Բագրատ Սրբազանի իրական ֆենոմենը. Mediamax

Mediamax –ը գրում է. «Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը չի մարում, որքան էլ հակառակը պնդեն իշխող ուժի ղեկավարը, նախարարները և պատգամավորները: Իմ կարծիքով, չմարելու կարևոր պատճառներից մեկն այն է, որ Բագրատ Սրբազանը փոխում է շատերիս պատկերացնումներն այն մասին, թե ինչպիսին պետք է լինի եկեղեցին (կամ՝ կարող էր լինել վերջին տասնամյակների ընթացքում):

Թերևս, սխալված չեմ լինի, եթե պնդեմ, որ առաջին անգամ ենք տեսնում բարձրաստիճան հոգևորականի, ում հետ հարաբերվելիս չենք բարդույթավորվում այն բանից, որ նա արքեպիսկոպոս է (պատկերավոր ասած՝ «եկեղեցական գեներալ»), իսկ մենք՝ «հասարակ մահկանացուներ»: Դա ավելի ցայտուն է դառնում, երբ իրական (կոչումով) գեներալը՝ Զինված ուժերի շտաբի պետը, անկարող լինելով քողարկել սեփական անզորությունը, ինքնահաստատվում է՝ կոպտելով լրագրողներին:

Բագրատ Սրբազանը ցույց է տալիս, որ սովորական մարդ է, որը ունի հույզեր, որը կարող է հոգնել կամ տրամադրություն չունենալ: Սիրում է հումոր անել, ու միշտ չէ, որ կատակները տեղին կամ հաջող են ստացվում: Քաղաքական գործընթացներում մեծ փորձառություն չունենալով՝ չի կաշկանդվում ընդունել սեփական վրիպումները կամ խոստովանել սխալ արված մեջբերումները: Միևնույն ժամանակ, քաղաքական պայքարի մեջ մտնելով, չի խուսափում կոշտ որակումներ տալ և «Ա»-ն ասելով՝ ասում է նաև «Բ»-ն:

Իշխանական քարոզիչները և լրատվամիջոցները Բագրատ Սրբազանին համառորեն կոչում են իր աշխարհիկ անունով՝ Վազգեն Գալստանյան: Կարծում եմ՝ նպատակը հստակ է՝ փորձել ամեն կերպ չեզոքացնել հասարակության մեջ սկիզբ առնող այն ընկալումը, որ եկեղեցին կարող է ներկայանալ Բագրատ Սրբազանի դեմքով:

Անկախ հանգամանքից, թե ինչպիսի ավարտ կունենա քաղաքական պայքարը, որը առաջնորդում է Բագրատ Սրբազանը, մեկ բան հստակ է՝ նա ցույց է տալիս, թե ինչպես պետք է հարաբերվի եկեղեցին հասարակության հետ: Ոչ թե հանդես գա որպես ընտրյալ և «էլիտար» մեկը, այլ ներկայանա անկեղծ խոսքով և պարզ երեսով: Սա արդեն մեծ հաջողություն է: Եվ հենց այս հաջողությունից են սարսափում տարատեսակ փոխնախարարները, որոնք իրենց բան ու գործը թողած, ամեն օր գրառումներ են անում «միջնադարի վերադարձի» մասին»: