Նախիջևանում հայկական ժառանգության ոչնչացումն այլևս փաստագրված է

Կովկասյան պատմամշակութային ժառանգության պահպանության կազմակերպությունը, օգտագործելով արբանյակային բարձրորակ պատկերները, փաստագրել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն հայկական մշակութային ժառանգության վայրերը: 1970-80-ական թթ. ամերիկյան գաղտնազերծված արբանյակային պատկերները համեմատվել են 1930-1990 թթ. խորհրդային տեղագրագետների կողմից ստեղծված քարտեզների և արբանյակային ժամանակակից պատկերների հետ: Այս մասին գրում է «Գեղարդ Հիմնադրամ»-ը:

Գնահատելով Նախիջևանում եղած պատմական, ճարտարապետական, հոգևոր և այլ հուշարձանների (նաև՝ գերեզմանոցների) ներկայիս վիճակը`հետազոտողները փաստում են, որ 1997-2011 թթ. ընթացքում Նախիջևանում ավերվել են միջնադարյան և վաղ շրջանի 108 հայկական վանքեր, եկեղեցիներ, գերեզմանոցներ և պատմամշակութային այլ կոթողներ, որոնք Նախիջևանի հայկական մշակութային ժառանգության տեղորոշված վայրերի 98 տոկոսն են կազմում:

Հայկական մշակութային կոթողների համակարգված գաղտնի ոչնչացումը Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունն է։

2005 թ., երբ շոտլանդացի ճանապարհորդ Սթիվեն Սիմը մեկնել է Նախիջևան՝ ուսումնասիրելու հայկական հուշարձանների վիճակը, ձերբակալվել է իշխանությունների կողմից, այնուհետև` վտարվել երկրից:

Մեկ տարի անց՝ 2006թ. օգոստոսին, Ադրբեջանը արգելել է Եվրախորհրդարանի պատվիրակության մուտքը Ջուղա (վերջիններս պետք է գնահատեին Ջուղայի հայկական գերեզմանատան վիճակը), իսկ 2011 թ.` մերժել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզային մուտք գործել նույն տարածք:

Ըստ 2021 թ-ին հրապարակված զեկույցի հեղինակների` Նախիջևանի հայկական հետքի ոչնչացումն այժմ փաստագրված է: Վերջիններս կոչ են անում, որ միջազգային կառույցները, որոնք լիազորված են պահպանել համաշխարհային մշակութային ժառանգությունը (ՅՈՒՆԵՍԿՕ, ԻԿՕՄՕՍ և այլն), դատական որոշումներ կայացնեն այդ առնչությամբ: «Հիմքեր կան վախենալու, որ Նախիջևանում մշակութային ոչնչացման քաղաքականությունը կիրականացվի նաև Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում»,-նշվում է Կովկասյան պատմամշակութային ժառանգության պահպանության կազմակերպության զեկույցում։

Ադրբեջանական իշխանությունները տարիներ շարունակ ամեն կերպ փորձում էին թաքցնել Նախիջևանում իրականացված վանդալիզմը և տարածել այն կեղծ թեզը, թե Նախիջևանում երբևէ հայեր չեն ապրել, և հայկական պատմամշակութային որևէ հուշարձան չի եղել:

Սակայն ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ ապացուցվել է, որ Նախիջևանում տեղի է ունեցել մշակութային ցեղասպանություն: Համապատասխան կառույցների կողմից պատժիչ քայլեր չիրականացնելու դեպքում նույն ճակատագրին կարժանանան նաև Արցախում հայկական մշակութային կոթողները: Սա նաև համաշխարհային սպառնալիք է, քանի որ նախադեպ կարող է հանդիսանալ ցեղասպան այլ ռեժիմների համար: