Փաշինյանի թիմակիցները մատնում են նրան․ օձը տաքացնողին է կծում

Նոյեմբերի 15-ի Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն աչքի ընկավ «մուրճ ու մանգաղի» կիրառմամբ՝ յուրայինների նկատմամբ, նա իրավապահ համակարգի ներկայացուցիչների և ուժայինների վրա զայրացավ՝ ասելով, որ իրավապահ համակարգից կոնկրետ արդյունքներ է պահանջում և զգուշացրեց՝ իր համբերության բաժակը լցվել է։

Երկու օր անց՝ նոյեմբերի 17-ին, կիրակի երեկոյան, Փաշինյանի համբերության բաժակը չսպասեց՝ օրը բացվի, բարին հետը, և ինչպես մամուլն է գրում, հաղորդագրություններ է ուղարկում մի շարք կառույցների ղեկավարների և «խնդրում», որ հրաժարական ներկայացնեն, դրանց շարքում էին՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, ՔՊ պատգամավորներ՝ Նարեկ Զեյնալյանը, Հովիկ Աղազարյանը։ Եվ այս ցուցակից միայն Հովիկ Աղազարյանն է, որ մինչև վերջին շունչը պայքարում է պատգամավորական մանդատի համար՝ մինչև մոսկվացի ընկերը կժամանի Հայաստան։

Վերոնշյաից հետևում է, որ Փաշինյանի թիմակիցների և իր հարաբերությունները ամենևին էլ հարթ չեն ընթանում, ավելին՝ թիմի ներսում կան խժդժություններ։ Օրինակ, Արփի Դավոյանը, չնայած բազմաթիվ ճիգերին, այդպես էլ  արդարադատության նախարար չնշանակվեց, որովհետև թիմակիցները դեմ են եղել, հիշենք նաև վերջերս Ազգային ժողովում Քյարամյան-Աղազարյան բաթլը, այս բոլորը փաստեր են, որոնք վկայում են սպասվելիք նոր ներիշխանական զարգացումների մասին։

Օրերս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վիլեն Գաբրիելյանը 24news-ին տված հարցազրույցում հայտարարել է՝ չի բացառում, որ 2018 թվականի դեպքերն Արցախի կորստի հետ ունեն պատճառահետևանքային կապ։ Հասկանում եք չէ,՞ արդեն Փաշինյանի թիմակիցները չեն էլ թաքցնում՝ ինչի համար են եկել իշխանության և իրենց գործողություններն ինչպես են հանգեցրել Արցախի կորստին։ Սա կցուցանե, որ ՔՊ-ականներն էլ են ընդունում և բարձրաձայնում, որ եթե իրենք 2018 թվականին չգային իշխանության՝ դագաղներով և սև ժապավեններով, ապա այսօր մենք կունենայինք ԱԶԱՏ ԱՆԿԱԽ Արցախ, ինչպես ունեցել ենք  30 տարի։

Սրանից ավելի ի՞նչ պետք է հայտարարեն, որ հասարակությունը գիտակցի՝ մարդիկ եկել են հստակ ծրագրով, իրականացրել այն, և այսօր էլ արդեն բացահայտ խոսում են դրա մասին։ Ոմանք էլ տեսնելով, որ նավը խորտակվում է՝ որոշել են մեկը մյուսին փուռը տալով մանիպուլացնել հասարակությանը, քաղաքական դիվիդենտ շահել  և ընտրությունների նախաշեմին իրենց համար հող նախապատրաստել պետական որևէ պորտֆել զբաղեցնելու համար։

Այս թեմային շատ է անդրադարձ եղել, բայց ևս մեկ անգամ վերհիշենք, օրինակ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նշում էր, որ իրենց համար կարմիր գիծն այն է եղել, որ Արցախը երբե՛ք, երբե՛ք չլինի Ադրբեջանի կազմում և մինչև 2018 թվականը նրանք այդ կարմիր գիծը պահել են, իսկ Փաշինյանը մեկ գրչի հարվածով Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում՝ անցնելով հնարավոր և անհնարին բոլոր կարմիր, կապույտ, ծիրանագույն գծերը։

Այն մարդիկ, ովքեր դեռ մեղադրանքներ են հնչեցնում նախկին նախագահների հասցեին, ի վերջո պիտի գիտակցեն՝ ի տարբերություն գործող վարչախմբի, նախկին նախագահները մեզ պարգևել են երկու անկախ պետականություն՝ Արցախի Հանրապետություն՝ 11458 քառ․ կմ տարածքով  և Հայաստանի Հանրապետություն՝ 29800 քառ կմ տարածքով, իսկ Փաշինյանի օրոք Արցախը չկա, իսկ Հայաստանից էլ Սատանան գիտի՝ ինչ կա։

Այրապետյան Լուսինե