Մայր տաճարի գմբեթին բրոնզաձույլ նոր խաչ է տեղադրվել
Էջմիածնի Մայր տաճարի գմբեթին բրոնզաձույլ նոր խաչ է տեղադրվել։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, հիմնանորոգվող Մայր տաճարի բակում լրագրողների հետ զրույցում ասաց տաճարի ճարտարապետ Ամիրան Բադիշյանը։
«Մայր տաճարի խաչը, որ տեղադրվել էր 17-րդ դարում, լատունի բարակ թիթեղներից էր և գտնվում էր խիստ քայքայված, արդեն գոյությունը չպաշտպանող վիճակում։ Այդ առումով ինքներդ կարող եք համոզվել` այցելելով տաճարի թանգարան, որտեղ հիմա պահպանվում է խաչն այն վիճակում, ինչպիսին եղել էր։ Տեղադրված նոր բրոնզաձույլ խաչը ճիշտ կրկնօրինակը չէ, սակայն ոճական և չափային առումով կրկնում է ապամոնտաժած խաչը»,– նշեց Բադիշյանը։
Հիշեցնենք, որ Մայր տաճարը կվերաօծվի սեպտեմբերի 29-ին` ժամը 10։30-ին։

