Ռուսաստանն արդեն պատասխանել է Սևաստոպոլում ամերիկյան հրթիռով և ուղղորդմամբ հարվածին՝ հայտնի ողբերգական հետևանքներով

Մեդվեդևը հույս հայտնել, որ ՌԴ թշնամիները դժոխքում սրբազան կրակում այրվելուց առաջ, կայրվեն երկրային կրակում…

 

Իրադարձությունները շատ արագ են զարգանում… Դեռ երեկ գրել էինք, որ աշխարհն, իրոք, շատ մոտ է Երրորդ համաշխարհային պատերազմին…

ՌԴ ԱԳՆ- ն կոշտ պատասխան Է խոստացել Արևմուտքին Սևաստոպոլին հարվածելու համար: Կասետային մարտագլխիկով ATACMS հրթիռներով Սևաստոպոլին հարվածելու համար Ռուսաստանն Արևմուտքին և ԱՄՆ-ին կոշտ պատասխան կտա և այն արդեն իրականացնում է. այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

Արդեն իսկ իրականացնո՞ւմ է… Ինչպե՞ս, ինչո՞վ, ե՞րբ, որտե՞ղ… Սրանք հարցեր են, որոնց պատասխանը, անշուշտ, շատերին է հետաքրքրում, հարցեր, որոնց դեռ կանդրադառնանք:

«Սևաստոպոլում տեղի ունեցած ողբերգությունն, անշուշտ, չի մնա և չի մնում առանց մեր պատասխանի… Արևմուտքը պետք է զգա սահմանային ռիսկերը՝ կապված նման գործողությունների հետ»,- հայտարարել Է Սերգեյ Ռյաբկովը «Ռոսիա-1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման եթերում (ընդգծումը՝ մերը):

ՌԴ փոխարտգործնախարարը հավելել է, որ միացյալ Նահանգներն ահաբեկչությանը Վաշինգտոնի մասնակցության վերաբերյալ Ռուսաստանի հստակ հիմնավորումներին պատասխանել է միայն անգիր արված արդարացումներով: Թե ՌԴ- ն որոշակի ինչպե՞ս կպատասխանի, նա չի մանրամասնել ՝ ասելով. «իրավասու չէ քննարկել»:

Ավելի վաղ, հունիսի 23- ին Ուկրաինայի զինված ուժերը Սևաստոպոլի վրա հարձակվել էին ամերիկյան հինգ ATACMS հրթիռներով։ ՌԴ ՀՕՊ- ը խոցել է դրանցից չորսը, իսկ մեկը ՀՕՊ- ի գործողության հետևանքով, ցավոք, պայթել է օդում, լողափի վրա: Ընդ որում, պայթել է ոչ միայն հրթիռի իրանը կամ տանող մասը, այլև կասետային մարտագլխիկը՝ պայթուցիկ կասետային մասը սփռելով մարդաշատ լողափով մեկ: Ըստ վերջին տվյալների, տուժել է առնվազն 153 մարդ։ Չորս մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա, հոսպիտալացվել է 79-ը, այդ թվում՝ 27 երեխա:

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևն ավելի խիստ է արտահայտվել: Սևաստոպոլին հիշյալ հարվածի օրը Telegram ալիքում նշելով, որ Միացյալ Նահանգներից  «տականքները» կասետային մատալիցքով հրթիռներ են մատակարարում Ուկրաինային և օգնում են նրանց հասցնել դրանք թիրախին, Մեդվեդևը հայտարարել է, որ ԱՄՆ- ից և Ուկրաինայից Սևաստոպոլում ռուս ժողովրդի դեմ ստոր ահաբեկչության համար պատասխանատու անձինք այրվելու են դժոխքում:

«Կիևի տականքները որպես թիրախ ընտրում են խաղաղ մարդկանցով լողափը և սեղմում կոճակը,- «RT на русском»ի փոխանցմամբ, գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալը- Եվ նրանք, և ուրիշները կայրվեն դժոխքում: Հուսով եմ՝ ոչ միայն սրբազան կրակի մեջ, այլև ավելի վաղ՝ երկրային»:

Հիմա անդրադառնանք Ռյաբկովի հայտարարությանը՝ «Սևաստոպոլում տեղի ունեցած ողբերգությունն, անշուշտ, չի մնա և չի մնում առանց մեր պատասխանի… »:

ՌԴ փոխարտգործնախարարի այս հայտարարությունից 2 օր առաջ՝ հունիսի 25- ին,  ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտարարել է, Կրեմլում չեն լսել Սև ծովի վրա ԱՄՆ-ի անօդաչուի հետ կապված միջադեպի մասին: Մինչ այդ տելեգրամյան ալիքները հաղորդել էին, որ գիշերը Սև ծովի երկնքում միջադեպ է տեղի ունեցել ամերիկյան «Global Hawk» ԱԹՍ- ի  հետ:

«Ես, անկեղծ ասած, նման տեղեկություն չունեմ»,- РБК- ի տեղեկացմամբ , պատասխանել է Պեսկովն այն հարցին, թե արդյոք իշխանություններին հայտնի՞ է լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը, որ գիշերը Սև ծովի վրա դրոն են խոցել:

Ամերիկյան անօդաչու թռչող սարքի հետ կապված միջադեպի մասին տեղեկությունը Պեսկովի ճեպազրույցի նախօրեին (հունիսի 24- ին՝ Սևաստոպոլին ամերիկյան հրթիռով հարվածի հաջորդ օրը) հայտնվել էին ռուսական տելեգրամյան ալիքներում, այդ թվում՝ «Fighterbomber» ալիքում: Ըստ վերջինի տվյալների, «Global Hawk»- ը չի պաշտպանել բարձրությունը: Այսինքն՝ օպերատորի սխալ կառավարման կամ տեխնիկական անսարքության պատճառով չափից ավելի ներքև է իջել, շփվել ծովի ջրային մակերեսի հետ և արագությամբ ջրին հարվածելու, ջրի դիմադրության հետևանքով խորտակվել:

ՌԴ Զինված ուժերի ՀՕ՞Պ- ն է խոցել… Դե, իհարկե, ոչ: Մի քանի տասնյակ միլիոն դոլար արժեցող «Global Hawk»- ն այնպիսի ԱԹՍ է, որն իր արտաքին մասում բոլոր կողմերից, բոլոր ուղղություններով ոչ միայն ամեն ինչ նկարահանում է, այլև ընդունակ է այդ տեսանկարահանումն առցանց փոխանցել իրեն կառավարող օպերատորին, հետևաբար եթե «Global Hawk»- ը խոցված լիներ հրթիռով, դա աննկատ չէր մնա ու բավական լուրջ խնդիրներ կստեղծեր Ռուսաստանի համար:

Նույնը չես ասի ռուսական ռադիոէլեկտրոնային պայքարի հզոր միջոցով (ՌԷՊ) ամերիկյան ԱԹՍ- ն խոցելու կամ որսալով, կառավարումը խլելով, ծովի վրա նստեցնելու դեպքում (ինչից հետո այն արագության տակ ջրին շփվելու և երկրի ձգողականության հետևանքով ինքնաբերաբար կխորտակվեր), քանի որ ՌԷՊ- ի ազդեցությունը, ռադիոէլեկտրոնային ալիքներն անտեսանելի են և ՌԷՊ- ի գործադրմամբ ԱԹՍ- ի կործանումն ապացուցել չի լինի:

ԱՄՆ- ն ապացուցել չի կարողանա, եթե նույնիսկ ի վիճակի լինի խորտակված ԱԹՍ- ն Սև ծովից հանել, ինչը գրեթե բացառված է, քանի որ տվյալ վայրում մարտական գործողություններ են ընթանում: ԱՄՆ- ի կամ ՆԱՏՕ- ի նավերը չեն կարողանա մոտենալ ռուսական ռազմանավերին, որոնք, կարծում ենք, ամերիկյան ԱԹՍ- ն ծովից արդեն հանել են կամ կհանեն շուտով:

Ուշագրավ է, որ ԱՄՆ- ի և Ռուսաստանի իշխանությունները վերջին օրերին Սև ծովի վրա ամերիկյան ԱԹՍ- ի մասնակցությամբ որևէ միջադեպի մասին չեն հայտնել: Դա թե՛ առաջինի, թե՛ երկրորդի պարագայում լիովին հասկանալի է, քանի որ ամերիկյան իշխանությունները հայտարարելով իրենց թանկարժեք կորստի մասին, խայտառակ կլինեին՝ հանրությանը վկայելով ռուսական հակաքայլի նկատմամբ իրենց անզորության մասին: Հետևաբար նախընտրել են լռել ու թաքցնել:

Ինչ վերաբերում է ՌԴ իշխանությունների լռությանը, ապա դա ինքնին հասկանալի է՝ եթե ամերիկյան իշխանությունները չեն հայտնում, իրենք ինչո՞ւ հայտնեն՝ վկայելով, որ տեղյակ են կատարվածին, և եթե տեղյակ են, թերևս նաև հարցեր առաջացնելով, որ միգուցե առնչություն ունեն կատարվածի հետ:

Դատելով ամենից, ԱՄՆ- ին Ռուսաստանի պատասխանը միայն «Global Hawk»- ի կործանումը չէ, որ կարող էր լինել անցած օրերին: Միացյալ Նահանգներն էլ, իր հերթին, Սիրիայում մի խորամանկ քայլով փորձել է վնաս պատճառել Ռուսաստանին, ինչը, բարեբախտաբար, չի ստացվել:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան