Տեղի ունեցավ ակադեմիկոս Գուրգեն Մուշեղյանի հուշաքարի բացումը
Հոկտեմբերի 18-ին Երևանում՝ Եզնիկ Կողբացի 42 հասցեում տեղի ունեցավ ՀՀ վաստակավոր ճարտարապետ, քաղաքաշինարար, ԽՍՀՄ և Հայաստանի պետական մրցանակների դափնեկիր, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարսնի պրոֆեսոր, ակադեմիկոս Գուրգեն Մուշեղյանի հուշաքարի բացումը։ Գուրգեն Մուշեղյանը Հայաստանի խորհրդային և նոր ժամանակների ամենահեղինակավոր և հարգարժան ճարտարապետներից էր։ Լինելով ծննդով գյումրեցի, բայց կյանքի մեծ մասը ապրելով Երևանում, նա իր գործունեությամբ միշտ անվերապահ ծառայել է թե՛ իր մայրաքաղաքին, թե՛ «հայրաքաղաքին»։ Գուրգեն Մուշեղյանը եղել է Լենինականի գլխավոր ճարտարապետ, երկու անգամ՝ Երևանի գլխավոր ճարտարապետ, մի քանի ինստիտուտների տնօրեն, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարսնի պրոֆեսոր, պատվավոր դոկտոր։ Բայց ավելի խոսուն են նրա հեղինակած և համահեղինակած կառույցները՝ «Հրազդան» մարզադաշտ, Մարզահամերգային համալիր, Գյումրու օդանավակայանի շենք, Երևան քաղաքի 5-րդ գլխավոր հատակագծի նախագիծ, Երևան քաղաքի նոր ճանապարհային հանգույցների նախագիծ և այլն։ Այս նախագծերի մեծ մասը իրականացվել է հենց այս տանը ապրելու տարիներին։ Գուրգեն Մուշեղյանը հայ մոդեռնիստական ճարտարապետության վառ ներկայացուցիչներից էր։
Ինքը՝ վարպետը ամենից շատ իր կյանքում կարևորում էր ներդաշնակությունը և այդ արվեստին տիրապետում էր կատարյալ։ Դրա վառ օրինակներից է «Հրազդան» մարզադաշտը, որի ներդաշնակության մասին շրջակա լանդշաֆտի հետ բազմաթիվ հիացմունքի խոսքեր են գրել աշխարհի հայտնի ճարտարապետներ, հեղինակավոր մասնագիտական պարբերականներ, աշխարհահռչակ ֆուտբոլիստներ։
Հուշաքարի բացմանը ներկա էին ճարտարապետի հարազատները, ընկերները, բազմաթիվ ճարտարապետներ, վարպետի ուսանողներ, մտավորականներ։
Հուշաքարի հեղինակ ճարտարապետ Ռոման Գրիգորյանը իր մտահղացման մեջ վարպետորեն արտացոլել է Գուրգեն Մուշեղյանի էությունը՝ առանց ավելորդությունների մոնումենտալ խոսող քար և տառեր։ Մտահղացումը փայլուն իրագործել է քարագործ-վարպետ Զավեն Փալիկյանը։

