելու համար, որ Հայաստանը նման բան պլանավորում է այս վիճակում, իսկ ես վստահ եմ, որ նրանք կատարյալ ապուշներ չեն, կամ նրանք զբաղված են պատերազմի նախապատրաստմամբ: Ուրիշ տարբերակ այստեղ դժվար է գտնել, և նորից որևէ հակադարձում չկա: Մենք նորից ջայլամի նման մեր գլուխը մտցրել ենք ավազի մեջ և զբաղված ենք ցածրորակ բլոգերությամբ»,- հայտարարեց ՀԱԿ փոխնախագահը: