Ինչո՞ւ ՌԴ-ից բարձրաստիճան հյուրեր չկան «Երևանյան երկխոսությանը»
«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին մասնակցելու հրավեր Հայաստանն ուղարկել է բոլոր գործընկերներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու համաժողովին Ռուսաստանից բարձրաստիճան հյուրեր չեն մասնակցում։
«Ճիշտ կլինի, որ այդ հարցն ուղղեք ռուսական կողմին։ Մենք հրավերներ ուղարկել ենք մեր բոլոր գործընկերներին»,- ասաց նա՝ հավելելով, որ որևէ մեկից մերժում չեն ստացել։
ԱԳՆ գլխավոր քարտուղարը շեշտեց, որ համաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև թուրքական կողմին։
Նրա խոսքով՝ այս հարթակում շոշափվում են ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանին վերաբերող հարցեր։
Նշենք, որ Երևանում մեկնարկել է «Երևանյան երկխոսություն» (Yerevan Dialogue) միջազգային համաժողովը, որին մասնակցում են դիվանագիտության, քաղաքականության, ձեռնարկատիրության, ակադեմիական և մասնավոր ոլորտների ղեկավարներ և փորձագետներ ավելի քան 60 երկրներից ու կազմակերպություններից։
Համաժողովի ոչ պաշտոնական բացումը կայացել է երեկ, իսկ պաշտոնական հատվածը կտևի սեպտեմբերի 10-11-ը: