«Մեր գերիները Բաքվի բանտերում պայքարում են անկախության համար»-ը ուժի մե՞ջ է, թե՞ «Արցախը Հայաստան է և վերջ»-ի ճակատագրին է արժանացել

Խելագարվելու իրականություն է-Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցները, մեր եղբայրները ԳԵՐԻ չեն, այսպես են կարծում Ադրբեջանի իշխանությունը և… Հայաստանի իշխանությունը:

Ինձ «սուտ հանելու» հանձնարարականը կատարելիս, քպ-ականները տարբեր հարթակներից պնդում են, որ բոլոր գերիները վերադարձել են:

Ես իհարկե կարիք չունեմ քաղաքականապես ձախողված քպ-ներին պատասխանելու, այլ փոխարենը հարցեր ունեմ իրենց քաղաքական տիրոջը՝

– Հենց այս պահին Բաքվի բանտերում պահվող 23 հայ մարդիկ, ըստ իրենց՝ գերի ե՞ն, թե գերի չե՞ն,

– Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության 8 գերեվարված ներկայացուցիչները գերի՞ են, թե գերի չե՞ն,

– Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հայրենադարձման համար ի՞նչ աշխատանք է կատարվում ձեր կողմից և ո՞ր հարթակներում,

– Ադրբեջանական բանտում գտնվող և ըստ Ադրբեջանի դատարանի վճիռի «ահաբեկչության, անօրինական զենք պահելու և պետական սահմանն անօրինականորեն հատելու համար» դատապարտված մեր եղբայրները գերի չե՞ն,

– Ի՞նչ աշխատանք է տարվում ձեր կողմից նրանց արդարացման և շուտափույթ վերադարձի համար և ո՞ր հարթակներում,

– 2021 թ. հունիսին՝ գերիների 1-2 ամսից խոստացված վերադարձը որոշակի խմբի համար կայացավ 2023 թ. դեկտեմբերին՝ 30 ամի՞ս անց, դուք ազնի՞վ եք,

– Ի վերջո, «մեր գերիները Բաքվի բանտերում պայքարում են անկախության համար» նախադասությունն ուժի մե՞ջ է, թե՞ «Արցախը Հայաստան է և վերջ»-ի ճակատագրին է արժանացել:

Հ.Գ. Ի դեպ, Սրբազանը նախկին չի լինում, որքան էլ շատ սիրեք «նախկին» բառը, Բագրատ Սրբազանի/Bishop Bagrat Galstanyan-ի մասին հանձնարարական իջեցնելիս ջնջեք այդ բառը WhatsApp-ի չատից:

Նաիրա Կարապետյանի ֆեյսբուքյան էջից