«Վարդան Մամիկոնյանի կաղնու» տապալման տարեթիվը կշտկվի
«e-draft» իրավական ակտերի կայքում հրապարակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծ, որով նախատեսվում է ճշգրտել Տավուշի մարզի «Վարդան Մամիկոնյանի կաղնու» բնության հուշարձանի տապալման տարեթիվը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը նախատեսում է շտկել 2014 թվականի օգոստոսի 5-ի N 220-Ն հրամանում տեղ գտած վրիպակը, համաձայն որի տապալման տարեթիվը նշված էր որպես 1985 թվական։ Տավուշի մարզի տարեց բնակիչների կողմից իրականացված ստորագրահավաքի և տրամադրված փաստարկների հիման վրա պարզվել է, որ կաղնու ծառը տապալվել է 1976 թվականին։
Հրամանի փոփոխությունը միտված է «Վարդան Մամիկոնյանի կաղնի» բնության հուշարձանի տարեթվի հստակեցմանը, ինչը կարտացոլի պատմական իրականությունը և կլրացնի փաստաթղթային անճշտությունը։