Աշխարհը միջուկային պատերազմի շեմին. 49

Սկիզբը` այստեղ

Արևմուտքում էլ կան Ուկրաինայի առնչությամբ հետագա զարգացումների վերաբերյալ իրատես, սթափ դատող, ճիշտ վերլուծություններ կատարելու և ճիշտ գնահատականներ տալու, ճիշտ եզրակացություններ կատարելու ունակ քաղաքական, հանրային և այլ գործիչներ: Նրանցից մեկն իռլանդացի լրագրող Չեյ Բոուզն է: Վերջինս X սոցիալական ցանցում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն թույլ չի տա Ուկրաինայում խաղաղության հասնել, քանի որ դա չի համապատասխանում դաշինքի շահերին:

«Միայն խաղաղությունն է ՆԱՏՕ- ին վախեցնում ավելի, քան պատերազմը։ Այդ իսկ պատճառով դաշինքը շարունակում է գոյություն ունենալ Խորհրդային Միության անհետացումից 33 տարի անց, որն էլ եղել է նրա ստեղծման ու գոյության պատճառը: Եվ ահա հենց այդ պատճառով Ուկրաինայում խաղաղությունից (դաշինքում.- ծանոթ.՝ խմբ.) խուսափելու են ամեն գնով»,- գրել է նա (ընդգծումը՝ մերը)։

Իռլանդացի լրագրողի այս տեսակետը միանգամայն հիմնավոր է: Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչը դեռ հուլիսի 5-ին ճեպազրույցի ժամանակ, РБК- ի տեղեկացմամբ, հայտնել է, որ հուլիսյան գագաթնաժողովը «հստակ ազդանշան կուղարկի Պուտինին այն մասին, որ եթե նա կարծում է, թե կարող է ավելի երկար դիմանալ, քան այն երկրների կոալիցիան, որոնք աջակցում են Ուկրաինային, չարաչար սխալվում է»:

Այսպիսով, ինչպես բխում է վերոնշյալից, եթե ՆԱՏՕ- ի ղեկավարներին Ուկրաինական հակամարտության առնչությամբ հարց տրվի՝ պատերա՞զմ, թե խաղաղություն, նրանք ընտրելու են առաջինը և խաղաղությունից խուսափելու են ամեն գնով, եթե այդ գինը լինի նույնիսկ Երրորդ համաշխարհային պատերազմը և միլիարդավորների մահը:

Բայդենի, եվրոպական մի շարք երկրների ներկայիս ղեկավարների, ինչպես նաև հենց ՆԱՏՕ- ի այսօրվա ու վաղվա ղեկավարների պաշտոնավարության օրոք Հյուսիսատլանտյան դաշինքն Ուկրաինական հակամարտության հարցում գնալու է վա բանկ, գնալու է մինչև վերջ՝ կամ հաղթանակ՝ Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելով, կամ ՈՉԻՆՉ

Նրանք քանի դեռ դաշինքում և իրենց երկներում իշխանության ղեկին են, չեն դադարեցնելու, հակառակը՝ ավելացնելու են Ուկրաինային ռազմական օգնությունը, կռվելու են, ինչպես ասում են, մինչև վերջին ուկրաինացին, հնարավոր է, նույնիսկ դիմեն սադրանքի և ընդլայնեն Ուկրաինական հակամարտության մասշտաբները՝ դրանում ընդգրկելով Բելառուսին, Լեհաստանին, Մերձբալթյան երկրներին, կամ էլ, թեկուզ առանց դրա, ՆԱՏՕ- ի անդամ որոշ երկրների զորքեր մտցնեն Ուկրաինա:

Հասկանում ենք՝ ոմանց, ովքեր բավականաչափ տեղեկացված չեն իրականությանը, այս ամենը կարող է թվալ ոչ տրամաբանական, կառաջանա անխուսափելի հարցը՝ բա իրե՞նք… Չէ՞ որ Երրորդ համաշխարհային դեպքում իրենք էլ կոչնչանան: Եվ կեզրակացնեն՝ հետևաբար չի կարող նման բան լինել, ամեն գնով խաղաղությունից չեն խուսափի, ինչպես գրել է իռլանդացի լրագրողը: Այսպես մտածողներն ուղղակի տեղյակ չեն նրան, ինչին տեղյակ են տողերիս հեղինակը և ուրիշներ:

Ինչպես նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ՆԱՏՕ- ի երկրները գիտակցաբար դուրս են գալիս լարվածության նոր փուլ՝ հրահրելով Ուկրաինային շարունակել անիմաստ պատերազմը (անիմաստ ըստ Պեսկովի ներկայացրածի կամ ՌԴ- ին հաղթելու առումով)։ Նրա խոսքով՝ դա անխուսափելիորեն կունենա իր հետևանքները և, ի վերջո, մեծ վնաս կհասցնի այն երկրների շահերին, որոնք գնացել են հակամարտության սրման ճանապարհով:

Մոսկվան բազմիցս ընդգծել է, որ սպառնալիք չի ներկայացնում Հյուսիսատլանտյան դաշինքի ոչ մի երկրի համար, սակայն անուշադրության չի մատնի իր շահերի նկատմամբ պոտենցիալ վտանգավոր գործողությունները: Ընդ որում, Պեսկովի հավաստմամբ, ՌԴ- ն բաց է մնում երկխոսության համար, բայց իրավահավասար հիմունքներով, իսկ Արևմուտքը պետք է հրաժարվի Եվրոպայի ռազմականացման ուղեգծից։

Բացառված չէ որ տարեվերջին կամ մյուս տարի ՆԱՏՕ- ն ստիպված լինի հրաժարվել իռլանդացի լրագրողի նշած քաղաքականությունից, նահանջել ՌԴ- ին ռազմավարական պարտության մատնելու հայտարարված նպատակից, սակայն դա կարող է տեղի ունենալ միայն ԱՄՆ- ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելու դեպքում: Ընդ որում, դեռ այնքան էլ պարզ չէ, թե Թրամփն ընտրվելուց հետո իրականում ինչ քաղաքականություն կվարի Ուկրաինական հակամարտության, ՆԱՏՕ- ի՝ դեպի արևելք ընդլայնման և այլ խիստ կարևոր հարցերում, ինչի դիմաց ինչ կպահանջի ՌԴ- ից…

Ինչպես երեկ տեղեկացրեց ТАСС – ը, ՆԱՏՕ- ն մշակում է նորացված ռազմական պլաններ  հաշվի առնելով Ուկրաինայում հակամարտության փորձը: Դրանք նախատեսում են, որ դաշինքին կպահանջվի 35- 50 լրացուցիչ բրիգադ՝ «Ռուսաստանի կողմից ենթադրյալ հնարավոր հարձակումը» հետ մղելու համար։ Այս մասին ավելի վաղ հայտնել «Reuters» գործակալությունը՝ վկայակոչելով անանուն ռազմական աղբյուրին։

Վերջինի խոսքով՝ նման քանակի բրիգադների ձևավորումը, որոնցից յուրաքանչյուրը ներառում է 3- 7 հազար զինծառայող, կարող է «լուրջ դժվարությունների» բախվել: Աղբյուրը հրաժարվել է լրացուցիչ տեղեկություններ տրամադրել՝ վկայակոչելով դաշինքի նման ծրագրերի գաղտնի բնույթը:

ՆԱՏՕ- ում, իհարկե, շատ լավ գիտեն, որ Ռուսաստանը ՆԱՏՕ- ի վրա հարձակվելու նպատակ ու ծրագիր չունի, սակայն գնում են այդ քայլին՝ ունենալով այլ և նենգ նպատակներ, ինչպես նաև անտեսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զգուշացումը:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան