Մինչև դեկտեմբեր հնարավոր չէ․ Բաքվում հայկական կողմի հետ հանդիպման ժամանակ չունեն

Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը բաղկացած է երկու բաղադրիչից, որոնցից մեկն առանձին հանդիպումներն են։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Բաքվում անցկացվող  COP-29-ի շրջանակներում լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Այս պահին Ադրբեջանի հիմնական ուշադրությունը կենտրոնացած է COP-ի վրա: Այդ պատճառով մինչև դեկտեմբեր հնարավոր չէ դեմ առ դեմ հանդիպումներ անցկացնել։ Հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի՞ն, թե հունվարին, այլ հարց է։ Դեռ հստակ պայմանավորվածություն չկա»,-ասել է ադրբեջանցի պաշտոնյան։
Բայրամովը նշել է, որ բանակցությունների մյուս բաղադրիչը խաղաղության փաստաթղթի վրա աշխատանքն է։
«Դրանք շարունակվում են։ Այդ  աշխատանքը հիմա էլ դադարեցված չէ»,- ասել է նա։