Ջեյմս Ուորլիքը լավատես է՝ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան հասնել խաղաղության համաձայնագրին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը լավատես է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան հանգել խաղաղության համաձայնագրին, փոխանցում է Ամերիկայի Ձայնը։

Ամերիկացի դիվանագետը նման կարծիքի էր Վաշինգտոնում՝ «Ատլանտյան խորհրդի» Եվրասիական կենտրոնի կողմից կազմակերպված առցանց քննարկմանը:

«Թվում է, մոտենում ենք վերջնակետին։ Կարելի է ասել նաև, որ այս ֆիլմը նախկինում էլ ենք դիտել, երբ մոտեցել ենք վերջնագծին, բայց այդպես էլ չի հաջողվել անցնել [այդ] վերջնագիծը»,- ասել է Ուորլիքը:

Հիշատակելով նախորդ շաբաթներին Տավուշի ուղղությամբ ադրբեջանական գյուղերի վերադարձնելը Բաքվին՝ ամերիկացի դիվանագետը նշել է, թե բանակցություններում մի քանի առանցքային կետեր են մնացել:

«Սահմանագծումը, թվում էր, դյուրին հարց է, քանզի կողմերը համաձայնել էին սահմանների հարցը լուծել՝ առաջնորդվելով խորհրդային քարտեզներով, բայց, կարծես, դա երկար ժամանակ է պահանջելու»,- նշել է Ուորլիքը՝ հավելելով, թե մյուս խնդիրը Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության հարցն է։